Home / Հայաստան / Հայաստանցի փաստաբանները հրաժարվում են մեկնել Ստեփանակերտ

Հայաստանցի փաստաբանները հրաժարվում են մեկնել Ստեփանակերտ

ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ Էդմոն Մարուքյանը և Կարեն Թումանյանը հայտարարել են, որ հրաժարվելու են մասնակցել Ստեփանակերտում անցկացվող դատական նիստերին մինչև ՀՀ դատական իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք չերաշխավորեն ԼՂՀ գտնվելու ժամանակ իրենց անվտանգությունը: Այս մասին ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով 2011 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Դավթյանի նախագահությամբ Ստեփանակերտ քաղաքում քննվող Մանվել Հազրոյանի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճռի հրապարակման և դրանից հետո տեղի ունեցած միջադեպերը, որոնց վերաբերյալ մեր կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին:

Նկատի ունենալով, որ 2011 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել մեր պաշտպանյալին և բռնություն գործադրել փաստաբանի նկատմամբ, որի վերաբերյալ մենք 2011 թվականի օգոստոսի 4-ին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և պահանջել ենք` Մանվել Հազրոյանին անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետներին և հարուցել քրեական գործ: Չնայած նրան, որ նշված դեպքը լուսաբանվել է նաև լրատվամիջոցներով, նշված պահանջները մնացել են թղթի վրա:

Հայտարարում ենք, որ 2011 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Աթանյանի կողմից Ստեփանակերտ քաղաքում նշանակված Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում սպանված Գևորգ Կոծինյանի թիվ 91250515 քրեական գործով դատաքննությանը որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ չենք կարող մասնակցել, քանի որ Ստեփանակերտ քաղաքում անցկացվող դատական նիստերին դատավարության կողմերի, մասնավորապես, Հայաստանից ժամանած փաստաբանների անվտանգությունն ապահովված չէ: Մեր մասնակցությունը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում իրականացվող ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերին կապահովենք այն ժամանակ, երբ ՀՀ դատական իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք կերաշխավորեն ԼՂՀ գտնվելու ժամանակ մեր անվտանգությունը», – ասված է հայտարարության մեջ;