Հայ Ազգային Կոնգրեսի և կոալիցիոն իշխանության պատվիրակության այսօր կայացած 4-րդ հանդիպումից հետո կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԱԿ-ի անցած հանդիպմանն արված հայտարրությանը, որը վերաբերում էր հանրահավաքների ժամանակ միջքաղաքային տրանսպորտի աշխատանքի խոչընդոտներին և Կոնգրեսի երիտասարդների վրա հարձակմանը, որը տեղի է ունեցել «Նաիրի» կինոթատրոնի մոտ հուլիսի 27-ին:
Հարությունյանն ասել է, որ իրենց պատվիրակությունը, ինչպես և ինքը խոստացել էր, կատարել է համապատասխան ուսումնասիրություն:
Կապված երիտասարդների վրա հարձակման հետ, Հարությունյանը նշել է, որ միջադեպի առնչությամբ ընթանում է հետաքննություն, այսինքն` օրենքով նախատեսված գործընթաց է իրականացվում:
«Տրանսպորտի հետ կապված մենք ներկայացրեցինք որոշակի տարակուսանք, քանի որ փաստաթղթում [ՀԱԿ-ի ներկայացրած] որոշ դեպքերում ներկայացված են իրարամերժ տեղեկություններ: Մասնավորապես, միաժամանակ նշված էր, որ այս քաղաքում տրանսպորտ չի աշխատել և միաժամանակ մի քանի էջ անց նշված է, որ այդ քաղաքից աշխատել է: Այնուամենայնիվ, որոշ նման դեպքեր եղել են նախորդ հանրահավաքի օրը, և այդ կապակցությամբ գործադիր իշխանությունը ձեռնարկել է վարչական պատասխանտվության միջոցներ, վարչական վարույթ: Ավելին` մենք նաև երաշխավորեցինք, որ մենք կիրականացնենք մեր կողմից ևս մոնիտորինգ հաջորդ հանրահավաքի օրը, որպեսզի տեղեկատվությունը լինի հնարավորինս ճշգրիտ»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
Նա նշել է, որ գործադիր իշխանությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի տրանսպորտի աշխատանքի որևէ խափանում չլինի:
«Իհարկե, որոշ դեպքերում խափանումներ լինում են, բայց հատուկ ուշադրություն կլինի, որ այդ օրը խափանում չլինի` հաշվի առնելով հարցի որոշակի քաղաքական երանգը, որն այսօր առկա է»,- ասել է Հարությունյանը: