Home / Հայաստան / Երևանի ստորգետնյա անցումները կնորոգվեն և կլուսավորվեն, խոստանում է քաղաքապետը

Երևանի ստորգետնյա անցումները կնորոգվեն և կլուսավորվեն, խոստանում է քաղաքապետը

Երևանի համաչափ զարգացումն առաջիկա տարիներին ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ գործողությունների հստակ ծրագիր. այօսր աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը`  հանձնարարելով բոլոր ոլորտների մասով առաջիկա երեք տարիների համար ներկայացնել զարգացման ծրագրեր:

«Օրվա խնդիրներին լուծում տալուց բացի, մենք պետք է հստակ պատկերացում կազմենք նաև, թե ինչպես է զարգանալու մեր քաղաքը վաղը»,- ասել է Կարապետյանը:
Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն մեկնարկել են կամարների բարեկարգման աշխատանքները:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակված ծրագրի համաձայն` առաջիկայում բարեկարգ տեսք կստանան նաև ստորգետնյա անցումները:

Անցումների բարեկարգման ծրագրի մասով հայտարարված մրցույթներով հավանական ներդրողներին են ներկայացվել պայմանները, համաձայն որոնց կնորոգվեն ու կլուսավորվեն տարածքները, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը,  նաև առևտրային տաղավարներ կառաջարկվեն գործարարությամբ զբաղվող քաղաքացիներին:
Զեկուցվել է, որ «Էլեկտրոնային քաղաք» ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է հուշարձանների, պատմական ու ճարտարապետական շենքերի մոտ «էլեկտրոնային էքսկուրսավար» պայմանական անվանումով ծրագրի ներդրման գործընթացը: Մայրաքաղաքի 5 արձանների մասին արդեն կարելի տեղեկատվություն ստանալ հենց տեղում` համապատասխան սարքից, ինտերնետ կապի միջոցով: