Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի կազմն Անդորրայի խաղից առաջ հայտնի է

Հայաստանի հավաքականի կազմն Անդորրայի խաղից առաջ հայտնի է

Հայաստանի ազգային հավաքականն այսօր Եվրո-2012-ի ընտրական փուլում իր հերթական հանդիպումն է անցկացնելու: Երևանի ժամանակով 21:00-ին Վարդան Մինասյանի տղաները Անդորրայում-լա-Վելյայում մրցելու են Անդորրայի հավաքականի հետ:

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վարդան Մինասյանը խոսել է հիմնական կազմում այն դիրքերի մասին, որոնք այսօր խնդիր են Հայաստանի հավաքականի համար:

Մասնավորապես, նա նշել է, որ վնասվածք ստացած Ռոբերտ Արզումանյանի փոխարեն հիմնական կազմում Հրայր Մկոյանի կողքին կխաղա Վարելի Ալեքսանյանը, ով հանդես է գալիս իրանական «Սանատ Նաֆտ» ակումբում:

Մինասյանը նաև նշել է, որ աջ կիսապաշտպանի դիրքում առաջին րոպեներից կխաղա Էդգար Մանուչարյանը: Հիշեցնենք, որ նախորդ` Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղում այդ դիրքը զբաղեցրել էր Լևոն Պաչաջյանը, իսկ Մանուչարյանը նրան փոխարինեց երկրորդ կեսում:

Մյուս դիրքերում Հայաստանի հավաքականի կազմը պարզ էր: Դարպասապահ Ռոման Բերեզովսկուց աջ կխաղա Սարգիս Հովսեփյանը, իսկ ձախից Լևոն Հայրապետյանը, հենակետային գոտում Կառլեն Մկրտչյանը և Հենրիխ Մխիթարյանը, կիսապաշտպանությունում ձախից Գևորգ Ղազարյանը, ենթահարձակվողի դիրքում Մարկոս Պիզելին և հարձակվողի դիրքում Արթուր Սարկիսովը, ով պետք է փոխարինի որակազրկված Յուրա Մովսիսյանին: