Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – 9 տարվա ազատազրկում` դատարանի շենքում ինքնասպանության փորձ գործած երիտասարդին

ՏԵՍԱՆՅՈՒԹ – 9 տարվա ազատազրկում` դատարանի շենքում ինքնասպանության փորձ գործած երիտասարդին

Այսօր, ժամը 12:00-ին Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2009 թվականիի ընթացքում մի քանի ավազակային հարձակումներ իրականացնելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի գործով դատական նիստը:

Ինչպես հաղորդում է Հելսինկյան ասոցիացիան, դատական նիստին ներկա չէր Ա. Մարտիրոսյանի օրինական ներկայացուցիչ Օֆելյա Մարտիրոսյանը՝ նրա մայրը, (կալանավորման պահին Մարտիրոսյանը եղել է անչափահաս) վատառողջ լինելու պատճառով:

Պաշտպանական կողմը պահանջել է դատական նիստը շարունակել միայն Մարտիրոսյանի օրինական ներկայացուցչի ներկայության դեպքում, ինչին դատավորը պատասխանել է, որ ամբողջ դատավարության ընթացքում դատարանը ապահովել է ամբաստանյալի օրինական ներկայացուցչի ներկայությունը, ով հանդես է եկել պաշտպանական ճառով, և այժմ դատարանը գտնում է, որ կարող է դատական նիստը շարունակել առանց  Մարտիրոսյանի օրինական ներկայացուցչի ներկայության: Հելսինկյան ասոցիացիան նշում է, որ դա օրենքի կոպիտ խախտում է:

Արմեն Մարտիրոսյանը նույնպես դատարանին խնդրել է հետաձգել դատական նիստը, քանի որ վատառողջ է և առանց իր օրինական ներկայացուցիչի ներկայության չի ցանկանում ներկայացնել իր պաշտպանական ճառը:

Դատավորը հետևյալ պատասխանն է տվել. «Ձեր իրավունքները Ձեզ բացատրվել են, և Դուք հրաժարվում եք պաշտպանական ճառից»:

Նույն խոսքերը դատավորն ասել է մյուս 2 ամբաստանյալներին, ովքեր նույնպես հրաժարվել են մասնակցել անօրինական դատավարությանը: Բոլոր 3 ամբաստանյալներն էլ իրենց վերջին խոսքում իրենց մեղավոր չեն ճանաչել առաջադրված մեղադրանքով:

Դատավորը հրապարակել է դատավճիռը, համաձայն որի՝ Կարեն Կարապետյանին դատապարտել է 12 տարվա, Արմեն Մարտիրոսյանին՝ 9 տարվա, Պետրոս Հակոբյանին՝ 11 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանի մայրը` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել էր Հելսինկյան ասոցիացիա և հայտնել իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա ասել էր, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով:

Արմեն Մարտիրոսյանը դատավարության ընթացքում երեք անգամ փորձել է ինքնասպանություն գործել, մեկ անգամ այդ դեպքը տեղի է ունեցել դատարանի շենքում: