2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի գործը չի բացահայտվում, որովհետև Հանրապետության նախագահը չի ցանկանում, իսկ զինվորական դատախազությունը` զինդատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ, շրջելով զորամասերում և հանդիպելով մահացած զինվորների ծնողներին, պարզապես թատերական ներկայացում է տալիս:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է 2007թ. օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը: Համաձայն պաշտոնական վարկածի` Տիգրան Օհանջանյանը հպվել է ալեհավաքի ամրալարերին ու հոսանքահարվել: Ըստ զոհված զինվորի ծնողների` իրենց որդու մահվան մեջ մեղավոր է սպայական անձնակազմը:
Սուրեն Օհանջանյանը մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել հետաքննության ընթացքից:
Նա խիստ կարևորել է այն փաստը, որ, չնայած մինչ այժմ քննությունը չի կարողանում հստակ բացահայտել զինվորի մահվան վայրը, այնուամենայնիվ, գործը վարող դատախազներից և ոչ մեկը չի ցանկանում հարցաքննել ենթադրյալ դեպքի վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա գտնվող թիկնապահների սենյակում այդ ժամանակ գտնվողներին, ովքեր գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի թիկնապահներն են եղել:
«Ես քաղաքական գործերով չեմ զբաղվել, բայց հիմա արդեն ստիպված եմ, ես մտածում եմ, որ էդ թիկնապահներին, էդ հանցագործների չեն պատժում, որպեսզի հաջորդ Մարտի 1-ն իրականացնեն», – հայտարարել է զինվորի հայրը:
Այժմ Օհանջանյանը դիմել է Վճռաբեկ դատարան, քանի որ սույն թվականի սեպտեմբերի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է իրենց հայցը՝ համարելով, որ Սևանի կայազորի զինվորական դատախազության նախկին ավագ դատախազ Գնել Մանուկյանի դեմ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Օհանջանյանի կողմից ներկայացրած հայցի քննությունից պարզվել է, որ հանցակազմը բացակայում է: Զոհված զինծառայողի ծնողները պահանջում էին պատժել դատախազին իրենց որդու գործի քննության ընթացքում օրինախախտումներ կատարելու համար:
«Մենք էլ չգիտենք` ինչ անենք, էս Վճռաբեկի որոշումից հետո արդեն դիմելու ենք եվրոպական դատարան»:
Տեսանյութը` այստեղ