Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյան. Սա կոմպյուտերային խաղ չէ… (թարմացված)

Նիկոլ Փաշինյան. Սա կոմպյուտերային խաղ չէ… (թարմացված)

20:42 Նիկոլ Փաշինյան. Ես դիմում եմ մոնիտորների առաջ հանրահավաք դիտողներին: Եկե’ք հրապարակ, սա կոմպյուտերային խաղ չէ:

Շաբաթ օրը հանրահավաքին հաջորդում է երթ, անցնելու ենք կենտրոնական փողոցներով:

20: 12 Հարց. Ձեր ելույթներից մեկում ասել եք, որ ցեղակրոնությունը ռասիզմի համարժեքն է: Նժդեհականության գաղափարախոսության Ձեր գնահատականը:

Տեր-Պետրոսյան. Ես ուսումնասիրել եմ Նժդեհի ողջ հրապարակախոսական փիլիսոփայական գաղափարախոսությունը: Նրան ես համարում եմ հայ ժողովրդի մեծագույն հերոսներից և երախտավորներից մեկը: Ես կարդացել եմ բոլոր ականավոր դաշնակցական գործիչների հրապարակախոսությունները` Ռուբեն Տեր-Մինասյան, Սիմոն Վրացյան, Ավետիս Ահարոնյան, Լևոն Շանթ: Ես կարող եմ մրցել բոլոր Հայաստանի ականավոր դաշնակցականների հետ, նրանցից ոչ մեկը չգիտի իմ կարդացածի կեսը:

Նժդեհի ուսմունքը եղել է ժամանակավոր թյուրիմացություն: Նժդեհի մեծագործությունը հայրենապահպանությունն է: Շատ քիչ մարդկանց է հաջողվել հայրենիք պահել… (Հարթակին մոտ կանգնած հանրահավաքի մանսակիցներից մեկն իրեն վատ է զգում: Ընդդիմության առաջնորդը դադարեցրեց ելույթը, խնդրեց բժիշկ հրավիրել):

Հայաստանը Զանգեզուրի  փրկության համար պարտական է Անդրանիկին ու Նժդեհին: Ահա, թե որն է Նժդեհի մեծությունը: Իսկ ՀՀԿ-ի համար այս բանը գոյություն չունի: Նրանց համար Նժդեհի արժեքը նրա գործը չէ, այլ ուսմունքը, որից հետագայում Նժդեհը հրաժարվեց, իսկ ՀՀԿ-ն շարունակում է առաջնորդվել այդ մոլորությունով: Նժդեհը միակ մարդն էր, որ առանց ռեալ գործի չէր կարող հանգիստ նստել: Նա գործ էր փնտրում, ոչ թե խոսք: Ոչ թե հրապարակախոսություն… Մինչ 1920 թվականը նա օգտագործում էր երկու բառ` հայրենասիրություն և հայրենապաշտություն: Այնուհետև Եվրոպայում տարածվեց ազգապաշտության գաղափարախոսությունը, շատերը տարվեցին այս գաղափարախոսությունով, դրանցից մեկը Նժդեհն էր: 1927-ից սկսած նրա հրապարակախոսության մեջ հայտնվում է ցեղապաշտությունը և ցեղակրոնությունը:

Տեր-Պետրոսյանը ներկայացնում է ռասիզմի և ֆաշիզմի գաղափարախոսությունը և նշում հետևյալը. Փաստորեն, այս կուսակցությունը, ոչ միայն զբաղված է Նժդեհի անունը նսեմացնելով, այլ երկիրը խայտառակելով: Այդ կուսակցությունը գործով ֆաշիստական կուսակցություն է, ուրիշ ոչինչ: Ես նրանց խորհուրդ կտամ. մի ապականեք Նժդեհի սուրբ անունը, հանեք ձեր ծրագրից նրա ուսմունքը:

20:10 Հարց. Դուք նույնպես 1996 թվականի կեղծված ընտրությունների արդյունքով եք ընտրվել նախագահ և աթոռը խլել Վազգեն Մանուկյանի ձեռքից:

Տեր-Պետրոսյան. Ես կոնտր հարց եմ ուզում ուղղել: Այդ ինչպես է, որ Վազգեն Մանուկյան ընտրյալ նախագահը 1998 թվականին ստացավ 13 տոկոս ձայն: Ավելին` դրանից հետո նա իր ընտրողներին կոչ չարեց իր ձայները տալ Կարեն Դեմիրճյանին, դրանով Ռոբերտ Քոչարյանին մատուցեց նույն ծառայությունը ինչ-որ Գեղամյանն իր տաս տոկոսով չարեց Դեմիրճյանի համար:

20:00 Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանում է ստացված հարցերին.

Հարց. Երրորդ Հանրապետության մեջ առաջին անգամ մենաշնորհ է տրվել ձեր նախագահության ժամանակ` «Արմենտելի» մենաշնորհը,  ինչ-որ անձ փոխանցել է քսան հինգ միլիոն դոլար:

Տեր-Պետրոսյան. Սա այն նույն կեղծիքի ժանրից է, երբ մի փոքր ժամանակները խառնում են: «Արմենտելի» գործարքը ստորագրվել է իմ նախագահի պաշտոնից հրաժարականից հետո Ռոբերտ Քոչարյանի կողմից: Եթե այս գումարի պատմությունը ճիշտ է, պիտի փնտրեք ուրիշ տեղ: Ինձ էին վերագրում նաև կոնյակի գործարանի գործարքը: Այն նույնպես ստորագրվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք:

19:49 Զուրաբյանը խոսում է Հայաստան-Մակեդոնիա խաղի մասին. Քանի որ մենք բոլորս մեր հավաքականի խաղին հետևելու ենք և ամեն ինչ անելու ենք, որ մեր հավաքականը հաղթի, վաղը մենք անելու ենք մինի-միտինգ`  18. 30-ին: Սա մի փոքր ժեստ է մեր կողմից: Շաբաթ օրը, որ մեր հանրահավաքի վերջին օրն է հայտարարված, պետք է բոլորով հավաքվենք այստեղ, որ կարևոր որոշումներ կայացնենք:

19:45 Զուրաբյանն ասում է, որ շատ քաղաքական գործիչներ ասում էին` կսկսի, կմիանան: Սկսել է, դե միացեք:  Դրանք ընդամենը փոքրոգի վախկոտ դեմագոգներ են: Բոլոր քաղաքական ուժերը պետք է հասկանան. ժողովուրդն ամեն ինչ արձանագրում է իր հիշողության մեջ, ժողովրդին հնարավոր չէ խաբել փիառ գործողություններով: Ժողովուրդը Կոնգրեսից չի խռովում, քանի որ մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ: Իսկ բոլոր այն ուժերի հետ, որոնք այս մոտեցումն ունեն, պատրաստ ենք համագործակցել այս հրապարակում:

19:40 Լևոն Զուրաբյանը նշում է, որ դիտորդական մեծ առաքելություն է ուղարկվելու հայաստանյան ընտրություններին:

19:34 Լևոն Զուրաբյանն անդրադառնում է ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևին.

Այն նախագիծը, որը Մոնիտորինգային հանձնաժողովի կողմից ներկայացվել էր, ուղղակի խայտառակություն էր: Կոնգրեսը դատապարտել է այդ հայտարարությունը, որը շատ լուրջ ազդեցություն ունեցավ: Ունեցանք երեք փոփոխություն. մարտի մեկի էջը փակված է համարվում, բայց պետք է շարունակվի տասը սպանությունների բացահայտումը: 

(Այս պահին հրապարակ են մտնում Աբովյանից, Չարենցավանից, Հրազդանից երթով եկած քաղաքացիները, ովքեր Աբովյանի մոտից ոտքով հասել են Երևանի կենտրոն):
19:26 Արամ Մանուկյանը դարձյալ տոպրակի մեջ ՀՀԿ-ի շարքերից դուրս եկած մարդկանց տոմսերն է ցույց տալիս հավաքվածներին:

19: 14 Կարապետյան. Արդյոք մարտի մեկի էջը փակ է: Փակողը տարբեր վեհաժողովները չեն: Այլ մենք` ՀՀ ժողովուրդը: Վեհաժողովը չէ որ վերանվաճեց Ազատության հրապարակը, այլ մենք: Մնացած բոլոր մեր նպատակներին էլ մենք կհասնենք մեր ուժերով:

19:10 Վլադիմիր Կարապետյանն անդրադառնում է ԵԽԽՎ-ի կողմից երեկ ընդունված Հայաստանի վերաբերյալ բանաձևին, որում նշվում է, որ մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել:

19:02 Նիկոլ Փաշինյանը կոչով է հանդես եկել` ուղղված անտարբեր քաղաքացիներին:

Փաշինյան. Հույս չունենաք, թե ձեզ թույլ կտամ, որ դուք ապրեք սերիալների թմբիրի մեջ: Ես գալու եմ ձեր տուն, դուրս անեք տնից, պատուհանով եմ ներս մտնելու և անհոգնել ընթերցելու եմ մեկ գումարած մեկի իմ ուղերձը: Նա պիտի գիտակցի, որ ինքը ՀՀ քաղաքացի է այլ ոչ թ օլիգարխիայի հարճը: Նա իր նախնիների առաջ պատասխանատու է:

19:00 Սեպտեմբերի 30-ից մեկնարկած Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքային շարքից հերթականը սկսվել է: