Home / Հայաստան / Երբ ես-ը անհատականություն չէ. Հայաստանում մշակութային կայք բացեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երբ ես-ը անհատականություն չէ. Հայաստանում մշակութային կայք բացեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Խնկո-Ապոր գրադարանում կայացավ arteria.am մշակութային կայքի շնորհանդեսը: Կայքը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, իսկ կայքի բովանդակության համար պատասխանատու է «Հայ գրքի կենտրոն» հ/կ-ն:

«Մշակութային քննադատական կայքի գաղափարը ոչ օրակարգային է և ոչ էլ խիստ սպասված, պարզապես հրատարկվող գրքին և կազմակերպվող ցուցադրությանը, կինոէկրանի պաստառի և բեմից թափվող երաժշտությանը կամ փողոցով տողանցող ցուցանակներին, հաստատությունների պատերի գրություններին, քաղաքային տրանսպորտում թևավորվող խոսակցություններին հետամուտ ակտիվացող արձագանքն է, որ ուզում է կերպ առնել ու հնչել որպես մեկնաբանություն կամ քննադատություն», – ասված է նախագծի մասին պատմող կայքում տեղադրված բաժնում:

Տեքստի հեղինակները նշում են, որ ընդհանուր «մշակույթ» և/կամ «ազգային մշակույթ» անվանումների տակ օր օրի անհետանում են բոլոր տարբերությունները, ջնջվում են գույները, խզվում են ձայները, ես-երը դադարում են անհատականություններ լինելուց, քանի որ նույն երևույթին երկու կամ ավելի հայացքով նայելը անթույլատրելի է:

«Մեկության ու բացառիկության պահանջն է: Մինչդեռ ակտիվացող արձագանքը բացում է հնարավորությունը անջատումների, բազմակիացող մեկերի, որոնց հայացքի թափանցումի մեջ լուսարձակվում են տարբերակիչ նրբություններն ու երանգներն առավել, քան տիրապետող մտքերի վերևից ներքև իջնող հռնդյունները:

Օրակարգային է մնում, սակայն, այդ եզակի նրբերանգներով տարբերակվածների փոխկանչի հնարավորությունը, որը հայտնվում է որպես անջատման-միացման թարթում: Որքա՞ն մոտիկությամբ կամ որքա՞ն շիկացումներով են հնարավոր դառնում այդ թարթումները. արդյո՞ք ընդհանուր մտահոգությունները բավարար նախապայման են, առանձին խնդիրների հետամուտ, ձգտել հասնելու այսօրը որպես իրականություն ընկալելու բերկրության: Ինչպես եւ: Օրակարգային է մնում նաեւ լոկալության զգացումը. հնարավո՞ր է արդյոք տեղական խնդիրները պատկերացնել առավել մեծ չափումների, ընդհանուր մեծ պրոցների մեջ:

Հարցերի անվերջություն, ի վերջո, որոնք խնդրական են դառնում հենց որ հայտնվում է բախումը, դրանց հետ հարաբերվելու ցանկությունը: Եւ այդ պահերին գործող ճկունության կամ ուղղափառության շնորհիվ նորանոր ռազմավարություններ են ի հայտ գալիս, որոնք կարող են վերաճել մեթոդաբանության` իրականությունը վերակազմակերպելու, կամ ոչ: Պատասխաններից առավել հարցերի որոշակի շրջանակը եւ դրանց մոտենալու մեթոդաբանություններն են սկսում դառնալ առավել հետաքրքիր, ինչու ոչ` կարեւոր նաեւ: Դիտանկյունների փոփոխությունները, ֆիքսումների հաճախականությունն ու անկայունությունը, հռետորական բազմազանությունները իրականությունը տեսնելու ու վերարտադրելու ազատություններ ու հրճվանքներ են մի կողմից: Իսկ մյուս կողմում փոքրիկ արարքներով մեծ աշխարհի շարունակական կառուցմանը մասնակից լինելու պատասխանատվությունն է», – գրում են նոր մշակութային կայքի հեղինակները: