Home / Հայաստան / Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանը ռիսկային չէ, վստահեցնում են պաշտոնյաները

Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանը ռիսկային չէ, վստահեցնում են պաշտոնյաները

Կիրակի օրը Վանի շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո թուրքական մամուլում մի շարք հոդվածներ եղան` կապված Մեծամորի ատոմակայանի վտանգի հետ:

Հայաստանյան պաշտոնյաները, արձագանքելով այդ մտավախություններին, պաշտոնապես հայտարարեցին, որ ատոմակայանին Վանի երկրաշարժը ոչ մի վնաս չի հասցրել և այն ունակ է դիմանալ առնվազն 9 բալ ուժգնության երկրաշարժի:

Դրանից հետո թուրքական մամուլն ուշադրությունը կենտրոնացրեց Թուրքիայի Աքքույու քաղաքում կառուցվելիք նոր ատոմակայանի վրա: Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան գտնվում է սեյսամաակտիվ գոտում` երկրում հարց են բարձրացնում ատոմակայանի անվտանգության մասին:

Երեկ տվյալ հարցով պարզաբանումներ է տվել երկրի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը, ով հավաստիացրել է, որ խուճապի կարիք չկա, իսկ նոր կառուցվելիք ատոմակայանը լինելու է «Թուրքիայի ամենաամուր կառույցը»:

«Թուրքիան օգտագործում է բոլոր միջոցները ռիսկը բացառելու համար», – Յիլդիզի խոսքերը փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Աքքույույի ատոմակայանը կառուցում է ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերությունը: Դրա արժեքն է 20 միլիարդ ԱՄՆ դոլար: Ատոմակայանը կառուցելու աշխատանքները մեկնարկելու են 2013-ին, այն գործարկվելու է 2018 թվականից: