8 օր տևած շուրջօրյա հոկտեմբերյան հանրահավաքներով ավարտվեց գարնանից սկսած այն քաղաքական գործընթացը, երբ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները սկսեցին քայլեր կատարել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների հաստատման ուղղությամբ: Այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքի ընթացքում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Ի՞նչն էր այդ գորընթացի իմաստը: Համաշխարհային փորձը բազմաթիվ օրինակներ ունի, երբ բռնապետական ռեժիմները, սպառելով բռնաճնշումների ռեսուրսը, ստիպված են լինում ազատ արձակել քաղաքական ընդդիմախոսներին բանտերից և հաշվի նստել ժողովրդավարության հաստատման համար պայքարող շարժման հետ: Նման դեպքերում ռեժիմի և ընդդիմության միջև բանակցությունների միջոցով որոշվում են ազատ և արդար ընտությունների անցկացման ժամկետները և մեխանիզմները: Այս մոդելը հայտնի է որպես դեպի ժողովրդավարություն բանակցված անցման մոդել, և կիրառվել է բազմաթիվ երկրներում, ներառյալ Լեհաստանը, Արևևելյան Եվոպայի այլ երկրները, Հարավային Աֆրիկան, Չիլին և այլն: Մենք պարտավոր էինք փորձել այդ տարբերակը, առավել ևս, որ ռեժիմը ինքը համաձայնվեց քննարկել Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդիրը: Սակայն այսօր մենք արձանագրում ենք, որ ռեժիմը, տապալելով երկխոսությամբ համաձայնության գալու որեւէ տարբերակ, կեսճանապարից դադարեցրեց դեպի ժողովրդավարություն տանող գործընթացի իրականացումը», – ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով` նման վիճակում ընդդիմությունն այլ բան չի մնում քան փոխարինել իշխանության կողմից մերժված բանակցային անցումը դեպի ժողովրդավարություն` թավշյա հեղափոխության տարբերակով:
«Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ այլևս մենք որևէ իմաստ չենք տեսնում ռեժիմի հետ բանակցելու մեջ և այսօրվանից սկսում ենք ժողովրդի ճնշման ներքո` Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականը պարտադրելու գործընթացը: Մեր նպատակն է լինելու ժողովրդի այնպիսի մոբիլիզացիայի ստեղծումը, որը երկրի կառավարումը ուղղակի անհնար կդարձնի ներկա հանցավոր վարչախմբի համար: Իշխանությունները արդեն տապալել են երկրի կառավարման բառիս բուն իմաստով բոլոր ոլորտները: Մենք ընդվզման այնպիսի ալիք պետք է բարձրացնենք, որը կաթվածահար կանի իշխող ռեժիմին: Իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման համար կա երկու ճանապարհ կամ գործընթաց, որոնք կարող են նաև զուգորդվել և փոխադարձաբար օժանդակելն միմյանց:
Առաջինը` Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ ժողովրդի ուղղակի ճնշումն է, երբ ժողովրդական զանգվածները հանրահավաքների, ցույցերի, երթերի, պիկետների ահագնացող ալիքով անհնար կդարձնեն ձախողված վարչախմբի գործունեության շարունակությունը և կստիպեն Սարգսյանին հրաժարական տալ: Երկրորդ ճանապարհը` Սահմանադրության 57 հոդվածի համաձայն` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի հարուցումն է Ազգային ժողովում` անհատ պատգամավորների և խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ համապատասխան աշխատանքով և ժողովրդական ճնշմամբ: Այս առումով պետք չէ թերագնահատել այն հանգամանքը, որ անգամ քաղաքական եւ հասարակական այն ուժերը, որոնք մերժողական վերաբերմունք ունեն կամ թերհավատ են արտահերթ ընտրությունների հնարավորության նկատմամբ, ընդունում են, որ Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, ինչը բերելու է լայն ժողովրդական զանգվածների ակտիվացմանն ու ծայրաստիճան քաղաքականացմանը:
Հաշվի առնելով ժողովրդի ակտիվացման և քաղաքականացման այս օբյեկտիվ գործընթացը, իշխանությունների ձախողման համընդհանուր ընկալումը և այդ պատճառով իշխանական բուրգում արդեն անզեն աչքով տեսանելի ճեղքվածքները, կարելի է արձանագրել հետևյալը.
մենք ունենք Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացնելու և Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման իրագործման համար ժողովրդական ընդվզման աննախադեպ ուժգնության ալիքի ստեղծման համար բոլոր անհրաժեշտ գործիքները և նախադրյալները, և մեր գործը պետք է դառնա ազգովին լծվել հռչակված այս նպատակների իրագործմանը», – ասել է Զուրաբյանը: