Երեկ երեկոյան ՀՀԿ-ի խորհրդի նիստից հետո, որի ընթացքում հայտարարվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` պաշտոնից հեռանալու և 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ նշանակվելու մասին, «Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է վերջինիս հետ:
– Պարոն Աբրահամյան, ճի՞շտ է, որ հրաժարականի դիմում եք գրել:
– Վաղը մամուլի ասուլիս եմ տալու, կասեմ ամեն ինչ:
– Չէ, հիմա ասեք:
– Հայտարարություն եմ արել, այո, կուսակցությունը որոշում է կայացրել, առաջարկել է ինձ նախընտրական շտաբի պետ, ես էլ առաջարկել եմ, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թողնեմ, զբաղվեմ նախընտրական շտաբը ձևաորելով:
– Ո՞վ է Ձեզ փոխարինելու:
– Նման հարց չենք քննարկել, որովհետև դա պրոցես է, միչև ամսվա վերջ գնալու է դեռ: Ամսի 14-ին նիստ ունենք, 14-ին կներկայացնեմ իմ հրաժարականը և, երևի մինչև ամսի 20-ը` կանոնակարգի համաձայն…
– Ձեր հրաժարականի դիմումը որևէ կապ չունի՞ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ վերջերս տեղի ունեցածի հետ (Աբրահամյանն ու Ծառուկյանը խնամիներ են – խմբ.):
– Չէ, հիմա գոնե Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ-ն շատ ջերմ հարաբերությունների մեջ են:
– Փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցը չի՞ քննարկվել:
– Ոչ, որևէ հարց չի քննարկվել, մենք նախընտրական շտաբի մասին ենք խոսել, առաջարկվել է, որ ես ղեկավարեմ շտաբը, և ես էլ որոշում եմ ինքս կայացրել, առաջարկել եմ, որպեսզի շտաբը արդյունավետ աշխատի, և ես ազատ լինեմ, զբաղվեմ շտաբով, որովհետև շատ ենք կարևորում 2012-ի մայիսի ընտրությունները, որպեսզի մեր կուսակցությունը հաղթի: Դրա համար մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այդ աշխատանքներին:
– Պարոն Աբրահամյան, բայց մինչև հիմա խոսվում էր, որ վարչապետն է լինելու ՀՀԿ-ի շտաբի պետ:
– Հիմա որոշեցին, որ ես եմ լինելու: Դա մեծ վստահություն էև մեծ պատասխանատվություն է, այնպես չէ, որ շտաբը ղեկավարելը շատ հեշտ է, դա շատ դժվար է և շատ պատասխանատու: Շատ մարդիկ կան, որ շտաբը լինի, կղեկավարեն… լավ կլինի, դա ցանկությունով չէ, դա լուրջ պատասխանատվություն է, լուրջ աշխատանք:
– Դուք բացառո՞ւմ եք, որ Արմեն Գևորգյանն ազատվի աշխատանքից:
– Ոչ մի բան մի բացառեք աշխարհում, ինչո՞ւ եք բացառում: