Home / Հայաստան / 2011 թվականը համերաշխության ու հանդուրժողականության տարի էր, կարծում է ԱԺ փոխնախագահը

2011 թվականը համերաշխության ու հանդուրժողականության տարի էր, կարծում է ԱԺ փոխնախագահը

ՀՀ ԱԺ փոխնախագահ. ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր  ամփոփելով քաղաքական տարին` այն որակել է որպես հանդուրժողական և համերաշխության տարի, ինչը, ըստ նրա, իշխանության և  ընդդիմության կոռեկտ հանդուրժողականության գործունեության արդյունք էր` ի տարբերություն  քաղաքական պայքարի նախորդ շրջանի:

«Այս իմաստով մենք ժողովրդավարության զարգացման առումով առաջընթաց արձանագրեցինք: Դրա մասին խոսեցին ոչ միայն եվրոպացի մեր գործընկերները, այլև արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդը: Մենք կարողացանք դրսևորել քաղաքական կամք, որի արդյունքում հնարավոր եղավ երկխոսության միջոցով առհասարակ բոլոր քաղաքական ուժերի հետ  իրականացնել տարբեր հարցերի քննարկումներ»,- ասել է Շարմազանովը:

Նրա խոսքով` իշխանությունները արտախորհրդարանական ընդդիմության հետ կարողացան որոշակի հարցեր քննարկել, բայց ինչ-ինչ պատճառներով ընդդիմությունը  առկախեց գործընթացը: Շարմազանովը հույս է հայտնել, որ 2012-ի  նախընտրական տարին զերծ կլինի անձնական և ոչ կոռեկտ պայքարից, և կլինի միայն քաղաքակիրթ պայքար: