Home / Հայաստան / Դատավորը հուշում է վկային. Արտակ Նազարյանի գործի քննությունը շարունակվում է

Դատավորը հուշում է վկային. Արտակ Նազարյանի գործի քննությունը շարունակվում է

2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօր կայացած դատական նիստի ժամանակ մեղադրյալներից մեկի` Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Սամվել Վարդանյանին:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հաղորդել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը, Հրանտ Գևորգյանը որպես իր ինքնաբացարկի միջնորդության հիմք նշել է, որ դատավորը անաչառ չէ և հանում է վկաներին տրվող բոլոր կարևոր հարցերը:

Բացի դրանից, Գևորգյանը նաև ընդգծել է, որ դատավորն արգելում է չհետազոտված ապացույցներից հարցեր տալ վկաներին և «պահում է մեղադրողի կողմը»:

Միջնորդությանը միացել է նաև տուժող կողմը և մյուս մեղադրյալների պաշտպանները:

Պաշտպաններից Ալվարդ Մնացականյանը նշել է, որ դատավորը նիստի ժամանակ հուշել է գործով անցնող վկաներից մեկին` Արման Մնացականյանին` «կարող եք ասել, չեմ հիշում»:

Ինքնաբացարկի միջնորրդությունը քննելու համար դատավորը հեռացել է  խորհրդակցական սենյակ և միջնորդության որոշումը կհրապարակի վաղվա դատական նիստի ժամանակ, որը կկայանա ժամը 12.00-ին: