Home / Հայաստան / ԼՂՀ-ում զորակոչի տապալման դեպքեր չեն եղել, պնդում է բանակի ներկայացուցիչը

ԼՂՀ-ում զորակոչի տապալման դեպքեր չեն եղել, պնդում է բանակի ներկայացուցիչը

Ինչպես միշտ, վերջին աշնանային զորակոչը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում բնականոն ընթացել է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում  հրապարակված այն տեղեկատվությունը, համաձայն որի անցած տարվա վերջին աշնանային զորակոչը, որն ավարտվում է դեկտեմբերին, Ղարաբաղում գրեթե տապալման եզրին է եղել:

«Պաշտպանության բանակում նման դեպք չի արձանագրվել և ՊԲ-ում զորակոչի գործընթացն իրականացվում է պատշաճ մակարդակով: Ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Սենոր Հասրաթյանը:

Համաձայն թերթի տեղեկատվության, զորակոչի նախատեսված ժամին գրեթե ոչ ոք չէր ներկայացել զինկոմիսարիատ, իսկ որպես չներկայանալու պատճառ նշվել են  բավական ուշագրավ պատասխաններ։ Մասնավորապես, պարզվել է, որ ծանուցագրերից որոշները ուղարկվել են հասցեատերերին առանց ներկայանալու ժամը նշելու։

Զինակոչիկներից մեկն էլ ուղիղ հայտարարել է, որ ինքը րնտանիքի միակ աշխատողն է և չի պատրաստվում ընտանիքն անհաց թողնել, գնալ ծառայության, իսկ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի կինն էլ թանկարժեք ավտոմեքենաներ վարի։