Home / Հայաստան / Մարտունիում գազի պայթյունից տուժածների վիճակը կայունանում է

Մարտունիում գազի պայթյունից տուժածների վիճակը կայունանում է

Երեկ առավոտյան Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանին կից պահակատանը տեղի ունեցած գազի պայթունից տուժած Խաչատրյանների ընտանիքի չորս անդամներից երեքն այս պահին գտնվում են Մարտունի քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման, մեկը՝ վիրաբուժական բաժանմունքում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է «Մարտունի» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Վարդան Կարապետյանը:

«Աջ սրունքի բաց կոտրվածքի վիրահատությունից հետո ընտանիքի հայրը՝  47-ամյա Վանիկը, տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է կայուն: Դեմքի շրջանում ստացած այրվածքները, համեմատաբար ընտանիքի մյուս անդամների, ավելի թեթև են՝ 1-ին աստիճանի», – ասել է Կարապետյանը:

Փոխտնօրենի խոսքով՝  44-ամյա մայրը Սոնան երկու երեխաների՝ 21-ամյա Նուշիկի և 26-ամյա Նարեկի դեռևս վերակենդանացման բաժանմունքում են:

«Համեմատաբար կայուն են տղայի ու աղջկա վիճակները, և  եթե ոչ այսօր, ապա վաղը նրանց կտեղափոխենք վիրաբուժական բաժանմունք: Ինչ վերաբերում է մորը, ապա պետք է նշեմ, որ նրա վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Եվս 1-2 օր վերակենդանացման բաժանմունքում պահելուց հետո  նրան նույնպես կտեղափոխենք վիրաբուժական բաժանմունք: Մոր մոտ վիճակի ծանրությունը կապված է դեմքի այրվածքի աստիճանից. այրվել են վերին շնչուղիներն ու շնչափողը», – տեղեկացրել է նա:

Կարապետյանի հավաստմամբ՝ իրենց կենտրոնում ցուցաբերվում է համալիր բուժօգնություն ու միանաշանակ է, որ ընտանիքի բոլոր անդամները կշարունակեն բուժումը իրենց հիվանդանոցում:

«Տուժածներին Երևան տեղափոխելու կարիք, կարծում եմ՝ չկա և եթե մինչ այժմ  վիճակի հետ կապված բարդություններ չեն առաջացել, հուսով եմ այսպես էլ կշարունակվի: Անհրաժեշտության դեպքում կարող է տեղափոխվել միայն մայրը, սակայն, առայժմ դրա կարիքը չկա», – եզրափակել է նա: