ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրված և 14 տարվաազատազրկման դատապարտված Վռամ Բաղդասարյանի գործով դատավճիռը:
Նշենք, որ Վռամ Բաղդասարյանի պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչներ, փատաբաններ Գայանե Խաչատրյանը և Նինա Կարապետյանցը, բողոքը քննում էին ՀՀ վերաքննիչ դատարանի երեք նախագահներ Գագիկ Ավետիսյանը, Սերգեյ Չիչոյանը և Եվա Դարբինյանը:
Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը ասել է, որ պաշտպանական կողմը ինչ-որ մի պահ մտածում էր, որ դատարանն իմանալով այն բոլոր փաստերը, որ փաստաբանները տրամադրել են դատարանին, ինչ-որ բան փոխի, բայց դա տեղի չունեցավ:
Դանիելյանը նաև տեղեկացրել է, որ երկու օր առաջ կայացած նախավերջին դատական նիստում Բաղդասարյանի փաստաբան Գայանե Խաչատրյանը երեք միջնորդություն է ներկայացրել, որոնք սակայն մերժվել են:
«Առաջինն այն էր, որ կանչեն դատարան Հովհաննես Թամամյանին, որին գործից հանել և մեղադրանք են առաջադրել նաև այս գործով: Դա լսելուց հետո մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանն արձագանքեց` ասելով, որ Թամամյանի գործը քննվում է այլ դատարանում` «գնացեք այնտեղ, դա ներկայացրեք»: Երկրորդը` դատարան հրավիրել ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին, քանի որ միջադեպի ընթացքում օգտագործված զենքերը պահվել են նրա մոտ: Այստեղ Փիլոյանի կողմից հնչեց մի ունիկալ պատասխան. «Լևոն Սարգսյանը ներկա չի եղել միջադեպին և ինֆորմացիա չունի»: Դրանից հետո Գայանե Խաչատրյանն արձագանքել է, որ բոլոր մարդիկ չէ որ ցուցմունք են տվել, եղել են դեպքի վայրում»,- ասել է Դանիելյանը:
Երրորդ միջնորդությամբ Գայանե Խաչատրյանը պահանջել է դատարանից ներկայացնել իրեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա իբր քրեական գործ է հարուցվել Վռամ Բաղդասարյանի նկատմամբ:
Դա ԱԱԾ-ի թուղթն է` ուղված գլխավոր դատախազին:
«Փիլոյանն ասեց, գիտեք, գործերում կան այդ բոլոր փաստաթղթերը: Այդ պահին թեթև ռեպլիկ եղավ դատավոր Գագիկ Ավետիսյանի կողմից. «Չկան այդ փաստաթղթերը»: Բայց հետո տեղում կողմնորոշվեցին և ասեցին, որ գիտեք այդ փաստաղթղերը կան և միջնորդությունը մերժվեց: Մի բան նկատեցի. ամեն մի միջնորդությունից հետ դատավորները աչքերը իջեցրած էին մերժում, որովհետև զգում էին, որ պատվեր են կատարում: Մի բան կարող եմ ասել. Փիլոյանը կատարեց իրեն տված հրամանը, իսկ դատավորները կատարեցին իրենց տված պատվերը: Ինչը մի անգամ ևս փաստում է, որ ո’չ դատախազությունը, ո’չ դատարանները մեզ մոտ անկախ չեն»,- ասել է Միքայել Դանիելյանը: