Home / Հայաստան / Զինվորը հորեղբորը պատմել է, որ իրականում չի կախվել. փորձագետը խոսում է կեղծիքի մասին

Զինվորը հորեղբորը պատմել է, որ իրականում չի կախվել. փորձագետը խոսում է կեղծիքի մասին

Արարատի մարզի Արարատ գյուղից բանակ զորակոչված զինծառայող Հրաչիկ Խլղաթյանի ծնողներին 2012 թվականի փետրվարի 20-ին հրավիրել են Արարատի զինկոմիսարիատ և ասել, որ իրենց որդու հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել և երեխան կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է արել, իսկ բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը: Խլղաթյանը զորակոչվել է 2011 թվականի դեկտեմբերին, ծառայությունն անցել է ԼՂՀ ՊԲ-ի Մարտունու զորամասերից մեկում:

Դեպքի մասին տեղեկանալուց հետո ծնողները դիմել են «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին, որպեսզի վերջինս պաշտպանի իրենց որդու շահերը:

Epress.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանը պատմել է, որ դժբախտ պատահարից հետո երիտասարդին հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխել: Բուժման համար անհրաժեշտ սարքավորումներ չունենալու պատճառով Ստեփանակերտի հոսպիտալից Խլղաթյանին տեղափոխել են Երևանի Մուրացան փողոցում գտնվող Կենտրոնական հոսպիտալ, ապա այնտեղից անսպասելիորեն տարել են Կանազի հոսպիտալի հոգեբուժական բաժին, որից հետո թոքերի բորբոքում ախտորոշմամբ տեղափոխել էին նույն հոսպիտալի համապատասխան բաժին:

«Այս դեպքի հետ կապված աղաղակող անօրինականություններ են կատարվել: Առաջինը` ծնողը մինչ օրս որևէ գրավոր պաշտոնական տեղեկություն չի ստացել դեպքի վերաբերյալ,  չգիտի` ինչ է կատարվել: Մենք չգիտենք` արդյոք մինչ օրս հարուցվել է քրեական գործ, որ հոդվածով, կատարվել է արդյոք փորձաքննություն կամ բժշկական զննում: Ոչինչ չի պարզաբանվել: Մենք ունենք փաստ, որ երեխայի ձախ ձեռքի և գլխի ծոծրակի մասում եղել են վնասվածքներ, որից մեկը եղել է արյունազեղում ուռուցքի տեսքով: Մենք կասկած ունենք, որ  համապատասխան արձանագրություն չի կազմվել: Ոչ մի մարմին, իրավասու մարմին` ոչ զինվորական դատխազությունը, ոչ պաշտպանության նախարարության քննչական բաժինը, ինքը` նախարարը կամ նախարարի աշխատակազմից որևէ մեկը որևէ տեղեկություն մեզ չի հաղորդել», – ասել է Մարտիրոսյանը:

Վերջինս մեզ տեղեկացրել է, որ Կենտրոնական հոսպիտալում գտնվելու ժամանակ Հրաչիկ Խլղաթյանին հանդիպել է նրա հորեղբայրը` Մելիք Խլղաթյանը, և երիտասարդը նրան որոշ բաներ պատմել է, սակայն այս պահին իրենք որոշում են կայացրել զինվորի հորեղբոր պատմածը ամբղջությամբ չհրապարակել:

«Միայն մի մասն ենք ուզում հայտնել: Այն, որ երեխան չի կախվել: Դա կեղծիք է, մենք տեսնում ենք, որ զինվորական դատախազությունը, ցանականալով գործը կոծկել, դեպքը ներկայացնում է որպես ինքնասպանության փորձ: Մեզ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվել: Հաշվի առնելով երեխայի պատմածը, և նրա վրա առկա վնասվածքները, կարող ենք ասել, որ երեխային դրել են ծանր աշխատանքի, որը երեխան չի կարողացել կատարել և նրա մոտ գերծանրաբեռնվածություն է առաջացել:

Անընդհատ մտցրել են խոհանոց: Նա ոչ շարային ծառյության էր պիտանի, ծանր աշխատանք չէր կարող կատարել, գերծանրաբեռնել են խոհանոցում վերակարգ իրականացնելու ժամանակ: Ամենայն հավանականությամբ նրան ստիպել են աշխատել, երբ չի կարողացել, նրան հարվածել են թիկունքի մասում, երեխան ընկել է:

Նրանք մտածել են, որ Խլղաթյանը մահացել է: Որպեսզի իրենց վրա սպանության հոդված չդնեն, անհայտ անձինք տարել են, կախել են, իսկ ինչ-որ երկու հոգի իջեցրել են նրան գիշերով», – պատմել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Մեր զրուցակիցը նաև հայտնել է, որ այս պահին դեռևս հստակ չէ, թե որ օրը և ժամին է դեպքը տեղի ուենցել:

Հրաչիկ Խլղաթյանի մայրը` Արմինե Խլղաթյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ոտնահարվել  է իր իրավունքը, քանի որ առանց իրեն տեղյակ պահելու երեխայի հետ կապված ինչ-որ գործընթաց են սկսել:

«Բացարձակ ինձ տեղյակ չեն պահել, 7 օր մենք ոչնչից տեղյակ չենք եղել», – ասել է զինվորի մայրը:

Զինծառայողի հոր` Ռուբեն Խլղաթյանի խոսքով` զինվորի և ծնողի հանդեպ անօրինականությունները սկսվել են դեռ մինչ նրա ծառայությունը:

«Հրաչիկ Խլղաթյանին մեկ ամիս ուշացումով են զորակոչել բանակ, ինչը բժշկական հանձնաժողովի նախագահի կողմից պատճառաբանվել է նրանով, որ երիտասարդն ունի սրտի հետ կապված խնդիրներ: Ծնողը պահանջել է փաստաթուղթ տալ, պարզաբանել, թե կոնկրետ ինչ հիվանդության մասին է խոսքը, սակայն հանձնաժողովի նախագահը և զինկոմիսարիատի աշխատողները այդպես էլ չեն պատասխանել: Մինչ օրս էլ չգիտենք, թե արդյոք նրան օրինական են զորակոչել բանակ», – պարզաբանել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ զրույցի ավարտից մեկ ժամ անց Խլղաթյանի ծնողներին թույլատրել են տեսակցել որդուն:

Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչներն առայժմ չեն կարող տեսնել իրենց պաշտպանյալին, քանի դեռ չկա քննիչի որոշումը: