Ոստիկանական 10 բեռնատարների շարասյունը, երեք ջրցան մեքենաներ, երեք զրահամեքենաներ ուղևորվում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 170 կմ հյուսիս ընկած Գուբա քաղաք` օգնելու արդեն իսկ բնակավայր բերված ռազմական ուժերին: Մարտի 1-ի առավոտից 10 հազար քաղաքացիներ հավաքվել են քաղաքային իշխանությունների գրասենյակի մոտ և պահանջում են քաղաքապետ Ռաուֆ Հաբիբովի հրաժարականը:
«Թուրան» գործակալության տվյալներով` նրանց վրդովվեցրել է քաղաքային իշխանության ղեկավարի այն արտահայտությունը, թե «Գուբացիները վաճառել են իրենց շրջանն ու իրենց»: Հավաքվածները հնչեցնում են «հրաժարական» և «երախտամոռ» կարգախոսները: Միաժամանակ, հավաքվածները ձեռքներին են պահում նախագահ Իլհամ Ալիևի նկարները:
Տեղեկություններ կան այն մասին, որ ժողովուրդը քարեր է նետում վարչակազմի շենքի վրա: Ոստիկանության տվյալներով` այս քաղաքում «ոչինչ տեղի չի ունենում»:
Ականատեսները և համացանցում հայտնված տեսանյութերը վկայում են այն մասին, որ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել և բախումներ են սկսվել ոստիկանության հետ:
Գուբայից հաղորդել են, որ ցուցարարները պահանջում են իրենց հանձնել գործադիր իշխանության ղեկավարին և ազատել այսօր ձերբակալված 200 ցուցարարների: Հակառակ դեպքում, նրանք սպառնում են հրդեհել Գուբայի բոլոր պետական հաստատությունները: Ավելի վաղ կրակի մեջ հայտնված քաղաքագլխի տունը ամբողջությամբ այրվել էր: Ցուցարարները սկսել են ջարդուփշուր անել քաղաքագլխին պատկանող օբյեկտները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առավոտյան ժամանել է նախագահական պալատ, թեև սովորաբար նա գտնվում է Գյանջլիքի շրջանի կամ քաղաքամերձ իր նստավայրում: