Պետական դավաճանությանը օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանը և Ռոման Մաթևոսյանը պնդում են, որ որևէ կապ չունեն իրենց դեմ առաջադրված ծանր հանցագործության հետ, և հայտնվել են ճաղերի հետևում թյուրիմացության արդյունքնում:
Այսօր Կենտրոն Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում ընթանալու է պետական դավաճանության հոդվածով ԱԱԾ կողմից 6 ՀՀ քաղաքացիների դեմ հարուցած դատական գործի քննության հերթական նիստը, որի ընթացքում ճառով են հանդես գալու մեղադրյալների պաշտպանները:
Հիշեցնենք, որ, քրեական գործի համաձայն` պետական դավաճանությունը կազմակերպելու մեջ է մեղադրվում Կարեն Մեհրաբյանը, ով, ըստ քննիչի, 2011թ. մեկնել է Թուրքիա և որոշակի վարձատրության ստանալու դիմաց Տիգրան և Սայիդ անուններով հետախույզներին խոստացել է ԼՂՀ և ՀՀ բանակի վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրել: Ստամբուլում պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո` Մեհրաբյանը վերադարձել է Հայսատան: Թուրքիա հետ գնալու ճանապարհին` 2011թ. հուլիսի 23-ին, Մեհրաբյանը Վրաստանի սահմանին ձերբակալվել է:
Նույն օրը Երևանում ինտերնետ ակումբից բերման է ենթարկվել նրա սանիկը` Աշոտ Չտրկյանը: Վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նախ Մեհրաբյանի հետ հանցագործություն կազմակերպելու հատկանիշներով, հետագայում` նախաքննության փուլում, մեղադրանքը փոխվել է. քրեական օրենսգրքի 38-299-ի առաջին `պետական դավաճանության օժանդակության մասով:
Ըստ դատախազ Արամ Ամիրզադյանի` Աշոտ Չտրկյանը` իր ընկեր, հարսանիքի քավոր Կ. Մեհրաբյանի խորհրդով մեկնել է Թուրքիա, վերջինիս հետ համագործակցել ադրբեջանցի հետախույզներ Տիգրան և Սայիդ անուններով անձնավորությունների հետ: Փաստաբանը նշում է, որ Տիգրանը Ստամբուլի բուհերից մեկի ուսանող էր, և իր տատիկը հայ է: Մեղադրյալների հետ նա խոսում էր հայերեն: Սայիդը գաջ քսող էր աշխատում և ամբաստանյալների հետ շփվում էր ադրբեջանցիներին բնորոշ ռուսերենի ակցենտով:
Չտրկյանի պաշտպան կողմը պնդում է, որ Չտրկյանը քավոր Մեհրաբյանի խորհրդով մեկնել է Թուրքիա աշխատելու: Այնտեղ սպասելիքները չեն արդարացել, և Չտրկյանը ստիպված էր քիչ վարձատրությամբ աշխատել պայուսակների արտադրամասում:
Epress.am-ի հետ զրույցում Չտրկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը հայտնել է, որ իր պաշտպանյալին ազատազրկելու մասին դատարանի որոշումը հիմնված է դատախազի ենթադրության վրա, և նրա մեղքը չի ապացուցվել որևէ փաստով:
Բաղդասարյանի խոսքով` մեղադրող կողմի կարծիքով հանցագործությանը Չտրկյանի օժանդակելու մասին վկայող երկու դրվագների առնչությամբ կան փաստեր, որոնք ցույց են տալիս, որ երկու դեպքում էլ հանգամանքների դասավորությունը թույլ չի տալիս ապացուցել, թե Չտրկյանը տեղյակ է եղել քավորի գործունեությունից: Առաջին` Չտրկյանին մեղադրում են Մեհրաբյանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար համակարգիչ տրամադրելու մեջ: Սակայն Չտրկյանը սեփական համակարգիչ չունի: Իրեն ձերբակալելուց, իր տունը խուզարկելուց և ոչինչ չգտնելուց հետո, Չտրկյանը ինքը առաջնորդել է քննիչներին քեռու տուն, որտեղ համակարգչից օգտվել է Մեհրաբյանը: Վերջինս և Չտրկյանը առերեսման ժամանակ հայտնել են, որ Մեհրաբյանը համակարգիչ է խնդրել Չտրկյանից` ասելով, թե պետք է նամակ գրի Վանաձորում գտնվող իր կնոջը:
Երկրորդ` Չտրկյանին մեղադրում են Թուրքիայում Տիգրանից 300 դոլար վերցնելու և Հայաստան փոխանցելու համար: Մինչդեռ, ինչպես հաստատել է նաև Հովո անունով մի վկա, որը նույնպես աշխատել է Թուրքիայում, Կարենը իրեն է խնդրել վերցնել գումարը Տիգրանից և ուղարկել Հայաստան, սակայն, Հովոն Ստամբուլում պատահաբար հանդիպել է Չտրկյանին, և խնդրել է նրան օգնել դրամական փոխանցումը կատարել, քանի որ լավ չէր կողմնորոշվում Ստամբուլում:
Չտրկյանը, ինչպես երևում է գործով բացահայտված հեռախոսազրույցներից, նույնիսկ Կարենից հարցրել է, թե ինչու վերջինս իրեն չի խնդրել գումարը վերցնել Տիգրանից (ում հետ Չտրկյանը Մեհրաբյանի հետ արդեն երկու անգամ հանդիպել էր) ու ուղարկել Հայաստան և դրա համար խառնել է Հովոյին:
Ըստ փաստաբանի` ձերբակալման համար քննիչները որևէ հիմք չեն ներկայացրել: Ըստ ձերբակալող քննիչների` ձերբակալման հիմք է հանդիսացել այն, որ «նրա մոտ հայտնաբերվել են քրեական օրենքով արգելված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր», սակայն պաշտպան կողմը չի հասկանում` ինչ ասել է «հետքեր», որևէ փաստաթուղթ, կրիչ Աշոտ Չտրկյանի մոտ չի հայտնաբերվել:
Ամենինց զատ, ըստ իրավաբան Հարություն Բաղդասարյանի, քրեական գործը պարունակում է անհամապատասխանություններ: «Նախ` քրեական գործում չկա որևէ մի փաստաթուղթ, մի ցուցմունք, որ հաստատի, թե Տիգրան և Սայիդ անունով մարդիկ թուրքական, ադրբեջանական հետախույզներ են: Սրանք պարզապես ենթադրություններ են, հիմնված նրանց ակցենտի, ադրբեջանցի լինելու մասին հայտարարելու վրա, ենթադրություններ, որ ընդունվում են հալած յուղի տեղ:
Երկրորդ` ՀՀ քրեական օրենսգրքի 229 հոդվածով պետական դավաճանություն է համարվում ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ տարված գործողությունը, իսկ տվյալ գործով ներգրավված մարդիկ, համաձայն քրեական գործի, հետաքրքրված են եղել միայն ԼՂՀ բանակի մասին ինֆորմացիայով: Ուստի, գործը պետք է քննվեր ԼՂՀ դատարանում: Հետագայում` Եվրոդատարան հասնելու դեպքում, Հայաստանի ներկայացուցիչը ստիպված է լինելու ապացուցել, որ ԼՂՀ-ն ՀՀ մաս է»,- ասել է Բաղդասարյանը:
Տեղեկացնենք, որ գործով ներգրավված մյուս երեք մեղադրյալներին` Կարեն Պետրոսյանին, Արթուր և Դավիթ Ավետիքյաններ եղբայրներին մեղադրվում են պետական դավաճանության մասին իմանալու ու չհայտնելու մեջ:
Վերջին` փետրվարի 27-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատախազ Արամ Ամիրզադյանը ընթերցել է մեղադրականը և միջնորդություններ ներկայացրել ամբաստանյալների պատիժ նշանակելու համար: Դատախազը միջնորդել է գլխավոր մեղադրյալին` Կարեն Մեհրաբյանին դատապարտել 15 տարիվա ազատազրկման, նրան աջակցելու մեջ մեղադրվող Ռոմիկ Մաթևոսյանին` 12 տարի, և Աշոտ Չտրկյանին` 11 տարի, Կարեն Պետրոսյանին և Դավիթ Ավետիքյանին` 2 տարի ժամկետով: Իսկ նրա եղբայր Արթուր Ավետիքյանից 500.000 դրամ տուգանք պահանջել: