Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ պետական դավաճանության հոդվածով 6 Հայաստանի քաղաքացիների դեմ հարուցած դատական գործի քննության հերթական նիստը, որի ընթացքում ճառով հանդես եկավ մեղադրյալներ Արթուր և Դավիթ Ավետիքյանների շահերի պաշտպան Էդմոնդ Մարուքյանը:
Հիշեցնենք, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանի կնոջ քեռու որդիները հանդիսացող Արթուրն ու Դավիթը մեղադրվում են ծանր հանցագործության պատրաստման մասին իմանալու և օրինապահ մարմիններին չհայտնելու մեջ:
Ըստ նախաքննության` Արթուրին և Դավիթին Կարեն
Նախաքննության փուլում` Արթուրն ու Դավիթը ասել են, որ Կարեն Մեհրաբյանը հարցել է իրենց՝ արդյոք ունեն զինծառայող ծանոթներ, ասել է, որ փող կտա, եթե իրեն տրամադրեն ռազմական բնույթի տեղեկություն: Եղբայրները, սակայն, հորդորել են նրան նման բաներից հեռու մնալ, սակայն լուրջ չեն վերաբերվել Մեհրաբյանի ասածներին և չեն մտածել, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին:
Դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում` եղբայրները փաստել են, որ Կարենն իրենց որևէ համագործակցության առաջարկ չի արել:
Այսօրվա իր խոսքում փաստաբանը նկատել է, որ քննության ընթացքում խախտվել է Արթուրի և Դավիթի սահմանադրական իրավունքը. նախաքննական մարմինը հարցաքննել է Արթուրին և Դավիթին որպես մեղադրյալներ, սակայն նրանց հայտնել են, որ նրանք որպես վկա են հարցաքննվում:
«Եթե հարցաքննվում են որպես կասկածյալ, Արթուրն ու Դավիթը իրավունքն ունեին օգտվել այդ իրավիճակից բխող իրավունքներից, այսինքն` խոսեին փաստաբանի ներկայությամբ: Բացի դա, խախտվել է նաև իրենց և իրենց մերձավոր հարազատների դեմ ցուցմունք չտալու սահմանադրական իրավունքը», – նկատել է Էդմոնդ Մարուքյանը:
Մարուքյանի խոսքով` գործը պետք է կարճվի, քանի որ չկա հանցակազմ:
«Պետական դավաճանության լրտեսության տեսակը սկսվում է այն պահից, երբ սկսվում է ինֆորմացիայի հայթայթումը: Այսինքն` եթե մեկը խոստանում է փոխանցել 30 անուն ինֆորմացիա, և ստանում է առաջինի մասին տեղեկությունը, պետությունը չպետք է սպասի, մինչև լրտեսը ստանա մյուս 29 ինֆորմացիաներ:
2011թ. մայիսից 23-ից ԱԱԾ-ն զեկույց է ներկայացրել, որով հետաքննություն է սկսվել Կարեն Մեհրաբյանի դեմ: Իսկ Կարենի և եղբայրների խոսակցությունը տեղի է ունեցել հունիսին: Այսինքն` մեղադրել նրանց հանցագործության նախապատրաստման մասին իմանալու և չհայտնելու մեջ անտրամաբանական է, քանի որ մինչ այդ հանցագործությունն արդեն ավարտված էր»,- ասել է Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի՝ օրենքը թույլ է տալիս տարընթերցումներ. որքան տեղեկատվության տիրապետելն է թույլ տալիս ասել, թե մեղադրյալները «հաստատապես» իմացել են հանցագործության մասին և հայտնելու դեպքում՝ արդյոք նրանք չէին մեղադրվի սուտ մատնության հոդվածով:
Հիշեցնենք, որ եղբայրներից մեկին` Դավիթին, դատախազը միջնորդել է 500,000 դրամ տուգանք նշանակել, իսկ Արթուրին` 2 տարի ազատազրկում:
Պատժի սահմանումը, ըստ պաշտպան կողմի, ևս անտրամաբանական է, քանի որ Արթուրը ամուսնացած է և ունի 2,5 տարեկան երեխա իր խնամակալության տակ: