Home / Հայաստան / Գերարդյունավետ Չեմպիոնների Լիգա. «Բավարիան» 7-րդ երկնքում է

Գերարդյունավետ Չեմպիոնների Լիգա. «Բավարիան» 7-րդ երկնքում է

Շաբաթ օրը գերմանական «Բավարիան» ներքին առաջնության հերթական տուրում 7:1 հաշվով պարտության մատնեց «Հոֆենհայմին», իսկ արդեն երեքշաբթի նույնքան գնդակ ուղարկեց շվեյցարական «Բազելի» դարպասը՝ սեփականը պահելով անառիկ:

«Բավարիայի» գերադյունավետությունը կապված է թիմի եզրային կիսապաշտպաններ Արյեն Ռոբենի և Ֆրանկ Ռիբերիի գերազանց մարզավիճակի հետ, ովքեր և’ գոլերի հեղինակներ են դառնում, և’ գոլային փոխանցումներ են կատարում:  Բացի դա, խաղընկերների ստեղծած պահերը մշտապես իրացնում է հարձակվող Մարիո Գոմեսը:

«Բազելի» հետ խաղի 11-րդ րոպեին Ռոբենը բացեց հաշիվը՝ հավասարեցնելով հակամարտության արդյունքը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, նա գոլային փոխանցումով հարվածի դուրս բերեց Թոմաս Մյուլերին: Եվս երկու րոպե անց Մարիո Գոմեսը մի քանի սանտիմետրից գրավեց անպաշտպան դարպասը՝ փոխանցում ստանալով Հոլգեր Բադշտուբերից, ով նշում էր իր ծննդյան 23-րդ տարեդարձը:

Դեռևս առաջին խաղակեսում ամեն ինչ պարզ դարձավ. «Բազելը» երկրորդում պետք է երկու գնդակ խփեր և բաց չթողներ, ինչը գործնականում անհնար էր՝ հաշվի առնելով դաշտի տերերի բացարձակ առավելությունը:

Շվեյցարական թիմի բոլոր հույսերը հօդս ցնդեցրեց Գոմեսը, ով 50-րդ րոպեին խփեց իր երկրորդ գնդակը՝ հաշիվը դարձնելով 4:0: Եվս 11 րոպե անց նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ 67-րդ րոպեին պոկեր ձևակերպեց: Հատկանշական է, որ երեք բոլոր դեպքերում Գոմեսին փոխանցում էր կատարում Ֆրանկ Ռիբերին, իսկ գերմանացի հարձակվողը մրցակցի դարպասը գրավում էր մոտ տարածությունից հարվածներով:

Նշենք, որ Գոմեսը կրկնեց խորվաթ հարձակվող Դադո Պրշոյի հաջողությունը, ով 2003 թվականին Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի «Մոնակո»-«Դեպորտիվո» խաղում իսպանական թիմի դարպասը 4 գնդակ էր ուղարկել 23 րոպեում՝ դառնալով ամենաարագ պոկերի հեղինակը:

Սակայն ևս մեկ գնդակ խփել և կրկնել Լեո Մեսսիի նախորդ շաբաթ Լևերկուզենի «Բայերի» հետ խաղում սահմանած ռեկորդը Գոմեսին չհաջովեց: Նա բավարարվեց 4 գոլով, իսկ «Բավարիայի» 7-րդ գոլի հեղինակ դարձավ Ռոբենը:

Օրվա մյուս խաղում «Ինտերը» դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Մարսելի «Օլիմպիկին», սակայն դուրս մնաց պայքարից, քանի որ առաջին խաղում պարտվել էր 0:1 հաշվով: «Օլիմպիկը» իտալական թիմի դարպասը գրավեց մրցավարի կողմից ավելացված րոպեներին՝ հավասարեցնելով հաշիվը, իսկ «Ինտերը» միայն դրանից հետո 11-մետրանոցի իրավունք ստացավ և հաղթանակ կորզեց, որը թիմին ոչինչ չտվեց: 11-մետրանոցի դրվագում ֆրանսիական ակումբի կազմում հեռացվեց դարպասապահ և թիմի ավագ Սթիվ Մանդանդան, ում կորուստը կարող է ծանր նստել թիմի վրա քառորդ եզրափակիչում: