հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Պաշտպանը խնդրել է պետական դավաճանության մեջ մեղադրվողի նկատմամբ մեղմ պատիժ կիրառել

Պաշտպանը խնդրել է պետական դավաճանության մեջ մեղադրվողի նկատմամբ մեղմ պատիժ կիրառել

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացել է պետական դավաճանության հոդվածով ԱԱԾ կողմից 6 ՀՀ քաղաքացիների դեմ հարուցած դատական գործի քննության հերթական նիստը: Այսօրվա նիստի ժամանակ ճառով հանդես է եկել հանցագործության գլխավոր կասկածյալ Կարեն Մեհրաբյանի դատապաշտպանը:

Հիշեցնենք, որ, քրեական գործի համաձայն` պետական դավաճանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանը, ով, ըստ քննիչի, 2011թ. մեկնել է Թուրքիա և որոշակի վարձատրության ստանալու դիմաց Տիգրան և Սայիդ անուններով հետախույզներին խոստացել է ԼՂՀ և ՀՀ բանակի վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրել: Ստամբուլում պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո` Մեհրաբյանը վերադարձել է Հայասատան: Թուրքիա հետ գնալու ճանապարհին` 2011թ. հուլիսի 23-ին, Մեհրաբյանը Վրաստանի սահմանին ձերբակալվել է:

Մեհրաբյանի պաշտպան Անուշ Հովհաննսիյանն ասել է, որ գործի քննության ընթացքում ապացուցվել է,  որ Կարեն Մեհրաբյանն ընդամենը զոհ է դարձել հետախույզների դավադրության և իրականում չի իմացել, որ իր կողմից  փոխանցված տեղեկատվությունը օգտագործվելու է երկրի դեմ, և դա, ըստ էության, պետական դավաճանություն է:

Փաստաբանը  հիշեցրել է, որ Կարեն Մերհրաբյանը ցուցմունքում ասել է հետևյալը.

«Ինձնից ինֆորմացիա հայցողներն ասել են, որ հայ են, որ Կովկասի մասին վերլուծություն անող կազմակերպության համար են աշխատում»:

Փաստաբանի խոսքով` փաստերն ապացուցում են, որ Կարեն Մեհրաբյանին «մոլորեցրել» են, իսկ երբ նա դա գիտակցել է, շատ է զղջացել: Ըստ Հովհաննիսյանի` այն, որ Կարեն Մեհրաբյանը չի ոչնչացրել իր մոտ առկա փաստաթղթերը, ինչպես իրեն հորդորել են անել Սայիդն ու Տիգրանը, այլ ընդհակառակը, պահել է, վկայում է այն մասին, որ Կարենը չի ցանկացել պետության մասին տեղեկատվական արտահոսքը թույլ տալ:

Նա նշել է, որ hանցագործության օբյեկտիվ կողմը չկա, և 299-րդ հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշները բացակայում են:

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալի հանդեպ պետք է կիրառվի նշված հոդվածի երկրորդ կետը, որը սահմանում է, թե սույն հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Նույնիսկ եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, փաստաբան Անուշ Հովհաննսիյանը խնդրել է նրա հանդեպ մեղմ պատիժ կիրառել:

Հիշեցնեք, դատախազը միջնորդել է Մեհրաբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: