Home / Տեսանյութեր / Facebook-ում պաշտպանում են հայկական բանակի մասին գրքի համար հետապնդվող գրողին

Facebook-ում պաշտպանում են հայկական բանակի մասին գրքի համար հետապնդվող գրողին

Facebook-ում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն արձակագիր Հովհաննես Իշխանյանի, ում հետապնդում են «Ուվալնյատի օրը» գրքի համար:

«Գրականությունն ու արվեստը ոստիկանության համար տրորելու «առարկա» չեն, և նրան չի հաջողվի վերադարձնել գրականության հանդեպ ֆաշիստական ու ստալինյան ժամանակների վերաբերմունքը», – մասնավորապես, ասված է գրականագետ Հովիկ Չարխչյանի էջում տեղադրված հայտարարության մեջ, որի տակ այս պահին իրենց ստորագրությունն է թողել 61 օգտատեր, այդ թվում` գրողներ Վիոլետ Գրիգորյանը, Արամ Պաչյանը, արվեստաբան Սեդա Շեկոյանը, լրագրող Սեդա Պապոյանը և այլք:

Հայտարարության մեջ ասված է, որ ուժային կառույցների գրաքննությունը ոչ միայն արշավ է հայ գրողի դեմ, այլև ընդհանրապես գրականության ու արվեստի, ստեղծագործական մտքի ու երևակայության դեմ, մարդու հիմնարար ազատությունների դեմ:

«Եթե արագ չկանխվեն ճնշումները, ապա գրքի միջազգային մայրաքաղաք հռչակված Երևանում այս նախադեպը սպառնում է գրաքննություն տարածել Հայաստանի հրատարակչություններում, տպարաններում և գրախանութներում, ուր վաճառվում են հայ որոշ պաշտոնյաների ճաշակին չհամապատասխանող համաշխարհային համբավ ունեցող բազմաթիվ հեղինակների գրքեր:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ», ասված է հայտարարության մեջ:

Երեկ Հովհաննես Իշխանյանն Epress.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրեն մի քանի անգամ հրավիրել են Ռազմական ոստիկանություն` հարցաքննության: Գրողին խնդրել են «Ուվալնյատի օրը» գրքի պատմվածքներում մատնանշված դեպքերի վերաբերյալ գրավոր բացատրություն տալ, մասնավորապես, ասել` արդյոք գրքում քննարկվող իրադարձությունները հիմնված են իրական փաստերի վրա:

Հարցին Իշխանյանը պատասխանել է` ասելով, որ գիրքը գեղարվեստական է, հետևաբար բոլոր հերոսներն ու դեպքերը հորինված են: Նույն հարցին նույն պատասխանը Իշխանյանը ստիպված է եղել տալ նաև այսօր Ոստիկանության կենտրոնական քննչական բաժնում:

«Դատելով հարցերից ու իրենց տրամադրվածությունից` իմ գրքի մեջ տեսնում են բանակի հանդեպ վիրավորանք, մոր կերպարի հանդեպ վիրավորանք, սակայն քանի որ չկա օրենք այդ մասերով, փորձում են պոռնոգրաֆիայի մասին հոդվածը իմ դեմ օգտագործել, որը վերաբերում է միայն պատկերային արվեստին: Ինչքան հասկացա` քրեական գործ են ուզում հարուցել»,- մեզ հետ զրույցում ասել էր Հովհաննես Իշխանյանը:

«2011թ. 300 օրինակով տպագրված 178 էջից բաղկացած 1500 դրամ արժողությամբ «Ուվալնյատի օրը» գիրքում գռեհիկ ձևերով նկարագրված են սեռական հարաբերություններ` շարադրված կոպիտ հայհոյանքներով և արտահայտություններով»,- հարցի մասին պարզաբանումներ տալով` մեզ հայտնել էին Ոստիկանության լրատվական վարչությունից:

Այժմ գործը գտնվում է հետաքննության մեջ, անցկացվում են մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաև Մշակույթի նախարարության կողմից, որոնցից հետո միայն Ոստիկանությունը հստակ կասի ` գործ հարուցվելու է, թե ոչ: