հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դատն ավարտվեց անեծքներով. ի՞նչ ցույց կտան հայկական տելեները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատն ավարտվեց անեծքներով. ի՞նչ ցույց կտան հայկական տելեները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը (լուսանկարում) պետական դավաճանության գործով անցնող բոլոր 6 ամբաստանյալների մասով հրապարակել է մեղավոր ճանաչելու մասին դատավճիռ:

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, նրա գույքի կեսը բռնագրավվել է, նույն մեղադրանքով անցնող Ռոմիկ Մաթևոսյանը և հանցագործությանը օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանը դատապարտվել են 10 տարի ազատազրկման: Հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեջ մեղադրվող Կարեն Պետրոսյանը և Արթուր Ավետիքյանը  դատապարտվել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Արթուրի եղբայր Դավիթ Ավետիքյանի նկատմամբ սահմանվել է  500.000 դրամի չափով տուգանք:

Դեռևս դատավճռի ընթերցումից առաջ, ընթացքում և հետո մթնոլորտը դահլիճում ծայրահեղ լարված է եղել:

Ռոմիկի և Աշոտի հարազատների մոտ, ովքեր չէին սպասում մեղադրական դատավճիռ լսել, սկսել են անիծել և սպառնալ դատավորներին: Ռոմիկն ու նրա մայրը` Թամարա Մաթևոսյանը, նախկինում միշտ լավատեսական տրամադրությամբ էին գալիս դատարան. Ռոմիկն իր ճառում նույնիսկ չի անդրադարձել գործի մանրամասններին` հույս հայտնելով, որ քանի որ որևէ փաստացի ապացույց չկա իր դեմ, իր նկատմամբ արդարացման դատավճիռ կկայացվի: Սակայն այն բանից հետո, երբ Ռոմիկի դատավճիռը հնչեցրել են, մայրը սկսել է բղավել, իսկ որդին ցատկել է սեղանի վրա` փորձելով մոտենալ մորը ու հանգստացնել նրան:

«Թողեք, մորս գրկեմ», – գոռում էր Ռոմիկը:

«Իմ տղան 10 տարվա կյանք չունի, ո՞նց եք տաս տարի փակում: Իմ տղան անմեղ է», – բղավում էր Թամարան: Ռոմիկին կարգադրիչները հեռացրել են դատարանի դահլիճից:

Մինչ Աշոտ Չտրկյանի դատավճիռը կարդալը, վերջինս նույնպես սկսել է բղավել.

«Եթե ինձ դատեն, ուրեմն էս երկիրը ստի վրա են կառուցում: Ինձ դատողներն են ազգի դավաճան, նրանք են Աստծու դավաճանում: Նրանք են Ադրբեջանից: Աստծո ոտներն ենք ընկենլու»:

Նրա հարազատները` մայրը, կինը և զոքանչը գոռում էին. «Ամիրզադյան (Արամ Ամիրզադյանը մեղադրող դատախազն է – խմբ.), տղուդ քթերից է գալու, Աշոտ  Թևանյան (գործի քննիչը – խմբ.), հինգ տարեկան տղայիդ ձեռքովս եմ սպանելու»:

Այս գործով դատավարություններին առաջին անգամ լուսաբանելու էին եկել Հ1-ի և «Շանթ» հեռուստատեսությունների աշխատակիցները: Lրատվամիջոցների օպերատորների ներկայության մասին իրենց դժգոհությունը հայտնել են ամբաստանյալնների հարազատները, քանի որ նրանք հայտնվել էին դատարանում առանց միջնորդության, իսկ մինչ այս դատը նույնիսկ լուսանկար անելու միջնորդությունները մերժվել էին:

Օպերատորների ներկայությունից դժգոհ էին նաև Չտրկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը և Մաթևոսյանի փաստաբան Սարգիս Ասլանյանը: Ըստ նրանց այդ հեռուստատեսությունները` «ագիտացիայի վարչություն են, և միայն դատավճիռը ցույց կտան եթերում` ընտրելով ուզած կադրերը և ոչ մի խոսք չեն ասի ամբողջ դատակական պրոցեսից»:

«Մենք պատրաստվում ենք մեծ մամուլի ասուլիս հրավիրել այս խայտառակ գործի մասին պատմելու համար», – մեզ հետ զրույցում ասել է Ասլանյանը:

Նշենք, որ Մաթևոսյանի և Չտրկյանի փաստաբանները դատավարության ընթացքում բազմաթիվ անգամ բարձրաձայնել են, որ իրենց պաշտպանյալներն անմեղ են:

Լուսանկարը` court.am