Home / Հայաստան / ՀՅԴ-ն հրաժարվում է պաստառից հանել Անիի լուսանկարը. գործը կարող է հասնել դատարան

ՀՅԴ-ն հրաժարվում է պաստառից հանել Անիի լուսանկարը. գործը կարող է հասնել դատարան

«Դաշնակցությունը» հրաժարվում է իր նախընտրական պաստառներից հանել քաղաքացի Անի Մաթևոսյանի լուսանկարը, որը պաստառի վրա հայտնվել է առանց նրա թույլտվության: Այս մասին Epress.am-ին հայտնել է ինքը` Մաթևոսյանը:

Նա պատմել է, որ 2007 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում իրեն և իր համակուրսեցիներին առաջարկել էին մասնակցել ֆոտոսեսիայի, և հետագայում Անիի լուսանկարները տեղադրել են ՀՅԴ-ի նախընտրական բուկլետների վրա, սակայն այդ ժամանակ Անին չի առարկել:

«Ֆոտոսեսիայից մի քանի օր հետո 5000 դրամ տվեցին, մենք դրան նույնիսկ չէինք սպասում, որովհետև նախօրոք գումարի մասին խոսք չէր գնացել: Ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նախ ես դաշնակների հետ ընդհանրապես չեմ շփվել, շփվել եմ միայն լուսանկարչի հետ: Բացի այդ, որևէ պայմանավորվածություն չի եղել, որ այդ նկարը դառնում է իրենց սեփականությունը, ոչ մի բան չեմ ստորագրել և նույնիսկ բանավոր խոսակցություն դրա վերաբերյալ չի եղել: Այս տարի մարտի սկզբին այն մարդը, որը միջնորդել էր նախորդ անգամ  նկարվելու համար, ինձ դիմում է և և ասում` խնդրել են ինձ հետ ճշտել` արդյոք համաձայն եմ այս տարի էլ լուսանկարվել: Կտրուկ մերժեցի, ասացի`  չեմ ուզում նկարվեմ: Միգուցե, հինգ տարի առաջ  էն գիտակցության եմ եղել, որ մտածել եմ կարելի է, իսկ հիմա կտրականապես չեմ ուզում: Ինքն էլ ասաց` որ կփոխանցի իմ պատասխանը: Բայց  երբ սկսվեց այս ընտրարշավը, ՀՅԴ-ի պաստառների վրա իմ նկարն եմ տեսնում` հինք տարի առաջվա այդ ֆոտոսեսիայի ժամանակ նկարված»,- պատմել է Անի Մաթևոսյանը:

Նա զանգահարել է «Դաշնակցություն» և հարցրել` ինչ հիմքերով են նկարը փակցրել, պահանջել է հանել այն պաստառից, քանի որ ինքը չի տվել իր համաձայնությունը: Կուսակցության ներկայացուցիչներն Անիին հրավիրել են իրենց գրասենյակ և ասել, որ դա տեղի է ունեցել դիզայների մեղքով: Անին, այնուամենայնիվ, պնդել է, որ նկարը վերացնեն:

Ավելի ուշ Անիին զանգահարել են կուսակցությունից և հայտնել, որ նրա հետ   անժամկետ պայմանագիր է կնքվել, որը թույլ է տալիս օգտագործել լուսանկարը: Երբ Անին պահանջել է իրեն տրամադրել պայմանագրի կրկնօրինակը, «Դաշնակցությունից» ասել են, որ եղել է բանավոր պայմանավորվածություն լուսանկարը գնելու և օգտագործելու վերաբերյալ:

«Ես, իհարկե, չհամաձայնվեցի ու ասացի, որ դիմելու եմ այլ կառույցների, որովհետև, իրոք դա իմ իրավունքների ոտնահարում է: Չեմ կարծում, որ կուսակցությունը, որը պետք է մտնի պառլամենտ ու ժողովրդի շահերը  ներկայացնի, հասարակ քաղաքացու իրավունքները ոտնահարելով դա պետք է անի:  Ես իրենց դա ասել եմ: Քիչ անց ինձ զանգահարել է դիզայները, փորձել դիվանագիտորեն  ինչ-որ բաներ  բացատրել: Ասում է` քաղաքական տեսանկյունից մի նայի էդ ամեն ինչին, քո երկիրն է», – պատմել է Անին:

Այս ամենից հետո նա դիմել է Հելսինկյան ասոցիացիային: Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք, ծանոթանալով մանրամասներին, դիմել են պաստառի դիզայներ Սամվել Փարթամյանին:

«Մենք զրուցեցինք, նրանք չեն ընդունում իրենց մեղքը, և մտածում են, որ ամեն ինչ արվում է փողի համար: Ես զարմանում եմ, որ մինչև այսօր Հայաստանում մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ բացի փող աշխատելուց, գոյություն ունեն այլ ավելի բարձր արժեքներ: Մենք պաշտպանելու ենք Անիին, և եթե գործը հասնի դատարան, այնտեղ նույնպես պատրաստ ենք նրան պաշտպանել, փաստաբան տրամադրել, և գործին կհետևենք: Ես չեմ մտածում, որ «Դաշնակցությունը» նախընտրական քարոզարշավի ժամանակ ուզենա ավելորդ պրոբլեմներ իրենց գլխին: Չէ՞ որ նրանք արդեն իսկ պատասխանատու են անցյալ ժամանակվա բարդակի համար երկրում, և ընդունել են իրենց մեղքը: Ինձ թվում է` ավելորդ բան նրանք չեն ուզենա», – ասել է Միքայել Դանիելյանը: