Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության գործով կա ձերբակալված. ոստիկանություն

Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության գործով կա ձերբակալված. ոստիկանություն

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով այսօր կա մեկ ձերբակալված: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով` նախաքննության շահերից ելնելով` ձերբակալվածի անունը չի հրապարակվում:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Կարեն Եսայանի դիակը հայտնաբերվել էր երեկ ժամը 20.10-ին, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարեւանությամբ իր «Մերսեդես-200»  մակնիշի ավտոմեքենայում` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ սպանությունը «քաղաքական հենք չունի»:

Ըստ «Առավոտի»` սպանության մեջ կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին, որը, ըստ «Առավոտի» ոստիկանական աղբյուրների, դեպքի վայրից դիմել է փախուստի:

«Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է գտնվում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ, երիտասարդ պատգամավորի հայրը` Կամո Գրիգորյանը, նրանց քավորն է: Եթե ի նկատի ունենանք, որ ՀՀԿ-ական քաղաքապետի ու ԲՀԿ-ական պատգամավորի ջրերը մի առվով չեն հոսում, չի բացառվում, որ սպանությունը կատարված լինի նաև քաղաքական հողի վրա: Սակայն սա սոսկ Գյումրիում տարածված վարկած է», – գրել էր «Առավոտը»:

Ըստ ԶԼՄ-ներում տարածված լուրերի` Կարեն Եսայանի ընտանիքը բնակվում է Միացյալ Նահանգներում, իսկ ինքը` Կարենը, մի քանի ամիս առաջ վերադարձել էր Գյումրի` ամուսնանալու նպատակով: