Home / Հայաստան / Ինչու է համատիրությունը տեղափոխվել ՀՀԿ-ի շտաբ. պատգամավորի թեկնածուն ահազանգում է

Ինչու է համատիրությունը տեղափոխվել ՀՀԿ-ի շտաբ. պատգամավորի թեկնածուն ահազանգում է

Լենինգրադյան փողոցում գտնվող «Մաքսիմում» խանութի նկուղում գործող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբում վերջին օրերին տեղափոխվել ու աշխատում է նաև այդ տարածքի «Մարս» համատիրությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է թիվ 1 ընտրատարածքում  առաջադրված  ՀԱԿ թեկնածու Գայանե Առուստամյանը:

«Ես  փողոցում պատահմամբ տեսա համատիրության աշխատակցուհուն ու հարցրի, թե ո՞վ է ձեզ թույլ տվել նստել  ու աշխատել ՀՀԿ շտաբում՝ ի՞նչ է, գրասենյակ չունե՞ք: Նա շփոթվեց  և ոչ մի պատասխան չտվեց՝  պատճառաբանելով, թե փողոցում ենք, մարդիկ մեզ լսում են, ու խնդրեց այս հարցի քնննարկումը տեղափոխել մեկ ուրիշ օր:

Նա նաև ասաց, որ կխոսի այդ մասին այն դեպքում, երբ  շրջակայքում ոչ ոք չլինի», – պատմել է Առուստամյանն ու ավելացրել, որ ինքը զգուշացրել է, թե վաղը գնալու է ու պարզի՝ արդյոք շարունակում են աշխատել ՀՀԿ նախընտրական շտաբում:

Իսկ թե ինչու՞ է «Մարս» համատիրությունը տեղափոխվել ՀՀԿ շտաբ՝ Առուստամյանը  մեկնաբանել է հետևյալ կերպ:

«Գաղտնիք չէ, որ նախորդ ընտրություններին հատկապես համատիրություններն են ապահովել իշխանության օգտին ձայներ հավաքելու գործընթացը և հենց համատիրություններն էլ շենքի ընչազուրկ, աղքատ ու հատկապես ծեր բնակչությանը հավաքում, տանում են ընտրություների՝ կամ ներելով նրանց կուտակած պարտքերը,կամ բաժանելով ընտրակաշառք: Այս անգամ  նույնպես, ենթադրում եմ, որ այդպես է լինելու, քանի որ համատիրությունը չի կարող, այսինքն իրավունք չունի գնալ ու աշխատել իշխող ռեժիմի շտաբում», – ասել է Առուստամյանը: Նրա խոսքով` սա համատիրության անդամների ոտնահարում է՝ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, ու նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր չեն ուզում գնալ ու աշխատել շտաբում:

«Իսկ ինչու՞ են  նրանք այդ շտաբում աշխատում, որովհետև մի կողմից փորձում են կարիքավոր մարդկանց ներել պարտքերն ու այսպիսով սիրաշահել ու ձայներ փախցնել, մյուս կողմից նրանք համակարգում են շենքերում ապրող ծերերին, խմբերով տանում ընտրությունների ու ապահովում  ի օգուտ ռեժիմի կատարվող գործընթացը», – ընդգծել է Առուստամյանը:

«2008 թվականին՝ նախագահական ընտրություններից առաջ, ապօրինի ձևավորվորվեց «Մարս» համատրությունը: Նախկին  համատիրություններն իբր  փոխվեցին, իբր տեղի ունեցան ընտրություններ՝ բազմաբնակարան շենքերի ու համատիրությունների մասին օրենքներով: Ես այդ համատիրությունների վերստուգիչ հանձնաժողովի անդամ եմ եղել ու հայտարարել եմ, որ այդ ընտրությունը տեղի  է ունեցել ապօրինի, որովհետև ընտրություն, որպես այդպիսին, չի եղել. Ընդամենը համատիրության նախկին նախագահից փաստաթղթերը փոխանցվել են ներկա նախագահին: Նույնիսկ ինձ առաջարկել են ստորագրել, որ ընտրություններ են եղել: Ես, բնականաբար, հրաժարվել եմ և ստորագրելուց և համատիրության անդամությունից», – պատմել է Առուստամյանը: