Home / Տեսանյութեր / ՄԱԿ-ի պաշտոնյաների կանայք YouTube-ով դիմել են Սիրիայի առաջին տիկնոջը

ՄԱԿ-ի պաշտոնյաների կանայք YouTube-ով դիմել են Սիրիայի առաջին տիկնոջը

ՄԱԿ-ում Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների կանայք YouTube կայքում տեսանյութ են տեղադրել, որում կոչ են անում Սիրիայի առաջին տիկնոջը` Ասմա Ասադին օգնել վերջ դնել երկրում տեղի ունեցող արյունահեղությանը, հայտնում է BBC-ն:

Նրանք խնդրում են Ասմային համոզել իր ամուսնուն` Բաշար Ասադին` դադարեցնել հակակառավարական ընդվզումների դաժան ճնշումը:

Տեսանյութում նախագահի կնոջ շքեղ կյանքը նկարագրող կադրերին հաջորդում են սպանված և վիրավորված սիրիացի երեխաներին պատկերող տեսարանները:

Բարձրաստիճան պաշտոնյաների կանայք հայտնել են, որ ֆիլմն իրենց իսկ նախաձեռնությամբ է ստեղծվել:

4 րոպեանոց տեսանյութում նրանք դիմում են անմիջապես առաջին տիկնոջը` նրան Ասմա անվանելով:

Երբ ցույց են տալիս վիրավոր կամ մահացող երեխաներին պատկերող տեսարաններ, կադրի հետևի ձայնը ասում է. «Նրանք կարող էին քո երեխաները լինել»:

Ֆիլմը կոչ է անում Ասմային «ձայն բարձրացնել հանուն խաղաղության պաշտպանության» և նրան ուղիղ հարց են տալիս. «Ի՞նչ է պատահել քեզ, Ասմա»:

Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մեկ տարի է` չեն դադարում զինված բախումները հակակառավարական ուժերի և ընդդիմության միջև: Սիրիական ընդդիմությունը հայտարարում է 7,5 հազար զոհերի մասին, միաժամանակ պաշտոնական Դամասկոսը հաղորդում է «զինված ահաբեկիչների» ձեռքով սպանված երկու հազար ոստիկանների և զինվորականների մասին: