Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է Հայաստանի իշխանություններին շուտափույթ և անաչառ կերպով քննել «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության վրա իրականացված խմբակային հարձակումը: Միջազգային կազմակերպությունը նշում է, որ նաև քննության է արժանի բռնությունները մեկնարկելուց հետո ոստիկանության կողմից միջամտության բացակայության փաստը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի առավոտյան շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ՝ պահանջելով չեղյալ համարել Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, որը կազմակերպել էր Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը` իրավապաշտպան Գեորգի Վանյանի գլխավորությամբ: Հարձակվողները քարերով ջարդել են գրասենյակի պատուհանները, սպառնացել անձնակազմին: Նրանք հեռացել միայն նրանից հետո, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել է փառատոնի չեղյալ լինելու մասին:
«Ֆիլմերի փառատոնը Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կետրոնի ծրագիրն էր՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցմանը, բայց ստացված տեղեկությունների համաձայն, հայ ազգայնական խմբերը և քաղաքական կուսակցությունները միասին են կազմակերպել միջոցառումը դադարեցնելուն ուղղված ակցիան:
Ֆիլմերի ցուցադրությունը նախկինում ծրագրվել էր Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, բայց չեղյալ էր հայտարարվել նպատատիպ հարձակման սպառնալիքների պատճառով», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Freedom House-ը կոչ է անում իշխանություններին կատարել փառատոնը և դրա կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիների խաղաղ արտահայտման ազատությունը պաշտպանելու պարտքը: