Home / Հայաստան / 20-րդ դար. Ցեղասպանություններ. Ֆաշիստական Գերմանիան սպանում էր «ոչ արիացիներին»

20-րդ դար. Ցեղասպանություններ. Ֆաշիստական Գերմանիան սպանում էր «ոչ արիացիներին»

Հոլոքոստը  (Ողջակիզում)  մոտ 6 միլիոն (թիվն ամրագրվել է Նյուրնբերգյան տրիբունալի կողմից) եվրոպական հրեաների հետապնդումներն ու զանգվածային ոչնչացումն է նացիստների կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945)։

Հոլոքոստի զոհեր են համարվում նաև գնչուները, լեհերը, Խորհրդային միության քաղաքացիները, միասեռականները, անհույս հիվանդները, որոնք նույնպես ոչնչացվում էին ֆաշիստական Գերմանիայի հատուկ ծառայությունների և զորքերի կողմից:

Ադլոֆ Հիտլերի ղեկավարած պետության բոլոր միջոցներն ուղղված էին էթնիկ զտումների միջոցով գերմանական կայսրություն ստեղծելուն։  Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր ըստ ազգային պատկանելության, անցանկալի բնակչությանը ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, բռնագաղթեցնում էին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայքներ։

Հակահրեական գործողությունները սկսվել են դեռևս 1933 թվականին: Գերմանիայի կանցլեր նշանակվելուց անմիջապես հետո Ադոլֆ Հիտլերը մի շարք հակահրեական օրենքներ ընդունեց. հրեաներին արգելվում էր որևէ հասարակական ծառայություն մատուցել, այդ թվում` քաղաքացիական ծառայություն, չէր թույլատրվում աշխատել արդարադատության և մանկավարժության ոլորտներում: Հրեա բժիշկները ազատվեցին Բեռլինի հիվանդանոցներից: Նրանց արգելվում էր սպորտային միջոցառումների մասնակցել կամ լրագրող աշխատել գերմանական պարբերականներում:

1935-ից հրեաներին արգելվում է նաև ծառայել գերմանական զինված ուժերում: Հիտլերի կողմից անձամբ ստորագրված «Նյուրնբերգյան օրենքները» հայտարարում էին` միայն գերմանական կամ արիական արյուն ունեցողները կարող են լինել Գերմանիայի քաղաքացի: Հրեաների և ոչ հրեաների միջև ամուսնություններն արգելվում են: «Հրեաների մուտքն արգելված» է գրությունը հայտնվում է գրեթե բոլոր գրասենյակների, խանութների, հյուրանոցների և այլ հասարակական վայրերի մուտքերին:

1936-ին սկսվում է հրեա գրողների գրքերի զանգվածային ոչնչացումը: Հիմնվում են  համակենտրոնացման ճամբարներ: Առաջին ճամբարը բացվում է Բուխենվալդում: Մինչ 1939-ի կեսերը Գերմանիան լքում են շուրջ կես միլիոն հրեաներ` մեկնելով ԱՄՆ: Շուրջ 33,000-ը տեղափոխվում են Պաղեստին:

1938-ի նոյեմբերի 8-9-ին տեղի է ունենում «Բյուրեղյա գիշերը», երբ հրեական խանութներն ու տները հարձակման ենթարկվեցին, սինագոգները հրդեհվեցին և շուրջ 90 հրեաներ սպանվեցին: Հրեական համայնքին կարգադրեցին վճարել պատճառված վնասի համար: Այդ ժամանակից սկսած մոտ 45,000 հրեաներ ձերբակալվեցին  և ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ: Հակասեմիտակամն օրենքներ ընդունվեցի նաև Հունգարիայում, Իտալիայում:

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստանի վրա իրագործված հարձակումով մեկնարկեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը հնարավորություն տվեց ֆաշիստական Գերմանիային էլ ավելի ահագնացնել իրենց գործողություններն ուղղված «ոչ արիացիների» դեմ:

Եերկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համակենտրոնացման ճամբարների վառարաններում միլիոնավոր հրեաներ ողջակիզվեցին:

2005 թվականի նոյեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեան առանց քվեարկության բանաձև ընդունեց, որը դատապարտում է Հոլոքոստի` որպես պատմական իրադարձության մասնակի կամ ամբողջական ժխտումը: 2007-ին ընդունված բանաձևը դատապարտելի է համարում Հոլոքոստի` որպես պատմական փաստի ժխտումը: