Home / Հայաստան / Հայաստանն ու ԵՄ-ն բանակցել են Շենգենի մուտքի արտոնագրերի շուրջ

Հայաստանն ու ԵՄ-ն բանակցել են Շենգենի մուտքի արտոնագրերի շուրջ

Ապրիլի 26-27-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի դյուրացման և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման /ռեադմիսիայի/ շուրջ համաձայնագրերի բանակցությունների երկրորդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանի գիտնականները, ուսանողները,  լրագրողները,  գործարարները, սպորտի և արվեստի գործիչները և այլք վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենի մուտքի արտոնագրերի գինը և դյուրացնել ընթացակարգերը:

Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին զուգահեռ Հայաստանի և ԵՄ միջև բանակցվում է նաև հետընդունման մասին համաձայնագիր, որով կարգավորվելու են ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման հարցերը:

Բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջև արդյունավետ աշխատանքի արդյունքում լավ առաջընթաց է գրանցվել փետրվարից մեկնարկած գործընթացում, ինչի հետևանքով հնարավոր կլինի մոտ ապագայում ավարտին մոտեցնել բանակցությունները:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է Երևանում հունիսին: