Home / Տեսանյութեր / Վանաձորի բնակիչը հացադուլ էր հայտարարել Վճռաբեկ դատարանում, պահանջում է ազատել որդուն (թարմացված)

Վանաձորի բնակիչը հացադուլ էր հայտարարել Վճռաբեկ դատարանում, պահանջում է ազատել որդուն (թարմացված)

Վանաձորի բնակիչ Հովսեփ  Հովհաննիսյանը այսօր առավոտյան ժամը 10.00-ից Վճռաբեկ դատարանի շենքի ներսում՝ աստիճաններին, հացադուլ է հայտարարել:

Նա պահանջում է ազատ արձակել 15 օր Վանաձորի մեկուսարանում կալանքի մեջ գտնվող որդուն՝  22-ամյա Հարբիկ Հովհաննիսյանին, այլապես ինքը դիմելու է ծայրահեղ քայլի՝ ընդհուպ  հրապարակային ինքնասպանության: Epress.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, որ որդու կալանքն անօրինական է:

Հացադուլավորի խոսքով` ինքը բողոքում է ինչպես Վճռաբեկ դատարանի, այնպես էլ Վանաձորի դատարանի քմահաճությունների դեմ: Նա նշել է, որ իր որդին մեկ անգամ հարգելի պատճառով խուսափել է զորակոչից, քանի որ այդ ընթացքում նաև մյուս որդուն էին բանակ զորակոչում, ինքն ու իր կինն էլ ծանր հիվանդ են եղել, ինչի մասին Զինկոմիսարիատ դիմում է ներկայացվել: Դրանից հետո, Հովհաննիսյանի խոսքով,  իր որդին ամուսնացել է ու հասցրել երկու երեխա ունենալ ու, առանց այդ փաստը հաշվի առնելու, նրան կալանավորել են:

«Քրեական դատավարության մասին օրենքով նույն արարքի համար երկու պատիժ չի նախատեսվում: Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ որդիս ազատվել է մարտի 7-ին: Մարտի 27-ին որոշումը ուղարկվել է դատարաբ, իսկ մարտի 29-ին Վճռաբեկ դատարանը ստացել է որոշումը, որից հետո մարտի 30-ին դատարանը անօրինական որոշում է կայացրել: Ազատված որդուս ապրիլի 23-ին ոստիկաններով գալիս, կալանավորում են ու տանում մեկուսարան բանակից խուսափելու համար», – նշել է նա:

Հոր խոսքով` ապրիլի 2-ին Վճռաբեկ դատարանից զանգել են և խնդրել բողոք գրել, որպեսզի որոշումը վերանայվի, քանի որ որոշումը կայացնելուց առաջ իրենք փոստը չէին ստուգել: Ապրիլի 10-ին Վճռաբեկ դատարանը Վանաձորի դատարանից էլեկտրոնային փոստով հետ է պահանջել Հարբիկ Հովհաննիսյանի գործը: Ապրիլի 14-ին կրկին հետ է պահանջել արդեն հասարակ փոստով: Սակայն, Հովհաննիսյանի խոսքով, Վանաձորի դատարանը Վճռաբեկ դատարանի պահանջած գործը հետ չի ուղարկել, և դրա փոխարեն ապրիլի 17-ին գրություն է ուղարկել ոստիկանություն Հարբիկ Հովհաննիսյանին կալանավորելու մասին:

Տղայի հայրը ապրիլի 23-ին դիմել է դատարան, որտեղ իրեն ասել են, որ Վճռաբեկ դատարանն իրենցից նման բան չի պահանջել, սակայն հետագայում գտել են նամակը իրենց փոստում և նշել են, որ մինչ այդ փոստը չէին ստուգել:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ 15 օր անընդմեջ զանգում է Վճռաբեկ դատարան՝ պարզելու, թե ե՞րբ է դատարանը նիստ հրավիրելու, որպեսզի որդու ազատման մասին որոշում կայացվի:

«Ամեն օր ասում են այսօր, վաղը: Երեկ չէ առաջին օրը զանգ տվեցի, ասացին՝ այսօր ժամը 3-ին նիստը եղել է, վաղը կստորագրեն, մյուս օրը կգան, կտանեն՝ ու՞ր է: Հիմա էլ եկել եմ, երկու հոգի, չգիտեմ, թե ով են, թղթերս վերցնում-տանում են՝ ասելով, թե կքննարկեն: Զանգել եմ, ՄԻ պաշտպանի գրասենյակից աշխատող եմ կանչել, ով պահանջս լսելուց հետո ոչինչ չի արել», – նշել է նա:

«Նստելու եմ այնքան ժամանակ` մինչև պատկան մարմինները կբարեհաճեն պատասխան տալ: Ի վերջո այս երկրում մի բան պետք է փոխվի, թե՞ չէ: Մնալու ու գիշերելու եմ հենց այս աստիճաններին, ու թող աշխատանքային օրվա ավարտին իմ դեմ ուժ կիրառեն՝ այստեղից հանելու համար, միևնույն է չեմ գնալու», – նշել է Հովսեփյանը:

Նա նաև նշել է, որ ինքը անդամակցում է ՀՀԿ-ին ու չի հասցրել դիմել կուսակցության գրասենյակ, քանի որ այստեղ գալու որոշումը կտրուկ է ընդունել:

«Ինձ ոչ ոք պատասխան չի տալիս, բացահայտ ձեռք են առնում, առավոտից աստիճաններին նստած եմ, անցնողներից ոչ ոք չի մոտենում՝ իմանան, ի՞նչ դարդ ունեմ, մի բան էլ վիրավորում են՝ ասելով, թե շոու եմ կազմակերպել: Ի՞նչ է, 50 տարեկան մարդը եկել-նստել է այստեղ շոու է անու՞մ», – ասել է նա:

Ի դեպ՝ հացադուլի դիմած հոր հետ Վճռաբեկ դատարան էր եկել նաև որդու գործով փաստաբան Շարբաթյանը, ով Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքն էլ չգիտի քաշքշուկի պատճառը:

«Չեմ հասկանում՝ կամ տեխնիկական քաշքշուկի, թե բյուրոկրատական քաշքշուկի պատճառով տղան նստած է: Խնդրել ենք պարզել նիստի օրը, գոնե մի բան իմանամ, համոզեմ տուն գնալ: Իմ դուրն էլ չի գալիս, որ Հովսեփը նստել է աստիճաններին: Նրա պահանջը միանգամայն օրինական է», – նշել է փաստաբանն ու ավելացրել , որ  Վճռաբեկ դատարանում անգամ զլանում են պատասխանել՝ գործը ո՞ր դատավորի  վարույթում է գտնվում, կամ վարույթ ընդունվե՞լ է, թե՝ ոչ», – ասել է փաստաբանը` հավելելով, որ Հովսեփ Հովհաննիսյանի այս քայլն իր համար անակնկալ է ու ինքը սպասելու ու հսկելու է, որ հացադուլի դիմած հայրը կտրուկ քայլերի չդիմի:

Նշենք, որ Epress.am-ը տվյալ գործի հետ կապված հարցում է կատարել ՀՀ դատական դեպարտամենտ և հետևյալ պատասխանը ստացել.

«Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հարբիկ Հովսեփի Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով:

Գործը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, այնուհետև ՀՀ վճռաբեկ դատարան: Երկու դեպքում էլ կայացված դատական ակտերը մնացել են անփոփոխ:

Հ.Հովսեփյանը կրկին վճռաբեկության կարգով բողոքարկել է դատական ակտը: Բողոքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից քրեական գործը ստացել է 2012թ. մայիսի 2-ին: ՀՀ օրենսդրության համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքներն ուսումնասիրում և վարույթ ընդունելու կամ բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշումն ընդունում է Վճռաբեկ դատարանում գործն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

2012թ. մայիսի 4-ին Հարբիկ Հովհաննիսյանի հայրը` Հովսեփ Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում  հայտարարել է հացադուլ: ՀՀ դատական դեպարտամենտում Հովսեփ Հովհաննիսյանին տրվել է սպառիչ պատասխան այն մասին, որ գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում, իսկ դատարանն իրավական դիրքորոշում կարտահայտի օրենքով սահմանված ժամկետում:

Հովսեփ Հովսեփյանի պահանջը, ըստ որի` վերջինս կդադարեցնի հացադուլն այն ժամանակ, երբ իրեն կհայտնվի դատական նիստի օրը, իրավաչափ չէ այն հիմնավորմամբ, որ դատական նիստ կարող է նշանակվել բացառապես այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը կընդունի բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում»:

Նշենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Հովսեփ Հովհաննիսյանը ժամը 19:00-ի սահմաններում լքել է Վճռաբեկ դատարանի շենքը: