Երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու ազգայնականի, որոնք մեղադրվում են D.I.Y բարում մայիսի 8-ին տեղի ունեցած հրդեհը կազմակերպելու մեջ:
Ոստիկանությունը պարզել է, որ ատելության և վանդալիզմի այս գործողությունը կատարվել է պարսկահայ եղբայրներ Արամե և Համբիկ Մ.-երի կողմից: Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ոստիկանությունը հաղորդում է, որ գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, ազգայնականները մայիսի 8-ին վաղ առավոտյան կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ընկերությանը պատկանող ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:
D.I.Y բարի սեփականատեր Արմինե Օգանեզովան (հայտնի է որպես Ծոմակ`արվեստագետ, «Պինցետ» պանկ խմբի մենակատար) Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նշված երկուսը նախկինում ևս հարձակում գործել են բարի վրա, թքել և փսխել բարի մուտքի մոտ:
Լուսանկարը` Թագուհի Թորոսյանի