Home / Հայաստան / Գյումրիում հոր բժշկին սպանած Արտակին 15 տարով ազատազրկեցին. փաստաբանը դժգոհ է

Գյումրիում հոր բժշկին սպանած Արտակին 15 տարով ազատազրկեցին. փաստաբանը դժգոհ է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատախազ Վաղինակ Մխիթարյանի նախագահությամբ, 15 տարվա ազատազրկման է ենթարկել   դիտավորյալ սպանություն իրականացնելու մեջ մեղադրվող 28-ամյա Արտակ Կարապետյանին, ով իր հորը օգնություն ցույց տալու կանչված շտապօգնության 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին հայհոյել էր, հարվածներ հասցրել, ինչի հետևանքով բժիշկը մահացել էր: Այս մասին  այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է  Կարապետյանի  փաստաբան  Թամարա Յայլոյանը:

«14 տարին սահմանվեց՝ քր. օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ «Դիտավորյալ սպանություն` կապված անձի ծառայողական գործունեության հետ», առավելագույն պատիժը ցմահ ազատազրկում) և 1 տարի՝ խուլիգանության մեղադրանքով: Պատիժներին իրար գումարվեցին ու կազմեց 15 տարի», – ասել է Յայլոյան  ու ավելացրել, որ ինքը, որպես փաստաբան,  դժգոհ է  դատավճռից  և պնդում է, որ Արտակի արածը խուլիգանություն է:

«Հաջորդ շաբաթ պետք է հանդիպեմ Արտակին, կզրուցենք ու նրա խոսքից կախված՝ կբողոքարկե՞նք, թե՝ ոչ», – նշել է Յայլոյանը:

Փաստաբանի խոսքով՝ մեղադրյալը շատ հանգիստ է ընդունել դատավճիռը, քանի որ սահմանված էր մինչև 25 տարի և  ցմահ ազատազրկում՝ այսինքն՝  12-ից 25 տարի էր սահմանված, և դատարանը նվազագույնին  ընդամենը  3 տարի է ավելացրել:

«Դատարանը, երևի, հաշվի առավ ու հիմք ընդունեց նախկինում հանցանք կատարած չլինելու, մանկահասակ երեխա ունենալու հանգամանքները: Եթե նույնիսկ դիտարկենք, որ դա  սպանություն է, ուղղակի դիտավորություն չի եղել, հաշվի է առնվել նաև այս հանգամանքը: Ճիշտ է, մենք դեռ ամբողջական դատավճիռը չենք ստացել, դատարանը դատավճռից  քաղվածք է հրապարակել ու նշել, որ հնգօրյա ժամկետում  ամբողջ տեքստը կուղարկի Արտակին», – ասել  է Յայլոյանն ու հավելել, որ  տուժողի իրավահաջորդը շատ դժգոհ է մնացել  պատժից՝ նշելով որ պետք է ցմահ ազատազրկում նշանակվեր:

«Ես նախկինի պես պնդելու եմ, որ պետք է բողոքարկել, քանի որ գտնում եմ, որ արարքը սխալ էր վերաորակված, բայց  վերջնական որոշումը  Արտակինն է», – եզրափակել է Յյալոյանը:

Հիշեցնենք, որ  դատական նիստերից մեկի ժամանակ փաստաբանը միջնորդել էր արտաշիրիմում անել, ինչը դատարանը մերժել էր: Համաձայն պաշտպան կողմի, արտաշիրիմումից հետո կարող էր պարզվել, որ բժիշկը Կարապետյանի հասցրած հարվածների հետևանքով չի մահացել:

Հիշեցնենք, որ «Արթիկ» քրեակատարողական  հիմնարկում մարտի 6-ին  հացադուլ հայտարարած Կարապետյանը բանտարկյալներին օրենքով  տրամադրվող ասեղ-թելով կարել էր բերանը, իսկ  6 օր անց` ցմահ ազատազրկումից վախեցած,  քանդել էր կարերը ու ինքնավնասման փորձ կատարարել` դոմինոյի քար կուլ տալով: