Home / Տեսանյութեր / Աշոտյանը պնդում է` կոնսերվատորիայի և Բրյուսովի շենքերը չեն վաճառվելու

Աշոտյանը պնդում է` կոնսերվատորիայի և Բրյուսովի շենքերը չեն վաճառվելու

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերքել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքերի վաճառքի ու բուհերի միավորման մասին լուրերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ոչ մի տեսակի բուհերի խոշորացման ծրագիր այս պահին, անգամ նախագծային տեսքով, գոյություն չունի։ Հատկապես ուզում եմ շեշտել, որ պետական կոնսերվատորիան, ելնելով կրթության առանձնահատկություններից, չի կարող միացվել ոչ մի բուհի», – կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է կրթության և գիտության նախարարը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին։

Անցյալ ամիս մամուլով լուրեր էին տարածվել, որ ծրագրվում է կոնսերվատորիան և Բրյուսովի համալսարանը մտցնել մանկավարժական համալսարանի կազմի մեջ, իսկ այդ բուհերի շենքերը վաճառել՝ դարձնելով հյուրանոցներ։