Home / Հայաստան / Մայրը տեսել է հիվանդ որդուն ու վատացել. «Մնացել են Սուրենիս կաշին ու ոսկորները»

Մայրը տեսել է հիվանդ որդուն ու վատացել. «Մնացել են Սուրենիս կաշին ու ոսկորները»

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 42 օր հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանին այսօր  Գորիսից տեղափոխել են Կապան, որպեսզի մասնակցի դատական նիստին, որն այդպես էլ չի կայացել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում  ասել է Կապանում գտնվող մայրը՝  Զվարթ Կիրակոսյանը, ով տարակուսած նշել է, որ  որդուն տեսնելուց հետո  ինքը հայտնվել է աննկարագրելի վիճակում:

«Փաստորեն ես պետք է բաց աչքերով նայեմ, թե ոնց է իմ երեխեն մեռնում: Տղայիս 70 կիլոմետր ճանապարհ են բերել՝ առանց բժշկի հսկողության, պատկերացնու՞մ եք:  Զարմանում եմ՝ այդքան ոլորաններին ո՞նց է երեխես դիմացել. մնացել են Սուրենիս կաշին ու ոսկորները: Մտել եմ քրեակատարողական հիմնարկի պետի մոտ ու հարց տվել՝ ո՞նց եք իմ հիվանդ, ուժասպառ երեխուն առանց բժշկի տեղափոխել, ինչ իրավունքով, նա էլ պատասխանեց՝ ձեր տղան իրեն շատ լավ է զգում, ճնշումը 100/80 է, այն դեպքում, երբ Սուրենի ճնշումը  70/40 էր: Երեխուցս ինչ ա մնացել: 95 կիլոգրամ քաշով տղայիս դարձրեցին կմախք Ասում են՝  տղաս հանցագործ է, ուրեմն էս ամբողջ հանցագործ երկրում երեխես կրա՞կն է ընկել», – ասել է  Զվարթ Կիրակոսյանը:

Նա նշել է, որ Սուրենն այս պահին ոստիկանությունում է և իրեն շատ վատ է զգում:

«Փաստաբանն ասաց, որ շտապ օգնություն է եկել, որպեսզի առաջին օգնություն ցուցաբերեն, սակայն վստահ չեմ կարող ասել, թե այս պահին ինչ է կատարվում. տեսակցություն թույլ չեն տալիս, սպասում ենք, որ փաստաբանը  մտնի մոտը, տեսնենք՝ ին՞չ են անելու», – պատմել  է մայրը՝ նշելով, որ այսօր  տղայի հետ հեռախոսով հասցրել է ընդամենը մի քանի բառ փոխանակել:

«Երեխես չկարողացավ խոսել, միայն ասաց՝ մամ ջան, լավ մնա, ու անջատեց» – ասել է լացակումած մայրը:

Այս պահին Սուրեն Կիրակոսյանին Կապանից տեղափոխում են Գորիս: Ինչպես Epress.am-ին հայտնել է զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը, տիկին Զվարթը ևս գնում է Գորիս` ՔԿՀ-ի հիմնարկի պետին խնդրելու տեսակցություն որդու հետ: Մայրը պատրաստվում է համոզել նրան դադարեցնել հացադուլը:

Հիշեցնենք, որ Սուրենը զորակոչվել է 2009թ. հունիսին, թեև ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են` ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի՝ ի ծնե պիգմենտային խալեր:

Որոշ ժամանակ ծառայելուց հետո տղայի առողջական վիճակը վատացել է:  Զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է  փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: 5 ամիս Սուրենը տանն է անցկացրել, հետո նրան` մեկ տարի 27 օր ՀՀ-ում փնտրելուց հետո հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն  անազատության մեջ է, սակայն նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: