Home / Հայաստան / Հարցաքննե՞լ Հայրապետյանին. Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Ավետյանի սպանությունը չպետք է քաղաքականացվի

Հարցաքննե՞լ Հայրապետյանին. Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Ավետյանի սպանությունը չպետք է քաղաքականացվի

Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության դեպքով մտահոգված քաղաքացիները հավաքվում են Զեյթուն թաղամասի շուկայի մոտ, որտեղից երթով շարժվելու են դեպի Ավետյանի տուն: Այսօր, ժամը 14:00-ին կայանալու է Ավետյանի հուղարկավորության արարողությունը:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, շուկայի մոտ փոքր միջադեպ է գրանցվել: Հավաքված մարդկանց են մոտեցել մի խումբ կանայք և հորդորել են լքել շուկայի տարածքը՝ հայտարարելով, որ Հայաստանում ամեն օր բազմաթիվ մարդիկ են մահանում, և կարիք չկա նման ակցիա անցկացնել:

Այնուամենայնիվ, ակցիայի մասնակիցները համոզել են կանանց չխանգարել իրենց շարունակել երթը:

Երթի մասնակիցներից մի քանիսի խոսքով՝ այս կանայք ուղարկված են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից, ով Ռուբեն Հայրապետյանի ընկերն է:

Ակցիայի մասնակից ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իր հերթին, կոչ է արել այս քրեական գործը չքաղաքականացնել:

Հարցին՝ արդյոք այս գործի շրջանակներում չպետք է հարցաքննվի Ռուբեն Հայրապետյանը, Զոհրաբյանն ասել է, որ չի ցանկանում խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը:

«Չեմ կարծում, որ հրահանգով է արվել: Պարզապես զարմանում եմ՝ ինչպես մարդ կարող թէ հասնել գազանության այն աստիճանի, որ ուրիշի կյանքը խլի: Գազանությունը հովանավորություն չպետք է ունենա: Այս հարցը քաղաքական չէ: Այստեղ ընդդիմություն, իշխանություն, քաղաքացիական հասարակություն չպետք է տարբերել: Մեղավորները պետք է պատժվեն», – ասել է Զոհրաբյանը:

Ակցիայի մասնակից ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն էլ ասել է, որ քանի որ «Հարսնաքարում» են եղել Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահները, ուստի ինքն էլ այտեղ էր և, հետևաբար, պետք է հարցաքննվի քրեական գործի շրջանակներում: