Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պոչամբարը վթարի է ենթարկվել, ինչի արդյուքնում պոչերը լցվել են Ողջի գետը: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Նրա խոսքով` թեև նման վթար առաջին անգամ չէ կոմբինատում տեղի ունենում, սակայն այս անգամ իրավիճակը շատ լուրջ է, գետը մոխրագույն է դարձել, տհաճ հոտ է տարածում:
Փարսադանյանի խոսքով՝ առավոտյան ամեն ինչ ավելի վատ էր թվում, իսկ արդեն հիմա` երեկոյան, գետի գույնը փոքր-ինչ բաց երանգ է ստացել: ՀԿ նախագահն ասել է, որ Ողջիի կենդանական աշխարհը դեպքի հետևանքով վերացել է, այն է՝ ձկների մի մասը սատկել է, մյուս մասը մուտացիայի է ենթարկվել և պիտանի չէ սննդում օգտագործման համար:
Փարսադանյանը հայտնել է, որ դեպքի մանրամասները իմանալու, ինչպես նաև վերականգնողական միջոցառումների մասին տեղեկանալու համար դիմել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանական հարցերի պատասխանատու վարչությանը, սակայն նրան հրաժարվել են պատասխանել` պատճառաբանելով, թե պաշտոնական հայտարարությունը դեռ պատրաստ չէ:
Epress.am-ի զրույցում կոմբինատի բնապահպանական հարցերի վարչության պետը, ով նշեց միայն իր պաշտոնը՝ հրաժարվելով ասել անունը, ընդգծել է, որ առավոտվա պատահարը չի կարելի վթար անվանել:
Նրա խոսքով՝ ինքը 35 տարի ոլորտում է աշխատում և նման բաներ շատ են եղել, բայց աղմուկ չի բարձրացել: Այն հարցին, թե որն է վթարի պատճառը, կոմբինատի աշխատակիցը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ նման տեղեկատվություն կարող է տալ միայն տնօրենը, ում համարը նա հրաժարվել է ասել:
Լուսանկարը՝ ecolur.org