Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը արգելել է նրա հետ հարցազրույցին մասնակցել մի շարք տեղական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, այդ թվում՝ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի, «Հինգշաբթի» շաբաթաթերթի, «Ցայգ» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների լրագրողներին, «Ազատություն» ռադիոկայանի և «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակիցներին: Այս մասին ասված է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տարածած հայտարարության մեջ:
«Մինչ Սերժ Սարգսյանի` Գյումրու նորակառույց հիվանդանոցի բացմանը ժամանելը նախագահական պալատի մամուլի պատասխանատուն հավաքված լրագրողներին տեղեկացրել է, թե վերջինիս հետ ոչ մի հարցազրույց չի նախատեսված: Մինչդեռ` Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց կատարած շրջայցից հետո, հենց հիվանդանոցի ներսում կազմակերպվեց հարցազրույց, որին մասնակցել են երևանյան մի շարք լրատվամիջոցներ, Հ1 հեռուստաընկերության տեղական թղթակիցը և մարզի մյուս լրագրողների աչքի առաջ ներս են հրավիրել նաև «Շանթ»-ի Գյումրու թղթակցին: Տեղական մյուս լրատվամիջոցների լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ լրատվամիջոցների միջև խտրականություն դրվեց և ինչո՞ւ մյուսներն էլ ներս չհրավիրվեցին` լրատվության պատասխանատուն պատճառաբանել է, թե «ներսում տեղ չկար», և առաջարկել է օգտվել իրենց արած հարցազրույցի տեսագրությունից, որն հրապարակվելու է ավելի ուշ», – նշում են հայտարարության հեղինակները:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատապարտում է տեղացի լրագրողների նկատմամբ տվյալ վերաբերմունքը, այն գնահատում է որպես խոսքի ազատության սահմանափակման խայտառակ դեպք, և խտրականություն նույն մասնագիտության ներկայացուցիչների տարբեր խմբերի նկատմամբ:
«Դժվարանում ենք կռահել այս վերաբերմունքի իսկական դրդապատճառները, գուցե աշխատակազմը մտահոգ է եղել, որ տեղացի լրագրողները չպլանավորած ու արտասցենարային հարցեր էին հղելու Սերժ Սարգսյանին: Իսկ ներսում տեղ չլինելու մասին պատճառաբանությունները ուղղակի ծիծաղելի են. հիվանդանոցը բազմաթիվ սպասասրահներ ու դահլիճներ ունի:
ՀՀ նախագահի աշխատակազմը պարտավոր է պատշաճ և հիմնավոր բացատրություններ ներկայացնել հանրությանը այն մասին, թե ինչով էր պայմանավորված այսօրվա խտրականությունը լրագրողների նկատմամբ:
Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը վերը նկարագրված փաստերին և պահանջում քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի առաջին մասի հատկանիշներով. «…1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով…»», – նշված է հայտարարության մեջ: