Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը՝ իր մականվան, Տեր-Պետրոսյանի ու «Հարսնաքարի» սպանութան մասին

Ռուբեն Հայրապետյանը՝ իր մականվան, Տեր-Պետրոսյանի ու «Հարսնաքարի» սպանութան մասին

«Նուվել դ’Արմենի Մագազին» պարբերականի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանը (ՍՄ) այս տարվա օգոստոսի 11-ին հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ: Բացառիկ հարցազրույցի մի մասը ֆրանսիական թարգմանությամբ տպագրվել է պարբերականի վերջին համարում (N188, սեպտեմբեր 2012):

Հաշվի առնելով հարցազրույցի բացառիկ բնույթը, «Նուվել դ’Արմենին» որոշեց այն վերաարձանագրել հայերեն և ամբողջությամբ հրապարակել իր կայքում՝ հայախոս և, մասնավորապես, հայաստանցի ընթերցողի համար:

ՍՄ- Սկսենք սկզբից: Դուք ի՞նչ միջավայրում եք ծնվել և մեծացել:

ՌՀ- Ես ծնվել եմ սոցիալապես ապահով ընտանիքում: Խորհրդային տարիներին, 1970-ականներից սկսած, հայրս երկու ռեստորան էր ղեկավարում: Մեկը գտնվում էր Աճառյան փողոցի ծայրին, իր ժամանակին շատ լավ ռեստորան էր, Երևանի լավագույն ռեստորաններից մեկը, իսկ մյուսը Նորքի զանգվածում էր՝ հիվանդանոցի կողքին, կոչվում էր «Գրիլ բար»: Հայրս դրանք զրոյից էր կառուցել և դրանց տնօրենն էր:

ՍՄ – Ձեր հայրը որտեղի՞ց էր ձեռք բերել այդ երկու ռեստորանը կառուցելու միջոցները:

ՌՀ- 1970-ին ես յոթ տարեկան էի: Պիտի նրան հարցնեք: Ես գիտեմ, որ 1970-ից առաջ, հայրս բեռնափոխադրման ոլորտում է աշխատել, ինչը բավականին շահութաբեր ոլորտ էր: Մեծ մեքենաներով Հայաստանից արտահանում էին սննդամթերք ու քարեր : Մայրս չէր աշխատում: Տնային տնտեսուհի էր: ՍՄ- Ձեր ընտանիքի արմատները որտեղի՞ց են:

ՌՀ – Մենք Ավանից ենք: Ավանցիների մի մասը Խոյից (Իրան) է տեղափոխվել այստեղ: Ես փորձեցի ուսումնասիրել, բայց չկարողացա պարզել՝ հորս ընտանիքը տեղացի՞ է եղել, թե՞ Խոյից է տեղափոխվել: Ամեն դեպքում ավանցիները Խոյի բարբառով են խոսում: Մայրս Աբովյանի մոտերքում գտնվող Ակունք գյուղից է:

ՍՄ- Ձեր մականունը՝ Նեմեց Ռուբո, ինչպե՞ս է առաջացել: Ասում են, թե ձեր հայրը գերի է ընկել գերմանացիներին:

ՌՀ- Բոլորովին: Հայրս 1939-ին է ծնվել: Ինչպե՞ս կարող էր գերի ընկնել գերմանացիներին: Երկրորդ համաշխարհայինի ավարտին նա վեց տարեկան էր: Այդ մականունը նրա քեռուց է մեզ փոխանցվել, տատիս եղբորից՝ իմ մեծ քեռուց, որը 1939-ին՝ հորս ծննդյան տարում զորակոչվել էր, մասնակցել էր պատերազմին և վիրավորվել էր: Նրա մարմնում երկաթներ էին մնացել: Նա մասնագիտությամբ վարորդ էր, և, ինչպես ամեն վարորդ, նաև մեքենաներ էր նորոգում: Երբ նա բեռնատար մեքենա էր նորոգում, մտնում էր մեքենայի տակ, երկաթը շարժվում էր ու ցավեցնում, և նա սկսում էր գերմանացիներին հայհոյել՝ “նեմեցի էսը”, “նեմեցի էնը”: Ու սկսեցին նրան “Նեմեց” կոչել, հետո էլ մեզ փոխանցվեց այդ մականունը :

ՍՄ- Դուք հայկակա՞ն դպրոց եք գնացել, թե՞ ռուսական:

ՌՀ- Հայկական դպրոց՝ Ավանում:

ՍՄ- Կոմերիտական եղե՞լ եք:

ՌՀ- Այո, դժբախտաբար: (Ծիծաղում է): Տասնհինգ տարեկանում կոմերիտական էինք դառնում : Եթե ես հրաժարվեի, հորս կնեղեին, մինչև իսկ Սիբիր կաքսորեին: Իսկ եթե դպրոցից հետո ուզենայի դուրս գալ կոմերիտմիության շարքերից, իմացեք, որ հորս չէին թողնի նույնիսկ մի պատառ հաց ուտել:

ՍՄ- 1980-ից մինչև 1981 թվականը (17- 18 տարեկանում) դուք որպես բանվոր աշխատել եք “Ալմաստ” գործարանում: Դա ինչպե՞ս եղավ:

ՌՀ- Խորհրդային տարիներին, եթե համալսարան չէիր ընդունվում, կարող էիր մի տարի որպես բանվոր աշխատելով ստաժ ձեռք բերել և հաջորդ տարի նորից ներկայանալ քննություններին:

ՍՄ- Դուք ինչո՞ւ չընդունվեցիք:

ՌՀ- Խորհրդային համակարգը շատ արհեստական սկզբունք էր կիրառում. պիտի ամեն ինչի համար քո հերթին սպասեիր: Խանութում պիտի հերթ կանգնեիր հաց գնելու համար, սպասեիր միս գնելու համար, մրցույթով անցնեիր համալսարան ընդունվելու համար: 25 տեղի համար 500 դիմորդ կար, այսինքն մի տեղի համար՝ 20 դիմորդ: Ինձ երեք միավոր չհերիքեց: Իսկ բանվորական ստաժը հնարավորություն էր տալիս ոչ միայն նորից մասնակցել ընդունելության մրցույթին, այլև միավորներ էր տալիս:

ՍՄ- Ձեր բանվորական աշխատանքն իրենից ի՞նչ էր ներկայացնում:

ՌՀ- Ես առաջին կարգի էլեկտրիկ էի Զեյթուն թաղամասում գտնվող “Ալմաստ”գործարանում, որտեղ սղոցներ էին արտադրում: Ես փչացած մեխանիկական մասերը, հատկապես՝ այրված մեծ շարժիչները տանում էի վարպետի մոտ, որը դրանք նորոգում էր: Հաջորդ տարի ես ինստիտուտ ընդունվեցի: ՍՄ- Այսինքն բարձրագույն կրթությո՞ւն ունեք:

ՌՀ- Իհարկե:

ՍՄ – Ինչքա՞ն եք սովորել և որտե՞ղ:

ՌՀ- 1982-ին ընդունվեցի Երևանի Ժողտնտեսության ինստիտուտ, բայց նոր օրենք ընդունվեց, ըստ որի, ինստիտուտի երկրորդ կուրսն ավարտելուց հետո բոլորը պիտի բանակում ծառայեին: 1983-ին ես ստիպված եղա ընդհատել ուսումս, որպեսզի ծառայեի խորհրդային բանակումª Ստեփանավանում: ՍՄ- Դուք ուրեմն մնացել եք Հայաստանում, մինչդեռ շատ ուրիշների ուղարկում էին ԽՍՀՄ հեռավոր անկյուններ: Դա պատահականությո՞ւն էր, թե՞ դուք ինչ-որ բան էիք արել դրա համար:

ՌՀ- Պատահականություն էր:

ՍՄ- Հետո՞:

ՌՀ- 1985-ին վերադարձա բանակից և շարունակեցի ուսումս, որն ավարտեցի 1988-ին (25 տարեկանում), ստանալով հաշվապահի մասնագիտություն : Դրանից հետո ինձ նշանակեցին հաշվապահ Հասարակական սննդի միավորումում: Յուրաքանչյուր շրջան իր ՀՍՄ-ն ուներ, դրա մեջ սննդի հետ կապված երկու հարյուր ձեռնարկություն էր մտնում, այսինքն՝ ռեստորաններ, բուֆետներ և այլն: Ես այնտեղ էի աշխատում՝ գլխամասում:

ՍՄ- Իսկ չցանկացա՞ք ձեր հոր ռեստորաններն աշխատեցնել:

ՌՀ- Խորհրդային տարիներին պետությունն էր համալսարանից հետո աշխատանքի նշանակում: Մենք ընտրություն չունեինք: Մենք պարտավոր էինք երեք տարի ուղեգրով աշխատել, ինչից հետո միայն իրավունք ունեինք փոխելու: Կարող էին քեզ նաև գյուղ ուղարկել, ու եթե համարձակվեիր հրաժարվել, շատ խնդիրներ կունենայիր: Այնպես որ, ավելի լավ էր ընդունել տհաճ աշխատանքը, որը քեզ առաջարկվում էր երեք տարվա համար, քան թե հրաժարվել դրանից: Որպեսզի ինքդ որոշեիր, թե ինստիտուտից հետո ինչ ես աշխատելու, պիտի բարձրաստիճան ծանոթներ ունենայիր և “ազատ դիպլոմ” կոչվածը:

ՍՄ- Այդ առաջին նշանակումն անելիս հաշվի առնո՞ւմ էին քո մասնագիտությունը:

ՌՀ- Պարտադիր: Ես ավելին կասեի. մարդկանց իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքով ապահովելու համար ուռճացնում էին հաստիքների քանակը, և մի փոքրիկ խանութ, օրինակ, կարող էր երեք տնօրեն ունենալ: Դրան գումարվում էր նաև աշխատելու պարտադրանքը: Անհնար էր չաշխատել: Եթե ինչ-որ մեկն առանց աշխատելու էր մնում, առաջին զգուշացում էր ստանում: Այնուհետև նրան նշանակում էին ինչ-որ տեղ աշխատելու: Եթե էլի հրաժարվեր, նրան դատի էին տալիս ու մեկ տարով ազատազրկում:

ՍՄ- Հասնում ենք 1991 թվականին՝ Հայաստանի անկախության շեմին : Դուք քսանութ տարեկան եք: Վազգեն Մանուկյանը, որն այն ժամանակ վարչապետ էր, ձեզ նշանակում է հայկական ծխախոտ արտադրող գործարանի՝ “Հայծխախոտի” փոխտնօրեն: Դուք նրան որտեղի՞ց էիք ճանաչում: ՌՀ- Շարժումից :

ՍՄ- Այսինքն մասնակցե՞լ եք շարժմանը:

ՌՀ- Այո:

ՍՄ- Ինչպե՞ս:

ՌՀ- Բոլոր եղանակներով: Բոլոր հնարավոր միջոցներով օգնում էի: Բայց չեմ սիրում խոսել դրա մասին: Ես չեմ ուզում խոսել իմ արած լավ գործերից կամ բարեգործությունից: Բայց կարող եմ գոնե ասել, որ ակտիվորեն մասնակցել եմ այն բոլոր միջոցառումներին, որոնք կարող էին նպաստել խորհրդային համակարգի փլուզմանը և որ Ղարաբաղի հարցն ինձ համար շատ կարևոր էր: Հենց դա ինձ տարավ դեպի Շարժում: Ես ուզում էի, որ Ղարաբաղը մերը լինի և որ անկախություն լինի: Դրա համար էլ ամեն ինչով օգնում էի Շարժման գործիչներին՝ զենքով, զինամթերքով, գումարով, սննդամթերքով: Երբ շարժումը սկսվեց, ես ոչ միայն ՍՀՄ-ում հաշվապահ էի, այլև զբաղվում էի հայրիկիս ռեստորանով, որը Նորքի զանգվածում էր: Մենք ուտելիք էինք պատրաստում Օպերայի նստացույցի մասնակիցների համար:

ՍՄ- Այսինքն հենց սկզբից ճանաչե՞լ եք “Ղարաբաղ” կոմիտեի անդամներին:

ՌՀ- Այո, առաջինները Վաչե Սարուխանյանն ու Իգոր Մուրադյանն էին, չնայած Ղարաբաղ կոմիտեի իսկական հիմնադիրը Վազգեն Մանուկյանն էր, որը 1965-1967 թթ-ից նախաձեռնել էր հակախորհրդային շարժումը: Եթե շատ ճշգրիտ լինենք, առաջին միտինգը բացել է Գագիկ Սաֆարյանը: Ես ու նա նույն թաղամասից ենք: Բայց դա ընդամենը տասն օր տևեց, որովհետև սկզբի այդ առաջնորդները քաղաքականապես պատրաստ չէին: Այնուհետև Վազգեն Մանուկյանը ստանձնեց Ղարաբաղյան շարժումը գլխավորելու և շարունակելու գործը: Ես այդ ամենին ներկա եմ եղել հենց սկզբից: Ես ճանաչում էի “Ղարաբաղ” կոմիտեի բոլոր անդամներին, մտերիմ էի նրանց հետ, որովհետև արձագանքել էի ցուցարարներին դրամ և սնունդ հասցնելու նրանց կոչերին:

Գիտե՞ք, այն ժամանակ այսօրվա պես չէր, երբ կարող են խուժանի պես ցույց անել ու ամեն ինչ ջարդուփշուր անել: Այդ ժամանակ ինչ-որ բան էր արթնացել մարդկանց սրտերում: Ես ուրախությունից ապշել էի: Երբ Ղարաբաղ կոմիտեն կոչ արեց նվիրատվություններ անելու, Օպերայի հրապարակում պարկերով էին հավաքում փողը: Մարդիկ իրենց աշխատավարձը բերում էին հրապարակ ու լցնում այդ պարկերի մեջ: Այդպես սկսվեց: Հետո պետք եղավ փամփուշտներ մատակարարել: Ես գուցե իրավունք չունեմ դրա մասին խոսելու, բայց մենք խորհրդային բանակից փամփուշտ էինք գնում :

ՍՄ- Կաշառո՞ւմ էիք Հայաստանում տեղակայված խորհրդային կայազորների հրամանատարներին ու սպաներին:

ՌՀ- Իհարկե, բնականաբար: Դրանից հետո ես անձամբ մասնակցեցի Ղարաբաղի ազատագրման պատերազմին:

ՍՄ- Ուզում եք ասել, որ կռվե՞լ եք Ղարաբաղում:

ՌՀ- Այո՜:

ՍՄ- Կարո՞ղ եք ասել, թե որ ջոկատում:

ՌՀ- Տարբեր ջոկատներում, չեմ ուզում դրա մասին խոսել:

ՍՄ- Շուշիի ազատագրմանը մասնակցե՞լ եք:

ՌՀ- Ոչ:

ՍՄ- Իսկ Մարտակերտի, Շահումյանի, Գետաշենի պարտությունների՞ն:

ՌՀ- Չէ, ես այնտեղ չէի:

ՍՄ- Իսկ որտե՞ղ էիք:

ՌՀ- Ձեզ արդեն ասացի, որ չեմ սիրում դրա մասին խոսել: Ես զենք էի գնում Ախալքալաքում: Քանի որ “Հայծխախոտում” էի աշխատում, ծխախոտ էի տանում Ախալքալաք և փոխանակում զենքի ու զինամթերքի հետ :

ՍՄ- Իսկ այդ ժամանակ քաղաքականացվա՞ծ էիք:

ՌՀ- Մի օր, եթե առիթ լինի… Բայց հերիք, ինչքան իմ մասին խոսեցինք:

ՍՄ- Գոնե կարո՞ղ եք ասել, քաղաքական որևէ շարժման անդա՞մ էիք:

ՌՀ- Ես ոչ դաշնակցական եմ եղել, ոչ հհշական: Ես ուղղակի իմ երկրի և ժողովրդի հետ էի: Ճիշտ է, որ Ղարաբաղում ինչ-որ պահի Դաշնակցության ազդեցությունը գերակշռող էր, որովհետև դաշնակները կարողանում էին արտասահմանից բերել զենք, սնունդ, համազգեստներ և մատակարարել իրենց ջոկատներին:

ՍՄ- Նախքան կփակենք այս թեման, որը մի առանձին հարցազրույցի նյութ է, կարո՞ղ եք պնդել, որ կռվել եք Ղարաբաղում:

ՌՀ- Այո, Սմբատ Հակոբյանի հրամանատարության տակ: Նա կարող է հաստատել դա:

ՍՄ- Դուք Երկրապահի անդա՞մ եք :

ՌՀ- Ոչ:

ՍՄ- Վերադառնանք “Հայծխախոտ” գործարանին, որի տնօրենի տեղակալ էր ձեզ նշանակել Վազգեն Մանուկյանը 1991-ին : Տնօրենն ո՞վ էր :

ՌՀ- Լիդա Սարգսյանը: Նա խորհրդային ժամանակներից էր այդ գործարանի տնօրենը, 1985-ից, եթե չեմ սխալվում:

ՍՄ- Վազգեն Մանուկյանը 1991-ին ձեզ ինչո՞ւ նշանակեց այդ պաշտոնին:

ՌՀ- Երկրում անիշխանություն էր : Խորհրդային Միությունը փլուզվում էր, և զանգվածային թալան էր սկսվել: Զինված խմբավորումներ կային, որոնք մտնում էին պետական ձեռնարկություններ և տանում էին, ինչ որ ուզենային: Իրականում ինձ նշանակեցին, որպեսզի թույլ չտայի, որ ձեռնարկությունը թալանվեր և կարգուկանոն հաստատեի, ինչը և արեցի :

ՍՄ-1993-ին դուք դառնում եք “Հայծխախոտի” գլխավոր ինժեները : Այս նոր նշանակումը ինչի՞ էր համապատասխանում:

ՌՀ- “Հայծխախոտը” գործարան չէր, միավորում էր, որն իր մեջ ներառում էր ծխախոտի վերամշակման չորս գործարան (Տավուշում, Սևանում, Գորիսում և Երևանում), որոնց գլխամասը Երևանում էր : Գլխավոր ինժեների պաշտոնը նշանակում էր լինել միավորումում երկրորդ մարդը տնօրենից հետո :

ՍՄ- 1994-ին, ԼՏՊ-ի օրոք “Հայծխախոտ” միավորումը մասնավորեցվում է, և դուք դրա փայատեր եք դառնում : Այդ պահից սկսա՞ծ է, որ, գործարանը կոպեկներով գնելով, սկսում եք հարստանալ:

ՌՀ- Ես ձեռնարկությունը կոպեկներով չեմ գնել : Ընդհակառակը, բավականին թանկ եմ վճարել: Այն տարիներին դա ամենաթանկ մասնավորեցումներից մեկն էր, որովհետև ԼՏՊ-ն ու իր ընկերներն ամեն ինչ անում էին, որ ես չկարողանայի գնել գործարանը:

ՍՄ- Ինչո՞ւ :

ՌՀ- Որովհետև ես Վազգեն Մանուկյանի համախոհներից էի: Վազգեն Մանուկյանի բոլոր մտերիմներին հալածում ու քշում էին: Չէին թողնում հանգիստ ապրել: 1994-ին ինձ ուղղակի վտարեցին երկրից:

ՍՄ- Ի՞նչ է նշանակում “Ինձ ուղղակի վտարեցին երկրից ”:

ՌՀ- Ուզում եմ ասել, որ եթե չհեռանայի, ինձ կարող էին սպանել: Ինձ վերացնելու հրաման կար : Ես Հայաստանից հեռացա 1994-ին և վերադարձա 1995-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

ՍՄ- Վերադառնանք “Հայծխախոտի” մասնավորեցմանը: Դա ինչպե՞ս է եղել:

ՌՀ- Միավորման ամեն մի ձեռնարկությունն առանձին մասնավորեցվեց, և ես դրանցից միայն մեկի՝ Երևանի գործարանի բաժնետեր դարձա, այն էլ՝ աշխատանքային կոլեկտիվի՝ մոտ հազար մարդու հետ միասին: Բայց ճիշտ է, որ երեք ամենամեծ բաժնետերերը մենք էինք՝ Լիդա Սարգսյանը, Հրանտ Վարդանյանը և ես : Մեզանից ամեն մեկին պատկանում էր բաժնետոմսերի 23,3 %-ը : Այսինքն երեքով Երևանի գործարանի հիմնական փայատերերն էինք՝ 69,9% բաժնեմասով : Ես մնացել էի գործարանի գլխավոր ինժեները:

ՍՄ- 1996-ին դուք հիմնադրում եք “Գրանդ Տոբակո” ընկերությունը:

ՌՀ- Ես ու Հրանտ Վարդանյանը երկուսով ենք հիմնադրել “Գրանդ Տոբակոն”: Մենք կարևոր ներդրումներ արեցինք, որ կարողանայինք անհրաժեշտ որակ ստանալ ներքին շուկան նվաճելու համար : ՍՄ- Իսկ ինչո՞ւ չպահպանեցիք “Հայծխախոտ” ապրանքանիշը և նոր ձեռնարկություն ստեղծեցիք :

ՌՀ- Այդ ժամանակ մենք հանրապետության այնպիսի նախագահ ունեինք (ծ.լ. ԼՏՊ-ն), որը մեզ թույլ չէր տալիս աշխատել : Ձեզ քիչ առաջ ասացի, որ 1994-ին ես ստիպված եղա հեռանալ երկրից : Պիտի ասեմ, որ երբ 1995-ին վերադարձա Հայաստան և իմ թեկնածությունն առաջադրեցի խորհրդարանական ընտրություններում, Գագիկ Ջհանգիրյանն անօրինական կերպով հանեց իմ թեկնածությունը ընտրություններից մի շաբաթ առաջ : Այդպես խանգարեցին իմ պատգամավոր դառնալուն : Դրանից հետո հալածանքների երկրորդ փուլը սկսվեց : Ես նորից ստիպված եղա հեռանալ երկրից : Ես վերադարձա 1996-ի նախագահական ընտրարշավի սկզբին, որ պայքարեի Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ : Դրան հետևեցին հալածանքները՝ սեպտեմբերից, նաև ձերբակալությունները : Ես միակը չէի : Շատերն էին ինձ նման : Այդ մարդիկ այլևս ասպարեզում չեն : Նրանց մեծամասնությունն ընդմիշտ հեռացել է Հայաստանից : Մի բենզին ներկրողի եմ հիշում, անունը Ռուբո էր : Նա դեռ էստեղ է, բայց մյուսները հեռացել են : Երկու Ռուբո կար, իրար ընկեր էին, երկուսին էլ ձերբակալեցին ու նաև՝ նրանց նման շատերին : Մինչև 1996-ի նոյեմբերը ես թաքնված մնացի, մինչև այն պահը, երբ պիտի տեղի ունենային Ավանի թաղապետի ընտրությունները : Նոյեմբերի վեցին դուրս եկա ընդհատակից : Եվ ամսի տասին Ավանի բնակչությունը դուրս եկավ ԼՏՊ-ի և իր ոհմակի դեմ, և ես հաղթեցի ընտրություններում առանց քաղաքական որևէ կողմնորոշման, առանց քաղաքական որևէ կուսակցության աջակցության :

ՍՄ- Ավանի բնակչությունը 1996-ին ինչո՞ւ քվեարկեց ձեր օգտին:

ՌՀ- Պիտի նրանց հարցնեք:

ՍՄ- Արդյոք նրա համար, որ դուք “թաղի տղա” էիք:

ՌՀ- Կարծում եք իմ կենսագրությունը, որ պատմեցի ձեզ, ընդամենը “թաղի տղայի՚” կենսագրությո՞ւն է: Դուք ընդամենը դա՞ եք քաղել այդ ամենից:

ՍՄ- Բայց ինձ չի թվում, թե ձեր գործունեությունն առանձնահատուկ կերպով կապված էր Ավան թաղամասի բնակչության հետ, դրա համար էլ հարցնում եմ:

ՌՀ- Մարդիկ գիտեին, թե ես ինչքան եմ տուժել, գիտեին, որ քաղաքական ակտիվ պայքար եմ մղել ԼՏՊ-ի վարչակարգի դեմ : Այդ ժամանակ ամեն մեկը չէ, որ նման համարձակություն ուներ: Ես այն մարդկանցից էի, ովքեր բացահայտորեն անցան ընդդիմության կողմը և կանգնեցին Վազգեն Մանուկյանի կողքին:

ՍՄ- Ուզում եք ասել, որ 1996-ին ձեր Ավանի թաղապետ ընտրվելը ԼՏՊ-ի դեմ ժողովրդական քվեարկության արդյո՞ւնք էր:

ՌՀ- Այո, պատկերացրեք՝ ամբողջ պետական մեքենան իմ դեմ էր աշխատում, բայց ես ձայների 85%-ով հաղթեցի ընտրություններում: Այդ պահին մարդիկ ոչ այնքան իմ օգտին էին քվեարկում, որքան՝ ԼՏՊ-ի դեմ:

ՍՄ- Ձեր ասածից պետք է եզրակացնել, որ 1996-ին մարդիկ հնարավորություն ունեին քվեարկությամբ արտահայտելու իրենց դժգոհությունը, այնինչ այսօր դա այլևս հնարավոր չէ : Չե՞ք կարծում, որ դա մեծ տարբերություն է:

ՌՀ- Չէ, այդպես չէ : Ես համաձայն չեմ ձեր գնահատականին, երբ ասում եք, թե մարդիկ ատում են ներկայիս վարչակարգը : Երբ ժողովուրդն իրոք ատում է իշխանությանը, ոտքի է կանգնում: Ոչ մի իշխանություն չի կարող դիմանալ այդ ատելությանը: Ես հասկանում եմ, թե ինչ եք ուզում ասել : Դուք նկատի ունեք ընտրակաշառքը, որով շեղում են ընտրությունների ընթացքը: Բայց դուք սխալվում եք: Ոչ մի կաշառք կամ ուրիշ որևէ միջոց արդյունք չէր տա, եթե ժողովուրդն իրոք ատեր այս իշխանություններին: Պարզապես մարդկանց մի խումբ, նոր տեխնոլոգիաները, համացանցն օգտագործելով, այնպիսի ուղերձներ է տարածում, որոնց նպատակը իշխանությունների դեմ ատելություն սերմանելն է : Ես չեմ ասում, որ այսօրվա իշխանության մեջ ամեն ինչ լավ է : Չէ, շատ վատ բաներ կան : Բայց դա չի նշանակում, թե նրանց հանդեպ ժողովուրդը նույնպիսի ատելություն է զգում, որպիսին ժամանակին զգում էր ԼՏՊ-ի հանդեպ : Համոզված եղեք, չկա: Ու լավ էլ չէ, որ իշխանությունը սիրված լինի բոլորի կողմից : Դա ճահճացման կհանգեցնի : Առողջ ընդդիմությունը, առողջ քննադատությունն անհրաժեշտ են: Ամեն դեպքում մարդկանց մեջ չկա այն ատելությունը, որի մասին խոսում եք : Այո, ընդունում եմ, որ ժողովրդի մի մասն ատում է այս իշխանություններին, բայց ատողները մեծամասնություն չեն :

ՍՄ- Լավ: 1996-1999 թթ-ին դուք Ավանի թաղապետ էիք և շարունակում էիք ղեկավարել “Գրանդ Տոբակոն” : 2005-ին դուք հրաժարվում եք ձեր մասնաբաժնից: Կարդացել եմ, թե ձեզ ստիպել են անել դա. իրոք այդպե՞ս է:

ՌՀ- Որտե՞ղ եք կարդացել:

ՍՄ- Արդեն չեմ հիշում: Իրականում ի՞նչ է եղել։

ՌՀ- Ես վաճառեցի իմ բաժնետոմսերը :

ՍՄ- Ինչո՞ւ :

ՌՀ- Տարբեր պատճառներով :

ՍՄ- Նույնիսկ եթե որոշել էիք այլևս չաշխատել ձեռնարկությունում, ի՞նչն էր ձեզ խանգարում մնալու դրա հիմնական փայատերերից մեկը:

ՌՀ- Հայաստանի իրականությունում … (ծ.լ. Մի պահ, երբ ձայնագրիչն անջատեցի, ՌՀ-ն խոստովանեց, որ Ռոբերտ Քոչարյանն է իրեն ստիպել վաճառելու “Գրանդ Տոբակոյի” իր բաժնետոմսերը) :

ՍՄ- Ձեր կարծիքով դուք ե՞րբ դարձաք “օլիգարխ”:

ՌՀ- Ես երբեք օլիգարխ չեմ դարձել ու իմիջիայլոց, չգիտեմ էլ, թե “օլիգարխն” ինչ է նշանակում :

ՍՄ- Դուք մտնո՞ւմ եք այն հինգ-տասը ընտանիքների մեջ, որոնց մասին ասում են, թե երկրում ամենահարուստն են և իրենց ձեռքում են պահում երկիրը :

ՌՀ- Ես չեմ հասկանում, թե ինչ ընտանիքների մեջ պիտի մտնեի : Ես իմ ընտանիքի մեջ եմ մտնում : ՍՄ- Լավ : Դուք միլիոնատե՞ր եք, թե՞ ոչ :

 

ՌՀ- Իհարկե միլիոնատեր եմ :

ՍՄ- Դոլարո՞վ, թե՞ եվրոյով :

ՌՀ- Ենթադրում եմ, թե նաև ֆունտ ստեռլինգով : Ինձ լավ լսեք. ընդամենը 1996-ից 2005-ն ընկած ժամանակահատվածում, երբ ես ու Հրանտ Վարդանյանը “Գրանդ Տոբակոյի” սեփականատերն էինք, մենք երկուսով 110 միլիոն դոլարի հարկ ենք վճարել: Իմ մյուս բիզնեսների մասին էլ դեռ չեմ խոսում: Եթե ես այդքան հարկ եմ վճարել, ուրեմն ինքներդ կռահեք, թե ինչքան շահույթ եմ ունեցել… (Ծիծաղում է):

ՍՄ- Ի՞նչն է ավելի շահութաբեր, ֆուտբո՞լը, թե՞ մյուս բիզնեսները :

ՌՀ- (Ծիծաղում է) : Ֆուտբոլից ես շահույթ չունեմ : Դա բարեգործություն է : Հայաստանում դեռ ոչ ոք ֆուտբոլից շահույթ չի ստացել, ոչ ես, ոչ ակումբների մյուս տերերը: Ու դեռ մի քանի տարի էսպես է լինելու: Բայց հույս ունեմ, որ ապագայում ֆուտբոլը շահութաբեր կդառնա:

ՍՄ- Անդրադառնանք Ավանի ռեստորան-հյուրանոցին : Թերթերը գրեցին, որ դա ձեր ընտանիքին է պատկանում: Դա ի՞նչ է նշանակում:

ՌՀ- Մինչև հիմա երբևէ չեմ ասել, բայց դա հորս անունով է գրանցված: Դա չի նշանակում, թե ռեստորանն իմը չէ : Դա ընտանիքիս է պատկանում, ինչը չի նշանակում, թե ինձ չի պատկանում, որովհետև հորս ունեցվածքը նրանից հետո ինձ կանցնի, ինձանից հետո էլ՝ որդուս:

ՍՄ- Հայրապետյանների ընտանիքը, այսինքն ձեր հայրը ուրիշ ի՞նչ սեփականություն ունի “Հարսնաքար” հյուրանոց-ռեստորանից բացի :

ՌՀ- Հայրս նաև ֆերմա ունի Աբովյանի մոտ, որտեղ կով ու ոչխար են պահում : Ֆերմայում կաթ, պանիր, թթվասեր, մածուն են արտադրում :

ՍՄ- Իսկ ձեր հայրն ի՞նչ է անում այդ կաթնամթերքը :

ՌՀ- Վաճառում է:

Մ- Ո՞ւմ :

ՌՀ- Ես ի՞նչ իմանամ : (Ծիծաղում է) : Թե կուզեք ճիշտն իմանալ, վերջին անգամ 1993-ին եմ էնտեղ եղել : Պատկերացնո՞ւմ եք, եթե էնտեղ ինչ-որ բան պատահի, էլի կասեն, թե ես եմ մեղավոր:

ՍՄ- Եկեք խոսենք ձեր անվան շուրջ բարձրացած աղմուկների մասին՝ “Բջնիի” պատմությունից սկսած : Ձեզ շատ մեղադրեցին նրա համար, որ գնել էիք 2008-2009 թթ-ին աճուրդի հանված այդ ձեռնարկությունը, որը խլել էին Սուքիասյաններից : Ձեզ վրա ճնշում գործադրե՞լ են, որպեսզի դուք մասնակցեիք աճուրդին :

ՌՀ- Ծիծաղելի է ասել, թե իբր ճնշում է եղել : Ինչպե՞ս կարող եք ճնշման մասին խոսել, երբ ես շատ բարձր գնով եմ գնել այդ ձեռնարկությունը : Դա առևտրական գործարք էր, որն ինձ հնարավորություն պիտի տար նոր եկամուտ ունենալու :

ՍՄ- Չնեղվեցի՞ք այդ պայմաններում ձեռնարկություն գնելուց:

ՌՀ- Ի՞նչ պայմաններում:

ՍՄ- Դուք շատ լավ գիտեք, թե ինչ պայմաններում:

ՌՀ- Ոչ, անկեղծ ասած, չգիտեմ : Ի՞նչ պայմանների մասին եք խոսում :

ՍՄ- Այդ ձեռնարկությունը խլել էին Սուքիասյաններից:

ՌՀ- Ինչպե՞ս թե : Նման բան չի եղել:

ՍՄ- Ուզում եք ասել, որ ԼՏՊ-ի օրոք մարդկանց ունեզրկում էին, հետապնդում, հալածում, բայց Քոչարյանից ի վեր բոլորը սո՞ւրբ են:

ՌՀ- Խաչատուր Սուքիասյանի հանդեպ հարկային տույժ էր կիրառվել:

ՍՄ- Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է մարդու նկատմամբ հարկային տույժ կիրառվում :

ՌՀ- Եվ ինչպե՞ս :

ՍՄ- Կարծոմ եք, այդ հարկային տույժը հիմնավորվա՞ծ էր :

ՌՀ- Քանի որ այդ ընկերությունն ինձ բաժին հասավ, ես ուսումնասիրեցի այդ հարցը և կարող եմ ձեզ ասել, որ ընկերությունը երբեք օրենքին համապատասխան չէր գործել : Եթե համեմատեք Սուքիասյանի և իմ օրոք վճարված հարկերի ծավալը, ինքներդ կհամոզվեք դրանում, այնինչ, ես առայժմ հասել եմ Սուքիասյանի օրոք գոյություն ունեցած վաճառքի ծավալի ընդամենը 60%-ին : Ես ձեզ նույնիսկ հրավիրում եմ “Բջնի” գործարան տեսանյութ դիտելու, որում երևում է, թե գործարանն ինչ վիճակում էր Սուքիասյանի օրոք, թե այսօր ինչ վիճակում է, և համեմատել : Կարող եք նաև աշխատողների հետ զրուցել:

ՍՄ- Դուք պահե՞լ եք նախկին աշխատողներին:

ՌՀ- Բոլորին: Ծայրից ծայր: Եվ արդիականացրել եմ գործարանը՝ եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան :

ՍՄ- Արդիականացման հետևանքով անձնակազմի կրճատում չի՞ եղել:

ՌՀ- Ոչ : Չնայած արտադրական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ եմ ներդրել “Բջնին” օրինակելի գործարան դարձնելու համար, այնուամենայնիվ, ոչ միայն չեմ կրճատել աշխատողների քանակը, այլև ավելացրել եմ՝ հասցնելով 380-ի՝ 100 000 դրամ (200 եվրո) միջին աշխատավարձով: Իսկ Աշխատողների 99%-ը տեղացիներ են, այսինքն՝ չարենցավանցիներ:

ՍՄ- Խոսենք երկրորդ աղմկոտ պատմության մասին, որը կապված էր 2009-ին Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից Արարատի պատկերը հանելու հետ :

ՌՀ- Դա սխալ էր, թյուրիմացություն էր, որի պատճառը հապճեպ, առանց նախնական քննարկման կայացված որոշումն էր: Ես որոշել էի, որ լոգոյի վրա գնդակ պիտի լինի: Բայց չէի հետաքրքրվել, թե գնդակը որտեղ են դնելու, վերևո՞ւմ, ներքևո՞ւմ, թե՞ հենց լոգոյի մեջտեղում :

ՍՄ- Իսկ ինչո՞ւ որոշեցիք լոգոն փոխել :

ՌՀ- Ես լոգոն չեմ փոխել : Այն ժամանակ մարզաշապիկի վրա նկարված էր Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի լոգոն, այնինչ, ըստ օրենքի, հավաքականը պիտի իր սեփական լոգոն ունենա : Այսինքն խնդիրը լոգոն փոխելը չէր, այլ՝ նոր լոգո ստեղծելը : Այդ հանգամանքներում է, որ մենք թույլ տվեցինք այդ սխալը, որի համար բոլորից ներողություն եմ խնդրում : Կարծում եմ, որ ֆուտբոլի ոլորտում դա իմ թույլ տված միակ սխալն է:

ՍՄ- Ուրեմն չգտնվե՞ց գեթ մեկը, որը ձեզ խորհուրդ տար, զգուշացներ, որ սխալ բան եք անում : Դուք այդքան միանձնյա՞ եք ղեկավարում ամեն ինչ:

ՌՀ- Ուրեմն լսեք, մինչև հիմա լռում էի, բայց հիմա արդեն կխոսեմ: Իրոք, այն, ինչ ինձ է պատկանում, ես մենակ եմ կառավարում՝ դրա ենթադրած բոլոր ռիսկերով հանդերձ: Բայց ես ընդունում եմ այդ պատասխանատվությունը : Իսկ ինձ չպատկանող բաների վերաբերյալ միշտ կարծիք եմ հարցնում: Լոգոյի հարցում հենց այդպես եղավ: Ես դիմեցի Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանին, որ նրա կարծիքն իմանայի: Ես ուզում էի գնդակը դնել գոյություն ունեցող լոգոյի տակ, բայց նա ինձ խորհուրդ տվեց լոգոյի մեջտեղում դնել: Ու երբ դրա շուրջ բանավեճ սկսվեց, նա տղամարդկություն չունեցավ ասելու, թե իրականում ինչպես էր եղել դա: Այո, մինչև հիմա ոչինչ չեմ ասել, բայց իրականում այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահն է ինձ խորհուրդ տվել գնդակը լոգոյի մեջտեղում դնել: Ես սխալվել եմ և ընդունում եմ իմ սխալը : Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան իմ սեփականությունը չէ : Դա երկրին, ազգին է պատկանում : Նման ընդհանրական հարցերի վերաբերյալ ազգի, ժողովրդի, հասարակության կարծիքն ինձ համար շատ կարևոր է : Կրկնում եմ, լոգոյի հարցում ես դիմել էի Տիգրան Թորոսյանին՝ Ազգային ժողովի նախագահին:

ՍՄ- Բայց ինչո՞ւ նրան : Նա ի՞նչ կապ ուներ ֆուտբոլի հետ :

ՌՀ- Ազգային ժողովն է օրենքներ ընդունում :

ՍՄ- Ուզում եք ասել, որ ազգային հավաքականի մարզաշապիկի լոգոյի հարցն օրենքո ո՞վ է կարգավորվում :

ՌՀ- Ազգային ժողովն է ընդունել զինանշանի մասին օրենքը : Դրա համար էլ զանգահարեցի Ազգային ժողովի նախագահին ու նրանից խորհուրդ հարցրեցի, թե արդյոք, ինչպես ռուսական լոգոյում է, իրավունք ունեմ գոյություն ունեցող լոգոյի տակ գնդակ դնելու : Նա ասաց, որ ինձ հետ կզանգի : Իրոք զանգեց և ասաց, որ կարող եմ մեջտեղում դնել :

ՍՄ- Գնդակը մեջտեղում դնելը նշանակում էր, որ Արարատի պատկերը պիտի հանվի : Նա գիտե՞ր դա : ՌՀ- Կարող եմ հավաստել, որ չգիտեր : Այո, ասում եմ, ես համարում եմ, որ սխալ եմ թույլ տվել : Բայց դա ճակատագրական սխալ չէ, թե չէ պիտի գնանք բոլորով կախվենք Արարատից :

ՍՄ- Ինձ լավ հասկացեք, իմ մտահոգությունն այն է, որ մենեջմենտի խնդիր կա: Որոշում կայացնող ամեն ոք, ինչպիսին էլ լինի նրա ոլորտը, տնտեսական, քաղաքական կամ՝ ուրիշ, պիտի մեկ կամ մի քանի խորհրդատու ունենա, որոնք ի վիճակի լինեն նրան ասելու, որ սխալվում է :

ՌՀ- Տեսեք, ես ազգային հավաքականի համար նոր ավտոբուս եմ գնել, իր մարզաշապիկի գույներով և այս ու այս հատկանիշներով : Ինձ բերեցին ավտոբուսը, ես ուսումնասիրեցի: Բայց մի բան կար, որը ցանկացա հանել, որովհետև ինձ դուր չէր գալիս: Ա.Մ.-ն ինձ ասաց, որ իրավացի եմ, ֆեդերացիայի տնօրենը՝ ևս: Ուզում եմ ասել, որ մենք քննարկում ենք հարցերը: Ճիշտ է, իմ մականունը “Նեմեց” է, բայց ես ինձ Հիտլերի պես չեմ պահում: Ցանկացած հարց, որն իմ իրազեկության շրջանակից և մասնագիտական ոլորտից դուրս է, քննարկման է դրվում:

ՍՄ- Անդրադառնանք “Երեք օլիգարխները ընդդեմ Հայկական ժամանակի” գործին : Արժե՞ր այդպես պատասխանել 2010-ի հոտեմբերի 14-ին լույս տեսած հոդվածին, նույնիսկ եթե կարելի է ընդունել, որ լրագրողները սխալներ են թույլ տվել : Չե՞ք կարծում, որ զրպարտության համար թերթից 7,5 միլիոն դրամի, այն է՝ մոտ 14 000 եվրոյի հատուցում պահանջելը անհամաչափ միջոց էր:

ՌՀ- Ես ձեզ հետ համաձայն չեմ : Դուք կոնկրետ իմ մասի՞ն եք խոսում:

ՍՄ- Ձեր երեքի մասին:

ՌՀ- Իմ մասին խոսենք, եթե դեմ չեք:

ՍՄ- Բայց դուք միասին էիք:

ՌՀ- Իհարկե միասին էինք:

ՍՄ- Ի՞նչ է նշանակում աստղաբաշխական գումարներ պահանջել թերթից, երբ բոլորս գիտենք, թե տպագիր մամուլն ինչ վիճակում է : Ինձ բացատրեք ձեր տրամաբանությունը:

ՌՀ- Դուք մասնագիտությամբ լրագրող և պատմաբան եք, ճի՞շտ է : Ուրեմն թույլ տվեք ձեր հարցին հարցով պատասխանել : Իմ մասին շատ վատ բաներ են գրում : Դուք հավատո՞ւմ եք, որ ես թմրադեղի առևտրով եմ զբաղվում :

ՍՄ- Ես չգիտեմ, բայց իմ հարցը դրան չէր վերաբերում :

ՌՀ- Մի րոպե. ես կանանց ու զենքի առևտր ո՞վ եմ զբաղվում : Ես այդ մարդուն (ծ.լ., Նիկոլ Փաշինյանին) գրեցի, որ հերքում տպագրի, որովհետև այդ ամենը սուտ է : Նա հրաժարվեց՝ ասելով, թե այդ տեղեկությունն ընդամենը վերցրել է ուրիշ աղբյուրից :

ՍՄ- Այո, Ռուսաստանի հայերի ազգային միաբանության ակումբի նախագահ ոմն Սմբատ Կարախանյանից:

ՌՀ- Ուրեմն թող այդ մարդուց հերքում պահանջեր: Ես չգիտեմ, թե այդ աղբյուրն ինչ էր գրել : Իրականում նման մարդ չկա, դա իրենց գործակալն է: Նման բան գոյություն չունի : Այդ հոդվածից մոտ երկու ամիս առաջ, այդ նույն թերթը տեղեկություն էր տպագրել, թե իբր ծեծել եմ ոստիկանապետին: Ես թերթին գրեցի, որ դա սուտ է, որ իրենք ինձ ուղղակի վարկաբեկում են, և պահանջեցի հերքում տպագրել: Նա հրաժարվեց: Ես էլ դատարան դիմեցի: Ես ձեզ ազնվորեն պատմում եմ այդ ամենը : Դուք ինքներդ դատեք: Ես թերթին դատի տվեցի՝ շատ մեծ՝ առավելագույն գումարը պահանջելով: Բայց դատարանում թերթի ներկայացուցիչն ինձ հաշտություն առաջարկեց: Ես ասացի, որ իմ հայցադիմումը հետ կվերցնեմ, եթե թերթն առաջին էջում երկու տող հերքում տպի: Նա համաձայնեց, և ես վերջ դրեցի դատական ընթացքին: Բայց ՀԺ-ն չկատարեց իր խոստումը և հերքում չտպագրեց: Ոչ միայն հերքում չտպագրեց, այլև շարունակեց նույն ոգով: Հիմա դուք տեղյակ եք երկու պատմություններին: Այդ մարդը (ծ.լ., Նիկոլ Փաշինյան) ինձ վրա հնարավոր ու անհնարին ինչ կեղտ ասես, լցնում է առավոտից մինչև երեկո: Ասացեք խնդրեմ, ես ի՞նչ պիտի անեմ:

ՍՄ- Ձեր ասած այդ առաջին դեպքի վերաբերյալ ապացույցներ ունե՞ք:

ՌՀ- Ես դատական բոլոր փաստաթղթերն ունեմ, կարող եմ ձեզ ցույց տալ:

ՍՄ- Ուզում եք ասել, որ այս նախադեպից ելնելով՝ որոշեցիք օրաթերթի դեմ խիստ միջոցներ ձեռք առնել, որպեսզի նրան դա՞ս լիներ:

ՌՀ- Ես ձեզ հարց տամ. եթե մտածում եք, որ ես այդպես չպիտի վարվեի, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պիտի անեի:

ՍՄ- Դատարան դիմել, ինչպես որ արել եք, բայց ընդամենը մեկ դրամի խորհրդանշական հատուցում պահանջել:

ՌՀ- Նրանք կվճարեին այդ խորհրդանշական մեկ դրամն ու հաջորդ օրվանից կվերսկսեին նույն բանը : ՍՄ- “Երեք օլիգարխները ընդդեմ ՀԺ-ի” գործից հետո դուք փոփոխություն նկատե՞լ եք:

ՌՀ- Իհարկե, այդ դատավարությունից հետո նրանք իմ մասին էլ ոչ մի սուտ չեն գրել, չհաշված վերջերս նորից սկսել են (ծ.լ. նկատի ունի “Հարսնաքարի”-ից հետո):

ՍՄ- Ձեր ստացած փողն ի՞նչ արեցիք :

ՌՀ- Երևանի մոտերքում գտնվող Խարբերդի մանկատանն եմ հանձնել : Ես գումարը կրկնապատկեցի, և դրանով կարողացան կաթսայատուն կառուցել : Թող Նիկոլ Փաշինյանից մի օգուտ լինի այս երկրին, ժողովրդին : Թույլ տվեք մի բան ավելացնել. ձեզ մոտ ուրիշ է, լրագրողները հարգում են մասնագիտական էթիկայի կանոնները:

ՍՄ- Ոչ միշտ…

ՌՀ- Ձեզ մոտ չեն հարձակվում մարդու անձնական կյանքի վրա և մարդուն անպատիժ չեն վիրավորում : Դուք չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում էստեղ : Միայն նրա համար, որ ես Լևոնի կողմից չեմ, իմ մասին ամեն տեսակ բամբասանքներ են տարածում : Ձեզ մի բան ասեմ. ես միշտ զզվել եմ ԼՏՊ-ից ու մյուսներից, որոնք գրում են իմ մասին : Անդրանիկ Քոչարյանի (ծ.լ., Պաշտպանության նախկին փոխնախարար, Մարտի մեկի փաստահավաք խմբի անդամ և մինչև վերջերս Կոնգրեսի վարչության անդամ) հանդեպ ընկերությունից դրդված՝ շատ հարցերում օգնել եմ նրանց: Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանի թերթը փակել էին, ես մի տարի իրեն փող եմ տվել, որ թերթ պահի, չնայած երբեք չեմ ասել դա: Ինչ վերաբերում է Շողեր Մաթևոսյանին, ինչպե՞ս կբացատրեք այն, որ նա “Շոպար” (Chopard) ֆիրմայի ականջօղեր է վերցնում մի մարդուց ու հարձակվում է մեկ ուրիշի վրա՝ պատվերով, դա ազնի՞վ է: Այդ մարդիկ իմ թշնամին դարձան, երբ 2007-2008 թթ հրաժարվեցի աջակցել ԼՏՊ-ին ու ֆինանսավորել նրա ընտրարշավը՝ մի բան, որ ոչ մի դեպքում չէի անի: Նրանք փորձեցին վախեցնել ինձ, բայց ես վախեցողներից չեմ: Անկասկած դրա համար եմ ես “մեղավոր” ու “հանցագործ”: Եվ անկասկած դա է պատճառը, որ նրանք իրենց իրավունք են վերապահում իրենց էջերում ինձ վրա ամեն տեսակ կեղտ լցնելու : Իսկ հիմա անմեղ դիակ են գցում ինձ վրա, առանց իրենք իրենց հարցնելու՝ արդյոք դա արդարացի՞ է: Ես ոչ այդտեղ էի, ոչ էլ տեղյակ էի դրանից, ոչ մի բան : Ինչո՞ւ են անմեղ դիակը գցում ինձ վրա:

ՍՄ- Շատ լավ, եկեք « Հարսնաքարից» խոսենք: Շատ հարցեր են առաջ գալիս: Նախ և առաջ, դուք եղե՞լ եք այնտեղ, թե՞ ոչ:

ՌՀ- Իհարկե, ոչ: Այժմ ես վերանորոգում եմ տունս ու ընտանիքիս հետ այստեղ եմ ապրում:

ՍՄ- Որտե՞ղ՝ “այստեղ”:

ՌՀ- Ֆուտբոլի ակադեմիայում, հյուրանոցում… որովհետև տունս վերանորոգման մեջ է (ծ.լ. Ֆուտբոլի ակադեմիան հյուրանոց-ռեստորանից մի քանի տասնյակ մետրի վրա է):

ՍՄ- Այսինքն դեպքի վայրից մի քանի մետր այն կո՞ղմ:

ՌՀ- Մի քանի մետր, տասը մետր, հարյուր հիսուն մետր: Ես էնտեղ չեմ եղել, ես տեղյակ չեմ եղել:

ՍՄ- Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը հարցաքննե՞լ է ձեզ:

ՌՀ- Իհարկե, ինձ երկու անգամ հարցաքննել են:

ՍՄ- Որպես ի՞նչ: Որպես վկա՞: Ո՞րն էր ձեր կարգավիճակը:

ՌՀ- Ես վկա չեմ: Ինչպե՞ս կարող էի վկա լինել, եթե տեղում չեմ եղել:

ՍՄ- Այսինքն դուք ոչ վկա եք, ոչ կասկածյա՞լ: Ոչ մի բա՞ն: Ուրեմն դատի ընթացքում դուք ստիպված չե՞ք լինի դատարան ներկայանալ:

ՌՀ- Չգիտեմ : Ես դատավոր չեմ: Դատավորը կարող է որոշել ինձ հրավիրել դատարան: Ես ի՞նչ իմանամ:

ՍՄ- Ասում եք՝ երկու անգամ հարցաքննվել եք: Դա պաշտոնակա՞ն էր, թե՞ ոչ:

ՌՀ- Իհարկե պաշտոնական էր:

ՍՄ- Այսինքն ձեր հարցաքննությունների արձանագրությունները կցվե՞լ են դատական գործին:

ՌՀ- Այո, իհարկե:

ՍՄ- Ձեր թիկնապահները…

ՌՀ- Ես թիկնապահ չունեմ: Նրանք իմ թիկնապահները չեն:

ՍՄ- Դուք թիկնապահ չունե՞ք:

ՌՀ- Իհարկե ոչ:

ՍՄ- Ինչպե՞ս թե : Դա անհնար է:

ՌՀ- Ինչո՞ւ է անհնար:

ՍՄ- Որովհետև բոլորը թիկնապահ ունեն :

ՌՀ- Դուք ո՞ւմ եք ճանաչում :

ՍՄ- Գուցե նրանք ոչ թե “թիկնապահ” պետք է կոչվեն, այլ ուրիշ անունով:

ՌՀ- Ես ընկերներ ունեմ, որոնք ուղեկցում են ինձ: Իմ աշխատողները միշտ ինձ հետ են:

ՍՄ- Ճշմարտությունն ասեք:

ՌՀ- Ես ճիշտ եմ ասում :

ՍՄ- Այսինքն նրանք ձեր ընկերներն են:

ՌՀ- Այո, իմ մտերիմները, հարազատները, աշխատողները: Նրանք միշտ ինձ հետ են:

ՍՄ- Եթե ճիշտ հասկացա, ձեզ ուղեկցող այդ մարդիկ աշխատանք չունեն, եթե անընդհատ ձեզ հետ են: Սիրով ու թարմ օդո՞վ են ապրում:

ՌՀ- Օրինակ, նա… (ծ.լ., ՌՀ-ն ցույց է տալիս մեր սեղանից քիչ հեռու նստած չորս տղամարդկանցից մեկին) ամսական 20 000-ից 30 000 դոլար է աշխատում: Ես նրան ինչքա՞ն փող պիտի տամ, որ նա որպես թիկնապահ աշխատի ինձ համար: Ինչքա՞ն:

ՍՄ- Կարճ ասած, պնդում եք, թե թիկնապահ չունեք:

ՌՀ- Իհարկե չունեմ: Ես աշխատողներ ունեմ կամ բարեկամներ, որոնք միշտ ինձ հետ են:

ՍՄ- Եվ նրանք այնպիսի եկամուտ ունեն, որ կարող են ամբողջ օրը ձեր կողքին լինել:

ՌՀ- Իհարկե : Ինձ չե՞ք հավատում : Սովորաբար ես չեմ խաբում, ճիշտն եմ ասում: Եվ ասում եմ՝ ոչ մի թիկնապահ չունեմ:

ՍՄ- Անցնենք առաջ:

ՌՀ- Եթե օգնականս արտասահմանում ուղեկցում է ինձ, նա իմ թիկնապա՞հն է:

ՍՄ- Իհարկե, ոչ :

ՌՀ- Ցավդ տանեմ, սովորաբար ինձ երկու օգնական է ուղեկցում, մեկը՝ աղջիկ, մյուսը՝տղա : Ընդամենը երկու հոգի:

ՍՄ- Թույլ տվեք ասել, որ ինձ տարօրինակ է թվում այն, որ ձեզ հինգ մեքենա է ուղեկցում, որոնցում ոչ թե ձեր թիկնապահներն են, ինչը հասկանալի կլիներ, այլ ընդամենը՝ ձեր ընկերները:

ՌՀ- Ֆրանսիայում եղբայրը եղբորը չի այցելում առանց նախապես պայմանավորվելու, ճի՞շտ է, թե չէ: Այո, Ֆրանսիայում առանց զգուշացնելու չեն այցելում իրար: Բայց էստեղ ես կարող եմ ձեզ ինձ հետ տանել հորս ընկերների տուն, կնոջս էլ վերցնել ու գնալ նրանց տանը ճաշելու: Ճիշտ եք ասում, ձեզ մոտ նման բաներ չկան: Ես չեմ կարող ձեզ ապացուցել ասածս: Դուք եկել եք այնպիսի երկրից, որտեղ մարդիկ ուրիշ ապրելակերպ ունեն: Մեզ մոտ էլ ուրիշ է: Ես չեմ կարող մենակ նստել ու ճաշել, անկեղծ եմ ասում: Ես չեմ կարող ընդամենը կնոջս ու աղջկաս հետ սեղան նստել: Պիտի մեր կողքին ամենաքիչը հինգ-վեց հոգի լինի:

ՍՄ- Լավ, վերադառնանք “Հարսնաքարի” դեպքին: Որքան հայտնի է, ռեստորանի աշխատակիցներն են ծեծի ենթարկել հինգ ռազմական բժիշկներին, ինչը ստիպում է կասկածի առնել ռեստորանի աշխատակազմի քաղաքականությունը: Դուք ինչպե՞ս եք նման մարդկանց աշխատանքի ընդունում:

ՌՀ- Ես չեմ աշխատանքի ընդունում:

ՍՄ- Իսկ ո՞վ:

ՌՀ- Այս պահին, երբ ձեզ հետ խոսում եմ, իմ տարբեր հիմնարկներում մոտ հիսուն աշխատողի կարիք ունենք: Մենք հայտարարություն ենք տալիս, մարդիկ արձագանքում են, նրանց հրավիրում ենք հարցազրույցի և ընտրում ենք:

ՍՄ- Ո՞վ է հարցազրույց անցկացնում:

ՌՀ- Տնօրենը:

ՍՄ- Իսկ կոնկրետ “Հարսնաքարի” դեպքում ո՞վ է մարդկանց աշխատանքի վերցրել:

ՌՀ- Տնօրենը:

ՍՄ- Ո՞վ է տնօրենը:

ՌՀ- Հրաչ Զոհրաբյանը:

ՍՄ- Դո՞ւք եք նրան աշխատանքի ընդունել որպես տնօրեն, թե՞ ձեր հայրը:

ՌՀ- Հայրս:

ՍՄ- Ինչի՞ հիման վրա է ձեր հայրը նրան տնօրեն նշանակել: Ինչ-որ չափանիշների վրա հիմնվելո՞վ, թե՞ ծանոթ-բարեկամ սկզբունքով:

ՌՀ- Նրան վաղուց էինք ճանաչում, նա վաղուց աշխատում էր այդ համակարգում… Կիևում … նորմալ անձնավորություն է:

ՍՄ- Դուք գիտե՞ք, թե ինչ չափանիշների հիման վրա է Հրաչ Զոհրաբյանը “Հարսնաքարում” աշխատողներին ընտրել:

ՌՀ- Չգիտեմ :

ՍՄ- Ծանոթ-բարեկամ սկզբունքո՞վ:

ՌՀ- Հնարավոր է:

ՍՄ- Արդյո՞ք այդ դժբախտ դեպքը ձեզ ստիպեց մտորել աշխատողների որակի շուրջ և այն մասին, որ նրանք պիտի իրենց ոլորտին համապատասխանող կրթություն ստացած լինեն՝ մատուցողներից սկսած:

ՌՀ- Պատկերացրեք՝ այո: Ես շատ կուզեի, որ մատուցողները կրթված լինեին: Սևանի “Հարսնաքար” հյուրանոցի համար ես վեց մատուցողի ուղարկեցի Իտալիա վերապատրաստման՝ իմ հաշվին, բայց նրանք փախան, հետ չեկան:

ՍՄ- Ուզում եք ասել, որ ձեր աշխատողներին կրթելու ուղղությամբ ձեր ջանքերը մինչ օրս հաջողությամբ չե՞ն պսակվել: Գոնե մի հաջողված դեպք չկա՞:

ՌՀ  – Ոչ: Հայաստանում մատուցողների հարցը շատ լուրջ խնդիր է: Նրանք սովորաբար շատ հեռու են այդ ոլորտից: Դուք լավ չեք ճանաչում մեր իրականությունը: Այստեղ մատուցողները…

ՍՄ- Ուզում եք ասել, որ եթե ձեր մատուցողներին ուղարկեք արտասահման՝ վերապատրաստվելու, կհրաժարվե՞ն:

ՌՀ- Այո, ես պատրաստ եմ ամեն ինչի համար վճարել, բայց նրանք հրաժարվում են սովորել: Կարող եմ ասել, թե ինչու: Մատուցողն օրական հարյուր դոլար թեյավճար է ստանում և եթե մեկնի վերապատրաստման, կզրկվի այդ հարյուր դոլարից: Բայց ամեն դեպքում նրանք չեն ուզում սովորել, հասկացեք դա: Մատուցողներն իսկական փորձանք են:

ՍՄ- Իսկ ձեր մենեջերնե՞րը:

ՌՀ- Մենեջերներս փայլուն են ու կրթված:

ՍՄ- Քանի՞ հոգի են:

ՌՀ- Երեք: Երեքն էլ բարձրագույն կրթություն ունեն:

ՍՄ- Ասացին, թե հունիսի տասնյոթի գործում մի մենեջեր է ներքաշված:

ՌՀ- Մենեջերներից ոչ մեկը կապ չունի այս գործի հետ:

ՍՄ- Այսինքն միայն մատուցողնե՞րն են ներքաշված: Այդ տասնհինգ ծեծողները, որոնց մասին խոսեցին, բոլորը մատուցողնե՞ր են:

ՌՀ- Տասնհինգ հոգի չի եղել:

ՍՄ- Ուզում եք ասել, որ ծեծին մասնակցել է ընդամենը այն վեց հոգին, որոնք այժմ ձերբակալվա՞ծ են, կամ էլ՝ յոթ հոգի, որովհետև մեկն այս ընթացքում ազատ է արձակվել:

ՌՀ- Սկզբում յոթ չի եղել, եղել է երեք հոգի, հետո դարձել է վեց:

ՍՄ- Տուժողների փաստաբանի խոսքերի համաձայն, յոթ հոգու են ձերբակալել: Հետո ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել:

ՌՀ- Սուտ է ասում :

ՍՄ- Ինչո՞ւ պիտի սուտ ասեր:

ՌՀ- Սկզբում երեք հոգու են ձերբակալել, հետո մեկին բաց են թողել, հետո չորս հոգու ձերբակալել են:

ՍՄ- Լավ, ամեն դեպքում, մեծ թիվ է: Ինչպե՞ս եք բացատրում այն, որ ձեր աշխատողներից առնվազն վեց հոգի իրեն այդպես է պահել:

ՌՀ- Դա սարսափելի, զզվելի, հրեշավոր բան է, որ արվել է հրեշների ձեռքով: Ինձ համար դա անհասկանալի:

ՍՄ- Ամեն դեպքում ակնհայտ է, որ աշխատողների կառավարման շատ լուրջ խնդիր ունեք:

ՌՀ- Իհարկե, իհարկե: Ո՞վ է ասում, թե նման խնդիր չկա :

ՍՄ- Բայց սկզբում դուք հրաժարվում էիք ցանկացած պատասխանատվությունից :

ՌՀ- Բայց ես մենեջերը չեմ, ես սեփականատերն եմ : Դուք ամեն ինչ շփոթում եք : Ինձ լսեք. հինգ օր առաջ Սևանի “Հարսնաքար” հյուրանոցի աշխատակիցներից մեկն իր աշխատանքը թողել էր, գնացել, նստել էր մոտորանավակ՝ այն մոտորանավակներից, որ փուչիկները քաշում են, ու ընկել էր, կողերը ջարդուփշուր էին եղել: Ե՞ս եմ մեղավոր դրա համար : Նա իր գործը թողել է, ինքն այդ ժամանակ ուրիշ գործով պիտի զբաղված լիներ : Ես էլ, Երևանում նստած, ի՞նչ անեի: Պատկերացրեք, այդ տղան մահանար, էլի կասեին, թե իմ մեղքո՞վ է :

ՍՄ- Վերադառնանք “Հարսնաքարի” դեպքին : Հունիսի տասնյոթի այդ օրը դուք ինչպե՞ս իմացաք լուրը : ՌՀ- Տնօրենն ինձ զանգեց : Այդ օրը և ռեստորանն էր աշխատում… երկու տեղ հարսանիք կար : Մենեջերը հարսանիքի տեղից իջնում է, իմանում է, որ կռիվ է եղել, ու զանգում է ինձ :

ՍՄ- Իսկ դուք ձեր տա՞նն էիք :

ՌՀ- Այո :

ՍՄ- Եվ ի՞նչ արեցիք :

ՌՀ- Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է:

ՍՄ- Գոնե միանգամից գնացի՞ք այնտեղ:

ՌՀ- Ինձ ուշադիր լսեք: Ես էլ ոչինչ չեմ ավելացնի, որովհետև դա կդիտվի որպես քննությանը խանգարելու փորձ : Պետք է հաշվի առնել, որ նախաքննության գաղտնիության խնդիր կա:

ՍՄ- Ամեն դեպքում պնդում եք, որ այնտեղ չեք եղել:

ՌՀ- Իրականում Աստծուն կաղաչեի այդ պահին այնտեղ եղած լինել : Այդ օրվա համար Աստծուն միայն մի բան կխնդրեի, որ նախապես տեղյակ լինեի, թե ինչ է կատարվելու կամ էլ տեղում լինեի : Եթե ես նախապես իմանայի կամ եթե ես տեղում լինեի, նման բան չէր լինի : Եթե ես իմանայի, որ այդտեղ կոնֆլիկտ կա, մարդիկ իրենց վատ են պահում, այս դեպքը չէր լինի : Աստծուն միայն դա կխնդրեի՝ որ ես իմանայի :

ՍՄ- Մարդիկ կասկած են հայտնել, թե առանց ձեր հավանության, ձեր աշխատակիցներն իրենց նման բան թույլ չէին տա : Ասում են, թե ձեզ զանգել են, ասել եք, « սատկացրեք » :

ՌՀ- Դրանք սուտ հերյուրանքներ են : Ամենածիծաղելին այն է, որ անգիր գիտեմ այդ վեցին և թե կռիվն ով է սարքել… վարորդը, որն իր կյանքում կռիվ արած չկա : Ու ինձ համար անհասկանալի է… Զավեշտի հասնող բաներ եմ մտածում … որ նրան կաշառել են : …Այդպիսի բան չկա, չի կարող լինել… Այ այդպիսի բաներ էի մտածում:

ՍՄ- Այսինքն մտածում էիք՝ ձեզ ծուղակը գցելու համա՞ր…

ՌՀ- Այո, նման մի բան… որովհետև կռիվը սկսվել է այն մարդուց, ով ամբողջ կյանքում հավի պես է ապրել… վարորդը, ընդամենը վարորդը :

ՍՄ- Ո՞ւմ վարորդը:

ՌՀ- Ռեստորանի մենեջերի… որ գնում են, ապրանք են առնում… վարորդը, ով իր կյանքում կռիվ չի արել:

ՍՄ- Ձեր կարծիքով, այն վեց հոգին, որոնք հիմա ձերբակալված են, իրական մեղավորնե՞րն են :

ՌՀ- Թույլ տվեք ձեզ չպատասխանել, որովհետև քննությունը դեռ ավարտված չէ : Հենց որ գործը հանձնեն դատարան, ես պատրաստ եմ ձեզ հետ մանրամասնորեն քննարկել այս գործը, որքան որ ցանկանաք… հիմնավորումներով : Հավատացեք ինձ, ես մի տղա ունեմ : Ես տղայիս արևով եմ երդվում, որ եթե ես տեղյակ եմ եղել… Ձայնագրելու համար չեմ ասում… Կարող եմ ասել, որ իմ բոլոր հեռախոսազրույցներն ուսումնասիրվել են : Լևոնական պատգամավորները նույնիսկ պահանջեցին… Իմ հեռախոսազրույցների ուսումնասիրությունը չապացուցեց, թե ես տեղյակ եմ եղել : Դրա համար էլ ձայնները կտրել են և արդեն ուրիշ բաներով են զբաղված : Դուք տեսաք, նախանցյալ օրն ասացին, որ այս ամենը Ռուբեն Հայրապետյանի դեմ չէ : Մարդիկ արդեն բացեիբաց կանգնում- ասում են : … Ոտնձգություն են անում իմ տան, իմ ընտանիքի հանդեպ : Համարենք, թե ես մեղավոր եմ, թե ես վատն եմ, շատ վատն եմ : Իմ երեխաներն ինչո՞ւ պիտի պատասխան տան դրա համար (ծ.լ. ՌՀ-ն ակնարկում է օգոստոսի յոթի երթը, որը հասել և կանգ է առել Ավանում իր տան առջև) :

ՍՄ- Լավ : Այդ դեպքից հետո ձեր հայրը կամ, չգիտեմ, տնօրենը …

ՌՀ- Դուք արդեն հարցաքննում եք ինձ :

ՍՄ- Հիմա հավաքույթ կա՞ ռեստորանում :

 

ՌՀ- Իհարկե ոչ, փակ է :

ՍՄ- Դեպքից հետո ռեստորանն այլևս չի՞ աշխատում:

ՌՀ- Իհարկե ոչ:

ՍՄ- Նաև շատ խոսեցին այն մասին, որ Ավետյանի մահից երկու օր հետո դուք Սերժ Սարգսյանի հետ գնացել եք Ուկրաինա : Ճիշտ է, թե չէ:

ՌՀ- Իհարկե ոչ : Ձեզ ավելին ասեմ. ես չեմ կարողանում նույնիսկ տնից դուրս գալ, մարդկանց աչքերի մեջ նայել : Ես ամաչում եմ մարդկանց հետ շփվել, որովհետև անմեղ դիակ են բերել…

ՍՄ- Այսինքն դուք Ուկրաինա չե՞ք գնացել, ինչպես որ ասում էին :

ՌՀ- Իհարկե ոչ :

ՍՄ- Իսկ Սերժ Սարգսյա՞նը:

ՌՀ- Սերժ Սարգսյանը գնացել է՝ պաշտոնապես: Ես նույնիսկ հրաժարվեցի իմ բոլոր գործուղումներից, որովհետև տնից դուրս չէի գալիս:

ՍՄ- Իմիջիայլոց, դուք զոհվածի ընտանիքի հետ կապ հաստատե՞լ եք:

ՌՀ- Ո՞ւմ ընտանիքի:

ՍՄ- Մահացածի:

ՌՀ- Ինչո՞ւ պիտի անեի դա : Թող դա անի նա, ով կապ ունի նրա մահվան հետ: Ես ի՞նչ կապ ունեմ այդ տղայի մահվան հետ, որ կապ հաստատեմ նրա ընտանիքի հետ: Ով որ արել է դա, թող նա էլ կապ հաստատի: Մի քանի սրիկա արել է դա, թող իրենք էլ պատասխան տան:

ՍՄ- Դուք ազդեցություն բանեցրե՞լ եք քննչական խմբի վրա, որպեսզի մի քանի օրով երկարացվի տուժողների փաստաբաններին հատկացված ժամանակը, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ քրեական գործին: Նախապես մեկ-երկու օր էր նախատեսված դրա համար:

ՌՀ- Ոչ : Անկեղծ ասած, ես նույնիսկ տեղյակ չեի: Գիտե՞ք, եթե ես հրաժարվել եմ իմ մանդատից, հենց դրա համար է, որ ինձ չմեղադրեն սրա կամ նրա վրա ճնշում բանեցնելու համար:

ՍՄ- Չէ, ես լավ իմաստով էի հարցնում :

ՌՀ- Ազնվորեն՝ տեղյակ չեմ:

ՍՄ- “Հարսնաքարի” այս դեպքը շատ է հիշեցնում “Առագաստ” սրճարանի դեպքը, որը Պողոս Պողոսյանի մահվան պատճառ դարձավ 2001-ի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը:

ՌՀ- Ինչո՞վ է նման: Ընդհանրապես նման չէ:

ՍՄ- Ինչո՞ւ : Ուզում եք ասել, որ այն ժամանակ իրոք թիկնապահներ էին ծեծողները, իսկ հիմա թիկնապահներ չե՞ն:

ՌՀ- Ոչ, ես էդպիսի բան չէի ասի:

ՍՄ- Այն ժամանակ ամբարտավանության պատմություն էր՝ «Բարև, Ռոբ», և մարդուն ջարդում են, այս անգամ էլ ես այդպես հասկացա, որ ամբարտավանության ինչ-որ պատմություն է, միգուցե… չգիտեմ… ինչ-որ կեցվածքի… Դա է՞լ չէ:

ՌՀ- Դուք խոսում եք՝ հիմնվելով նրա վրա, ինչ լսել եք, բայց ի տարբերություն ձեզ, ես եղել եմ այնտեղ : “Առագաստի” դեպքի օրը ես այնտեղ էի: Ես Պողոսյանից երկու մետր հեռու էի նստած՝ հարևան սեղանին:

ՍՄ- Նրան ճանաչո՞ւմ էիք:

ՌՀ- Ոչ: Չորս հոգով նստած էինք կողքի սեղանի շուրջ՝ ես, լրագրող Սաթիկ Սեյրանյանը: Ամեն ինչ իմ աչքի առաջ եղավ: Ես չեմ ուզում դրա մասին խոսել կամ էլ որևէ զուգահեռ անցկացնել ներկայիս դեպքի հետ: Ընդամենը ուզում եմ ասել, որ այս երկու դեպքերի միջև նմանություն չկա: Երկուսն էլ հրեշավոր դեպքեր են: Բայց դրանց դրդապատճառները լրիվ տարբեր են, և այդ երկու դեպքերն իրար բոլորովին նման չեն:

ՍՄ- Ենթադրենք, թե այդ երկու դեպքերն իրար հետ որևէ առնչություն չունեն, այնուամենայնիվ, պիտի արձանագրենք, որ տասը տարվա տարբերությամբ երկու մարդ է վայրենաբար սպանվել առանց որևէ պատճառի : Դա ինչ-որ շեղման մասին չի՞ վկայում :

ՌՀ- Ասեմ ձեզ. սարսափելի, աններելի բան է տեղի ունեցել, որի համար մեծ ցավ եմ ապրել ու մինչ օրս էլ չգիտեմ՝ ինչ անել : Ես չեմ փորձում արդարանալ ժողովրդի առաջ : Կարող եմ նույնիսկ ասել, որ այսօր առաջին անգամն է, որ լրագրողի հետ խոսում եմ դրա մասին : Ես մինչ այժմ լռել եմ, որովհետև սարսափելի դեպք է տեղի ունեցել, որը դիտավորյալ կերպով քաղաքականացրել են և արհեստականորեն կապել իմ անձի հետ՝ այն աստիճան, որ ինձ ուղղակիորեն մեղադրել են սպանության համար, ինչն անընդունելի է, երբ արվում է առանց գործը քննելու և բոլոր հանգամանքները պարզելու : “Անմեղության կանխավարկած” հասկացողություն գոյություն ունի : Մի քանի սրիկա, ստոր մարդիկ իրենց քննիչի, դատախազի, դատավորի տեղ դրեցին ու մի օրվա ընթացքում ինձ դատապարտեցին : Նման բան Ստալինի կամ Հիտլերի ժամանակներում էին անում : Տեղնուտեղը որոշում էին ու մարդուն մեղադրանք էին առաջադրում : Քննությունը կավարտվի, ազգային ժողովը կսկսի իր գործունեությունը, ես իրավունք ունեմ հենց առաջին օրը ելույթ ունենալու. այդ ժամանակ ես կխոսեմ ու ամեն ինչ կասեմ : Այո, ես գտնում եմ, որ շատ վատ բան է տեղի ունեցել, որ կատարվել է անթույլատրելի արարք, որ մեր երկրում կա մարդկանց մի խումբ, որոնց թվում է, թե իրենք անպատժելի են : Բայց ես այդ խմբին չեմ պատկանում և չեմ էլ ցանկանում պատկանել : Փառք Աստծո, մեր նախագահը նույնիսկ իր մտերիմների համար անպատժելիություն չի հանդուրժում, կարող եմ հավատացնել ձեզ : Անհնար է, որ ես մի մազաչափ մեղք ունենայի ու հիմա ձեզ հետ զրուցելիս լինեի : Եթե ես այս գործում մի մազաչափ մեղք ունենայի, նախագահն ինձ արդեն ձերբակալած կլիներ : Հաստատ համոզված եղեք : Գիտե՞ք ինչ, փորձում են մեր երկրի վրա ցեխ շպրտել, բայց այդպես չէ : Ես ընդունում եմ, որ վատ բաներ կան, բայց ոչ անպատժելիություն : Այսօր ցանկացածը, ով մեղավոր է, պատժվում է : Այո, երկրում վատ մթնոլորտ կա, իրար չներելու, իրար չհանդուրժելու մթնոլորտ, բայց անպատժելիություն չկա : Նման բան չկա : Համոզված եղեք, որ մեղավորը պատասխան է տալու :

ՍՄ- Գուցե այս անգամ այդպես լինի, իսկ մինչև հիմա՞:

ՌՀ- Ոչ : Կարող ենք ասել, որ այս դեպքից առաջ էլ մեղավորները պատժվել են : Ու հետո էլ այդպես կլինի : Քանի դեռ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահ է, այդպես կլինի:

ՍՄ- Եթե որոշ հեռավորությունից նայենք իրադարձություններին, ձեզ չի՞ թվում, որ Քոչարյանի նախագահությունից ի վեր երկիրը մի ուրիշ ուղով է գնացել :

ՌՀ- Ինչ-որ առումով համաձայն եմ ձեզ հետ : Վերջին տասնհինգ տարիների ընթացքում իրոք շատ անարդարություններ են եղել : Բայց եթե խորը ուսումնասիրենք Սերժ Սարգսյանի նախագահության տարիները, կտեսնենք, որ անպատժելիություն չկա :

ՍՄ- Ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանի գործի շարունակողը չէ՞:

ՌՀ- Ոչ : Սերժ Սարգսյանն ինքն իր գործի շարունակողն է : Նա թույլ չի տա, որ իր կուսակցությունից ինչ-որ մեկն անպատիժ մնա : Ես համոզված եմ դրանում, ես դա երաշխավորում եմ և գլուխս կդնեմ ասածիս համար :

(…) Այս պահին ես անջատում եմ ձայնագրությունը, և զրույցը շարունակվում է առանց դրա, հետո նորից անդրադառնում ենք “Հարսնաքարի” դեպքին : ՌՀ-ն աում է, որ երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքը, նա հետ կվերցնի իր մանդատը, մինչև դատավարության ավարտը, որից հետո նորից կհանձնի :

ՌՀ- Գոռում են՝ “Նեմեց, մարդասպան” : Ինչո՞ւ է գոռում… “Քննիչ” է, էնտեղ է եղել… “Տեսել է” : Ինչո՞ւ է գոռում՝ “մարդասպան” : Նրանք ո՞վ են, իրավունք ունե՞ն գոռալու : Ես Հայաստանի քաղաքացի եմ : Ես էլ իրավունք ունեմ պաշտպանվելու, չէ՞: Ինչո՞ւ են ինձ գոռում՝ “մարդասպան” : Իսկ եթե հետո պարզվի, որ ես այդ ամենի հետ կապ չունեմ, եթե քննությունը պարզի, նրանք ի՞նչ են անելու :

ՍՄ- Դուք մի պահ ասացիք, որ այնպիսի տպավորություն ունեիք, թե փորձել են ձեզ ծուղակը գցել : Ենթադրենք, թե դա ճիշտ է: Ո՞վ կարող էր ցանկանալ ձեզ ծուղակը գցել:

ՌՀ- Նրանք, ովքեր իշխանության դեմ են: Դուք չե՞ք տեսնում, որ այս ամենն իմ անձի դեմ չի ուղղված …

ՍՄ- Այսինքն՝ դուք որպես համակարգի նմուշ…

ՌՀ- Չէ, համակարգի չէ :

ՍՄ- Վարչակարգի :

ՌՀ- Ոչ էլ վարչակարգի : Ինչո՞ւ վարչակարգի, ոչ թե՝ իշխանության :

ՍՄ- Բայց ինչո՞ւ ձեր միջոցով :

ՌՀ- Որովհետև ես եմ կանգնած եղել… դավաճան չեմ եղել : Փորձեք տեսնել, թե այդ ոհմակի արշավն իմ դեմ երբ սկսվեց, որովհետև նրանք ոհմակ են : Դուք այդ լրատվամիջոցներին ընդդիմադիր եք անվանում, իսկ ես անվանում եմ “ոհմակ” : Նրանք պատվերով դուրս եկան իմ դեմ այն ժամանակ, երբ ես չպաշտպանեցի ԼՏՊ-ի թեկնածությունը :

ՍՄ- Բայց դուք միակը չեք, ով նման դիրքորոշում է որդեգրել :

ՌՀ- Ինձ լավ լսեք. ես միակն եմ :

ՍՄ- Ոչ, դուք միակը չեք : Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը կա, և այլն…

ՌՀ- Ես չեմ ուզում ուրիշների մասին խոսել : Ես միայն իմ մասին եմ խոսում : Թե ուրիշներն ինչ են արել, ինչ խաղեր են խաղացել, ինձ չի հետաքրքրում : Ով տարել է, ԼՏՊ-ին փող է տվել… Գրեք Բարգավաճի մասին, նա էլ է իշխանության կողմից եղել… ԼՏՊ-ն կամ իր թերթերը : (ծ.լ. Այստեղ ՌՀ-ն միտքն այնքան էլ հստակ չի արտահայտում, ինչը, ամենայն հավանականությամբ, շփոթմունքի մասին է վկայում) : …Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա : Ո՞վ է ավտոբուսներով բերում, տանս դիմաց դատարկում : Ավելի լավ է՝ դա ուսումնասիրեք, տեսեք՝ ովքեր են : Մարդկանց ավտոբուսով բերում են Աբովյանից, դատարկում են իմ տան դիմաց, որ գոռան՝ “Նեմեց՝ մարդասպան” : ՍՄ- Ես նման բան չեմ տեսել :

ՌՀ- Ի՞նչ եք ասում, ես հո սուտ չե՞մ խոսում :

ՍՄ- Ես մասնակցել եմ օգոստոսի յոթի ցույցին և նման բան չեմ տեսել, եթե չհաշվենք այն, որ երթով անցանք ձեր տան առջևով, մի վայրկյան կանգ առանք, հետո շարունակեցինք :

ՌՀ- Իսկ ինչո՞ւ կանգ առաք : Իմ տղան ու ընտանիքիս անդամներն ի՞նչ մեղք ունեն : Ինչո՞ւ կանգ առաք քաղաքապետի տան դիմաց և վախեցրիք հինգ անչափահաս երեխաներին: Դա ճի՞շտ է, դա ազնի՞վ է: Լավ, ես վատն եմ, համարում ենք՝ ես վատն եմ : Տունն ի՞նչ կապ ունի, ընտանիքի հանդե՞պ եք ոտնձգություն անում, ընտանիքի վրա՞ եք գնում, հայ ազգն արդեն այդքան ճիճուացա՞վ, ճիվաղացա՞վ: Ընտանիքն ի՞նչ կապ ունի: Լավ, ես վատն եմ, շատ վատն եմ, իմ երեխաներն ի՞նչ մեղավոր են: Քաղաքապետի երեխաներն ի՞նչ մեղավոր են: Մեծ երեխան տասներեք տարեկան է: Ասենք՝ քաղաքապետը վատն է: Մեծը տասներեք տարեկան է, փոքրը՝ երկու ամսական: Ի՞նչ մեղք ունեն՝ հինգ երեխա: Ինչո՞ւ: Ժողովրդավարությունը դա՞ է, ազատությունը, ճշմարտությունը դա՞ է: Գնում են՝ գոռալով. “Եկել ենք, ազատենք Ավանը”: Դուք ձեր աչքով տեսել եք՝ ովքեր են, քանի մարդ կար: Դուք գտնում եք՝ այդ մարդիկ ինքնաբո՞ւխ են եկել: Այդ դուք եք, որ, որպես լրագրող, մասնագիտական հետաքրքրությունից ելնելով գնացել եք: Բա ինչո՞ւ այդ ձնագունդը չի մեծանում:

ՍՄ- Դա ուրիշ պատմություն է:

ՌՀ- Ի՞նչ պատմություն:

ՍՄ- Դուք գիտե՞ք՝ ինչու:

ՌՀ- Իհարկե գիտեմ, իհարկե գիտեմ:

ՍՄ- Չմեկնաբանենք:

ՌՀ- Ինչո՞ւ : Ովքե՞ր են… Վարձու մարդիկ: Դուք իրոք կարծում եք, որ այս փոքրիկ Հայաստանում ես այն մարդն եմ, ով չգիտե՞, թե ով ում հետ է շփվել: Դեպքից հետո քառասունհինգ օր է անցել, կարծում եք՝ ես այնպիսի մեկն եմ, ով չգիտե՞ք, թե ով ումից է պատվեր ստանում:

ՍՄ- Դուք իրոք համարում եք, որ քաղաքացիական շարժումները հեռվից կառավարվո՞ւմ են:

ՌՀ- Ինձ ասացեք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը: Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ինչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի Բարգավաճ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ Բարգավաճ, Լևոն, բոլորը միավորվել են… Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել: (ծ.լ., Գարեգին Չուգասզյանը և Հրանուշ Խառատյանը գլխավորում են «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը) : Եթե ուզում եք գալ, խնդրեմ, եկեք: Թող այդ մարդիկ նայեն իրենց կենսագրության տասնվեց տարին: …Մարդ կա, իր կենսագրության տասնվեց տարին ինչո՞ւ է թաքուն պահում : Ու այդ մարդը պիտի գա իշխանությա՞ն… Ո՞վ չի հասկանում՝ սա ինչ է:

ՍՄ- Իսկ ինչպե՞ս եք բացատրում ԼՏՊ-ի և Քոչարյանի “մտերմությունը”:

ՌՀ- Ինչպե՞ս բացատրեմ: Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ ուզում են կործանել երկիրը : Դա մտերմություն չէ, նրանք միավորվել են, որ կործանեն երկիրը: Ո՞վ չի հասկանում… Գարեգին Չուգասզյանը, (ծ.լ. դժվար լսելի բառ) անմիջապես դեմքները բացեցին… իսկ մնացած լակոտ-լուկուտները ո՞վ են… ես գիտեմ, թե ինչքան փող են առնում, գալիս են : Անգիր գիտեմ՝ ով է տանում փողերը տալիս, ինչ են անում : Ամեն ինչ գիտեմ՝ հատ-հատ, օրերով : Ում միջոցով են փող վերցնում, լրիվ… Այդ դուք կարող եք չիմանալ, ես այն մարդը չեմ, որ չտիրապետեմ նման տեղեկությունների : ՍՄ- Օրինակ՝ մի երիտասարդ կա՝ Դավիթ Սանասարյան : (ծ.լ., Դավիթ Սանասարյանը գլխավորում է « Պահանջում ենք պատժել « Հարսնաքարում » տեղի ունեցածի բոլոր մեղավորներին » հասարակական շարժման նախաձեռնող խումբը) : Ես, որպես քաղաքացի, իրավունք ունե՞մ :

ՌՀ- Նա հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն վտանգ է սպառնում… Այ ճիճու, Ռուբեն Հայրապետյանն իր ձեռքերը կկեղտոտի՞ քեզ վրա :

ՍՄ- Ես դա չեմ լսել, բայց նա իրավունք չունի՞…

ՌՀ- Ի՞նչ իրավունք… Իհարկե չունի…

ՍՄ- … պայքարելու :

ՌՀ-…իրավունք ինձ մեղադրելու սպանության մեջ :

ՍՄ- Նա չի մեղադրում :

ՌՀ- Բա ի՞նչ է անում :

ՍՄ- Նա ասում է՝ մենք Ռուբեն Հայրապետյանի դեմ չենք, մենք ուզում ենք, որ արդար քննություն լինի : ՌՀ- Իսկ ձեզ ո՞վ ասաց, թե քննությունն անարդար է :

ՍՄ- Դրա վերաբերյալ կասկածներ կան :

ՌՀ- Ի՞նչ կասկածներ : Իսկ եթե ասեմ, թե Դավիթ Սանասարյանի վերաբերյալ կասկածներ ունեմ, կարծում եմ, որ նա թուրքական լրտես է, պիտի հրապարակե՞մ դա : Ես իրավունք ունե՞մ դա հրապարակելու : Իրավունք ունե՞մ՝ գնամ, կանգնեմ Դավիթենց տան դիմաց ու ասեմ՝ “Դավիթ, կասկածում եմ” :

ՍՄ- Այդ կասկածների վերաբերյալ փաստաբանին հարցեր տվեցի : Խնդրեցի, որ նա օբյեկտիվորեն բացատրի, թե որն է կասկածների պատճառը, և նա ինձ բացատրեց : Բավականին տրամաբանական բաներ ասաց :

ՌՀ- Լսեք, լսեք, լսեք… այս ի՞նչ եք ասում : Փաստաբանի հետ երևի նոր եք (ծ.լ. խոսել)… Երկու օր հետո… նույն օրը… հաջորդ օրը… Դավիթն ի՞նչ գիտի, որ գոռում է՝ “մարդասպան”: Դավիթը որտեղի՞ց գիտի, որ ես մարդասպան եմ, որ գոռում է՝ “մարդասպան”:

ՍՄ- Ես ունեմ Դավիթի հարցազրույցը : Ասում է՝ այդ մարդն ինձ չի հետաքրքրում, ինձ քննության արդարությունն է հետաքրքրում :

ՌՀ- Ապրեք : Շատ ճիշտ է ասում : Ո՞վ է ասում՝ ոչ : Ուրեմն թող գնան դատախազության դիմաց, քննիչի դիմաց կանգնեն, գոռան. “Արդարություն ենք պահանջում” : Ի՞նչ կապ ունի իմ տունը : ՍՄ- Հասկանում եմ : ՌՀ- Այո, ես էլ նրանց միանամ ու գնամ գոռամ, ասեմ՝ “Արդարություն” : Նորմա՞լ է : Բայց ի՞նչ կապ ունի… որ մարդու վրա միանգամից դնում ես մեղադրական եզրակացություն : Մեղադրել ես հանցագործության մեջ : Ես դա եմ ասում, հո չե՞մ ասում՝ իրավունք չունի : Ո՞վ է ասում, թե իրավունք չունի :

ՍՄ- Ես ինքս ողջունում եմ այդ տղաների գոյությունը :

ՌՀ- Լսեք, ես ազնվորեն որոշել էի այս մոմավառությանը միանալ իրենց : Միանում էի իրենց, ասեի… գոնե ինչ-ինչ… գալու էի, ասեի. “Լսեք, դուք ձեր հարազատների գերեզմանների տեղը չգիտեք էլ… բայց, այնուամենայնիվ, ես միանում եմ ձեզ, ես էլ եմ դատապարտում” : Բայց քսան օր առաջ խումբ են ստեղծել, թե ինձ պիտի սնանկացնեն : Դա ո՞նց հասկանանք : Ինչո՞ւ եք ուզում ինձ սնանկացնել : Ես ուզում եմ հասկանալ : Արդարությո՞ւն եք ուզում : Բայց ի՞նչ է նշանակում իրենց էդ ձևը : Երվանդ Մանարյան… Լևոնի շնիկն է : Բիձա, նորմալ մարդ է, տարիքն առել է… Մանարյանն է : Ասում է՝ “Նեմեցը մարդասպան է” : Ինչո՞ւ : Լևոն ջան, դու որ սպանեցիր, գցեցիր Վանոյի վրա, Վանոն մինչև հիմա… Ի տարբերություն նրա, ես ինչ որ արել եմ իմ կյանքում… եղել է… բաներ եմ արել, վերցրել եմ ինձ վրա : Ասել եմ. “Ես եմ արել” : Այո, եղել է՝ ապտակել եմ, ասել եմ. “Ես արել եմ” : Այո, եղել է՝ վիրավորել եմ, ասել եմ. “Ես արել եմ” : Կամ՝ լավ եմ արել, կամ էլ, եթե սխալ եմ արել, ասել եմ՝ “կներեք” : Ես այդ մարդն եմ : Իսկ այն մյուսները, որոնց մասին ասում եք՝ հաստավզերը, ես նրանց նման չեմ : Եթե սխալ եմ անում, կանգնում եմ, հրապարակավ ներողություն եմ խնդրում : Ես դրանից երբեք չեմ խուսափել : Սխալ եմ արել… Մարդ եմ, չէ,՞ կարող եմ սխալվել, բազմիցս եղել է՝ սխալվել եմ, մամուլով հրապարակավ ներողություն եմ խնդրել : Ես չեմ թաքնվում ուրիշների նման՝ ուրիշների թիկունքում : Ի տարբերություն նրանց, եթե բան եմ ունենում անելու, բացեիբաց եմ անում : Այնինչ, Հրանուշ Խառատյանը… շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ… Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը իմ ընտանիքի՞ն են ահաբեկել : Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել : Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն…, բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում : Այ հիմա ահաբեկելը կտեսնեն : Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու : Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են : Մինչև մահ վախենալու են ինձանից : Ես դա բացեիբաց ասելու եմ : Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել : Բնազդական արդեն բան են սարքել… Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞ : Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը : Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց : Գարեգին Չուգասզյանին՝ այդ նապաստակին կտեսնեք, թե ինչ օրն եմ գցելու : Մի մուլտ կա, որտեղ կատուն գալիս է շան դիմաց, թաթերը խփում է, այ դուք կտեսնեք, թե այդ Գարեգինն ինչպես է ամեն օր գալու ձեռքս համբուրելու ու գնա : Հասկացեք, այդ դեպքը տեղի է ունեցել ռեստորանում, ուրեմն գնացեք ռեստորանի դիմաց, ոչ թե իմ տան առաջ : Տունս ի՞նչ կապ ունի : Տարոնի տունն ի՞նչ կապ ունի : Երբ առաջին անգամ գնացել են, զանգը տվել են՝ “Ամոթ Տարոնին”… Ասացինք. “Լավ, այս անգամ մոռանանք” : Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես… Ասացի՝ լավ, թող անեն : Էս ի՞նչ է : Սնանկացման… դա ի՞նչ է… ո՞նց է կոչվում… բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար : Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը : Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն : Այ այդպես : Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է : Ինչի՞ համար գան տանս վրա : Իմ երեխեն ի՞նչ մեղք ունի : Ես վատն եմ, համարում ենք՝ ես մեղավոր եմ : Բա որ ինձ բռնեին, ես իրոք մեղավոր լինեի, պիտի մտնեին իմ ընտանիքը մորթեի՞ն : (ծ.լ. Ձայնագրությունում խոտան կա) : Ես խոստանում եմ՝ դրա դեմն առնելու եմ, մարդուն օրենքից դուրս մեղադրելու դեմն առնելու եմ : Ես կմեղադրվեմ, ես կդատապարտ(վ)եմ, դա խոստանում եմ, բայց պիտի մի հատ դաս լինի այն մարդուն, ով անօրինական ոտնձգություն է անում մարդու դեմ : Փորձում է իրեն օրենքից վեր դասել : Լինի դա լրագրող, լինի դա Դավիթը…

ՍՄ- Դուք անընդհատ պատժելուց եք խոսում : Ինչո՞ւ մամլո ասուլիս չեք հրավիրում և ասեք ձեր ասելիքը :

ՌՀ- Պատասխանեմ ձեզ. ինձ առաջին օրվանից մեղադրեցին սպանության համար : Ինչ էլ որ ասեի, կդիտվեր որպես նախաքննության վրա բանեցված ճնշում :

ՍՄ- Դուք նախընտրում եք լռել, քան թե …

ՌՀ- Ես կլռեմ, մինչև որ գործը դատարան հասնի : Դրանից հետո նոր կկարողանամ խոսել ամեն ինչի մասին ու մանրամասնորեն : Ես կսկսեմ խոսել, հենց որ նախաքննության փուլն ավարտվի, որովհետև եթե հիմա խոսեմ, կասեն, թե փորձում եմ ուղղորդել քննությունը :

ՍՄ- Կհամաձայնե՞ք, եթե մեկ նախադասությամբ, լևոնական բառապաշարով ասենք, որ այս դեպքը քրեական վարչակարգին հատուկ դրսևորում է :

ՌՀ- Չէ, ես համաձայն չեմ :

ՍՄ- Այսինքն սա սովորական դժբախտ պատահա՞ր է :

ՌՀ- Ոչ : Սա որոշ տգետ մարդկանց ցինիզմի, լկտիության և այլանդակ կեցվածքի հետևանքն է : Դա ի՞նչ կապ ունի վարչակարգի և իշխանությունների հետ :

ՍՄ- Ուզում եք ասել, որ ոչ թե իշխանությունն է մեղավոր, այլ Հայաստանի հասարակությո՞ւնն է տգետ : ՌՀ- Այո, հասարակությունն է տգետ : ****** Այստեղ ավարտվեց ձայնագրությունը, բայց ոչ մեր զրույցը, որը շարունակվեց ձայնագրիչն անջատելուց հետո և որի ընթացքում ՌՀ-ն որոշ հետաքրքիր բաներ էլ ասաց, որոնց կարևոր մասը ես արագորեն կարողացա նշել :

“Հարսնաքարի” մասին.

ՌՀ-ն ինձ ասաց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվել, որովհետև ձերբակալվածներից երկու-երեք հոգին այդտեղ չպիտի գտնվեին : Նրանք իրենց տեղում չէին, և ինքը չի հասկանում, թե ինչ գործ ունեին այդտեղ : Բացի այդ, ինձ նորից լսել տվեց, որ անձնակազմը երբեք բռնություն չէր կիրառի, եթե հաճախորդները չդրդեին՝ ակնարկելով, որ ամեն ինչ սկսվել է ռազմական բժիշկների պահվածքից : Հետո սկսեց խոսել ընդհանրապես հաճախորդների պահվածքի մասին, որը դժվարացնում է գործը : Ինձ ասաց, որ հյուրանոցում ու ռեստորանում աշխատող ցանկացած մարդ սկզբունքորեն փորձում է խուսափել խնդիրներից ու կռիվներից, այնպես որ, տրամաբանորեն, այն, ինչ եղավ, չպիտի լիներ, իսկ թե ինչպես եղավ, իր համար կատարելապես անհասկանալի է :

ԼՏՊ-ի մասին.

“Լևոն, դու ես անպատժելիությունը մտցրել այս երկիր ” -ասաց նա : “Քսան տարի շարունակ մենք շատ վատ համակարգում ենք ապրել և ուզում ենք, որ ամեն ինչ միանգամից փոխվի : Բայց մենք ամեն ինչ նրանցից ենք սովորել “ (ծ.լ., ԼՏՊ-ից և ՀՀՇ-ից):  Նա բացատրում է, որ ԼՏՊ-ն է իր հետ կապի մեջ մտել նախ 2005-ին, ապա՝ 2007-ի օգոստոսի 21-ին, և որ ԼՏՊ-ն անձամբ երկու անգամ եկել է իր հետ հանդիպելու Սևանի “Հարսնաքար” հյուրանոցում, որ համոզի աջակցել 2007-2008 թթ-ի իր նախագահական ընտրարշավին : Հետո էլի է փորձել իրեն համոզել Դավիթ Մաթևոսյանի շնորհիվ :

Պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին.

ՌՀ-ն ինձ ասում է, որ Ազգային ժողովի նստաշրջանի հենց սկզբում՝ սեպտեմբերի տասին կօգտագործի ելույթի իր իրավունքը և հետ կվերցնի մանդատը : Ասում է, որ պատգամավոր կմնա, մինչև դատական ընթացքի ավարտը, որից հետո միայն հրաժարական կտա :

Քոչարյանի մասին.

Քոչարյանը նրա մղձավանջն է : ՌՀ-ն նորից անդրադառնում է 2005-ին “ Գրանդ Տոբակոյի իր փայաբաժնի վաճառքին և ընդունում է, որ Քոչարյանն էր իրեն ստիպել անելու դա : Նաև հիշեցնում է, որ իրեն ձերբակալել են 2001-ին (բայց մենք չզարգացրեցինք այդ թեման) : Բարգավաճ Հայաստանի և ԼՏՊ-ի “դաշինքի” հետևում նա տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը :

“Փողոցի տղայի” իր անցյալի մասին.

Նա ընդունում է, որ “չար”, “կռվարար” տղա էր, բայց հերքում է, թե թաղամասի գողական տղաներից էր, հանցագործ, վատ տղա : Նա հերքում է իմ լսած այն պատմությունը, թե մի անգամ ինչ-որ մեկին դանակահարել է և դատվել է դրա համար : Նա հերքում է դա՝ միաժամանակ խոստովանելով, որ իրեն մի քանի անգամ ոստիկանություն են տարել, բայց դատ չի եղել :

Շրջապատի “բռնակալության” մասին.

ՌՀ-ն փիլիսոփայական մտքեր է արտահայտում այն մասին, որ իր պես մարդիկ սովորաբար դառնում են զոհն իրենց շրջապատի, որը խաղում է իրենց հեղինակության հետ. “Մենք շրջապատի գերին ենք” : Որպես օրինակ հիշում է հոր հորեղբոր թոռանը, որը բազմիցս օգտվել է իրենց ազգակցական կապից՝ անընդունելի պահվածք դրսևորելով, շատ թանկ ընթրիք պատվիրելով ռեստորանում և հաշիվը չփակելով : Հիշում է, թե ինչպես է “Բելաջիոյի” տնօրենն իրեն զանգել, որովհետև հոր հորեղբոր թոռն անվճարունակ էր, և ինքն է փակել նրա հաշիվը : Այժմ ՌՀ-ն այդ մարդուն և նրա մորը ջնջել է իր կյանքից : Իմիջիայլոց, այդ մարդը հիմա բանտում է, իսկ ՌՀ-ն էլ ամեն ինչ արել է, որ նա առավելագույն պատիժ ստանա իր գործած վերջին հանցանքի համար :

Քաղաքական վարչակարգի մասին.

ՌՀ.-ն ասում է, որ պետք չէ ամեն ինչում իշխանություններին և վարչակարգին մեղադրել : Ասում է, որ անկախության քսան տարին կարճ ժամկետ է և ժամանակ է պետք, որ Հայաստանը փոխվի :

Իր բարեգործության մասին

Ասում է, որ Ավանի Ֆուտբոլի ակադեմիան և ֆուտբոլի դաշտերը, որ գտնվում են “Հարսնաքար” հյուրանոց-ռեստորանի հետևում, կառուցվել են իր հողատարածքի վրա, և այդպես անելով՝ ինքը տասնհինգ հեկտար տարածք է նվիրել քաղաքապետարանին :

Հարցազրույցը վարեց Սեդա Մավյանը

Հայերեն վերաարձանագրեց, Նունե Ա.