2014 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան խաղում ֆուտբոլասերները մեծ հաշվով ֆուտբոլ այդպես էլ չտեսան: Կեղտոտ խաղ, անթիվ-անհամար խախտումներ, կարմիր-դեղին քարտեր՝ խնդրեմ: Բայց գոլային պահեր, գեղեցիկ կոմբինացիաներ, դարպասին հարվածներ չկային: Դրա մեղավորը, իհարկե, Բուլղարիայի հավաքականն է, որը հենց այդպես էր որոշել խաղալ և կարողացավ դա անել: Կազմակերպեց խաղի ընթացքն այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու: Բուլղարացիները կեղտոտ խաղ էին խաղում, սադրում էին, կրկին սադրում էին, իսկ Հայաստանի ընտրանին, պատկերավոր ասած, «գլուխը կախ» առաջ էր շարժվում մրցակցի նախանշած ուղով: Մրցավար Շտեֆան Շտուդերն էլ, իր հերթին, ամեն կերպ աջակցում էր բուլղարական խաղին, և այնպիսի տպավորություն էր, որ կամ նա տառապում է ոչ պրոֆեսիոնալիզմի խորը տարբերակով, կամ բուլղարական կողմը նրան, ֆուտբոլային լեզվով ասած, «բռնել է»:
Այս ամենն ասվում է ոչ թե Հայաստանի հավաքականին արդարացնելու համար: Հայաստանցիներն ամենևին էլ արդարացման տեղ չունեն: Խաղի բոլոր անհրապույր կողմերի հետ հանդերձ, մեր ֆուտբոլիստները պետք է բարձր կարգի պրոֆեսիոնալներ մնային, այլ ոչ թե տրվեին մրցակցի սադրանքներին: Եվ առավել ևս ոչինչ չի արդարացնում Գևորգ Ղազարյանի արարքը:
Անցյալ ընտրական փուլից հետո Հայաստանի ընտրանին իր ցուցադրած խաղով և արդյունքներով «նոր լեվըլի» է բարձրացել: Եվ այդ լեվըլում մեր պահանջներն ու մրցակցի վերաբերմունքը թիմի նկատմամբ միանգամայն այլ են: Մալթայի և Բուլղարիայի հավաքականի մարզիչները, բնական է, հիմար չեն և մանրակրկիտ ուսումնասիրել էին հայաստանցիների խաղաոճը: Մալթայի հավաքականի մարզիչ, ծեր աղվես իտալացի Պիետրո Գեդինը, ով նախկինում աշխատել է նաև Իտալիայի հավաքականի մարզչական շտաբում, դեռևս Մալթա-Հայաստան հանդիպման ժամանակ բուլղարացի Լյուբո Պենևին ցույց տվեց, թե ինչպես պետք է խաղալ Վարդան Մինասյանի թիմի դեմ: Մի քանի պարզ և, ինչպես պարզվեց, իրագործելի դրույթ: Մի թույլ տվեք, որպեսզի Մխիթարյանը և Մովսիսյանը գնդակ ստանան: Եթե ստացան, հարվածեք ոտքերին: Եթե չստացվեց, ձեռքով շապիկից քաշեք: Դա արեք հնարավորինս նուրբ, որպեսզի դեղին քարտի հավանականությունը քիչ լինի: Գրոհները խախտումներով կասեցրեք արդեն սաղմնային փուլում:
Դեռևս Մալթայի դեմ խաղում երևաց, որ այդ մարտավարությունը աշխատում է: Պենևը օգտագործեց Գեդինի առաջարկած մարտավարության խորհանարդը: Դա, իհարկե, մեծ հաշվով ֆուտբոլ չես անվանի, բայց աշխատեց չէ՞: Բուլղարացիներին ընդամենը մեկ վտանգավոր գրոհ էր պետք կազմակերպել, և դա նրանք արեցին: Իսկ հետո պահեցին հաշիվը: Ֆուտբոլային ցինիզմի երկրպագուները կասեն, որ հետագայում ոչ ոք չի հիշելու հանդիպման ընթացքը, մնալու է հաշիվը, իսկ երեք միավորը երեք միավոր է: Աշխարհի գավաթի և Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում հիշում են նաև խաղը: Ընտրական փուլերում, ցավոք, գրեթե միշտ հիշում են նաև հաշիվը: Իսկ եթե խոսեն խաղի որակի մասին, ապա միայն Հայաստանում:
Հայաստանի հավաքականը, փաստորեն, այդ նոր լեվըլում գրեթե ոչինչ չառաջարկեց Բուլղարիային: Որը, ի դեպ, ավելի դիրքային, տակտիկական ֆուտբոլ խաղացող Իտալիայի հետ միանգամայն այլ խաղ ցուցադրեց: Հայաստանի դեմ փոխեց մարտավարությունը՝ չստեղծելով այն պահերի կեսն անգամ, որ ունեցավ Իտալիայի դեմ հանդիպման ժամանակ: Բայց հաղթեց:
Հայաստանը նաև անսպասելի չէր մրցակցի համար: Հենոյին, այո, ջարդեցին, բայց հակախաղ մեր թիմը չունեցավ: Բացի դա, չկար թարմությունն ու արագությունը, և ֆիզպատրաստվածության մասին հարցերը դեռ պետք է պատասխաններ գտնեն: Ինչպես նաև հոլանդացի մասնագետների թիմից հեռանալը, որի մասին լուրն առայժմ արտահայտվում է Ռայմոնդ Ֆերհեյենի «Թվիտերում» թողած հաղորդագրությամբ. «Տխուր է տեսնել, որ Հայաստանն ու Ուելսը պարտվեցին: Երկու խաղն էլ տանն էի դիտում, քանի որ ստիպված էի Հայաստանի հավաքականի շտաբը լքել անձնական պատճառներով»: Երևան ժամանելուց հետո, հավանաբար, Ֆերհեյենի հեռանալն իր բացատրությունը կգտնի: Իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 8-ին, նա «Թվիտերում» մանրամասն նկարագրում էր, թե ինչ պետք է անեն հայաստանցի ֆուտբոլիստները վերականգնվելու համար, և Մալթայի նկատմամբ տարած հաղթանակը «սոլիդ» էր անվանում:
Այնպես չէ, որ Բուլղարիայում Հայաստանը գոնե ոչ-ոքիի չէր կարող հավակնել: Բայց նոր իրավիճակում այլ կերպ խաղալու անկարողությունը և հոգեբանորեն մրցակցին զիջելու հարցն արդիական դարձավ հենց երկրորդ խաղակեսում, երբ, կարծես, մեր թիմն արդեն պատրաստվում էր ավելացնել: Գևորգ Ղազարյանի տուգանայինում հայտնվելը և վտանգավոր դիրքից չհարվածելն ու գնդակ կորցնելն ահազանգ էր Բուլղարիայի համար: Նրանք հասկացան՝ այս անգամ չստացվեց, հաջորդ անգամ կարող է ստացվել: Եվ կոնկրետ իրավիճակ ստեղծեցին՝ վերջնականապես քանդելով հայաստանյան խաղի անգամ չհավաքված փազլը: Կարող եք 100 անգամ դիտել կրկնապատկերը: Հենրիխ Մխիթարյանը, պայքարելով գնդակի համար մինչև վերջ, ամեն ինչ արեց, որպեսզի խուսափի բախումից: Մենք Հենոյին լավ գիտենք, կեղտոտ խաղը նրանից կիլոմետրերով հեռու է: Բուլղարացի խաղացողները բախվեցին միմյանց, իսկ գնդակով գետնին հայտնված Նիկոլայ Միխայլովը «գրագետ» ոտքն այնքան պահեց Հենրիխ Մխիթարյանի ոտքերի մոտ, որ վերջինս հպվի մրցակցին: Բայց Հենոն մինչև վերջ փորձեց խուսափել բախումից: Եվ բուլղարացիները պարզապես սկսեցին ակնհայտ սադրանքը: Մեր մյուս տղաներն էլ արագ տեղ հասան՝ հո՞ չէին թողնի, որ առաջատարին նեղացնեն: Հոքեյում նման դեպքերում երբեմն ամբողջ թիմն է դուրս գալիս մրցակցին ծեծելու: Բայց սա հոքեյ չէ,հարազատներս: Ու բուլղարացիները շարունակեցին: Հրմշտոց, որտեղ մրցակիցը հաստատ ավելի ակտիվ էր, ու ամեն անգամ, երբ իրավիճակը հանդարտվում էր, դաշտի տերերը նորից էին «տաքացնում» այն: Դաժևն անգամ գետնին հայտնվեց: Մեր հարգարժան մրցավարն էլ՝ Շտուդերը, առիթը բաց չթողեց իր ողջ ունակությունները ցույց տալու համար: Դարձյալ, երբ առաջին խաղակեսում մի քանի անգամ մրցակցին կարող էր դեղին քարտ ցույց տալ, նա ձեռքը գրպանին մոտ անգամ չտարավ: Իսկ այստեղ ուղիղ կարմիր քարտ Մարկոսին, կարծես սադրանքը խեղճ Մարկոսն էր կազմակերպել, ով չկարողացավ էլ պաշտպանվել դարպասապահ Միխայլովից: Եվ միայն դեղին քարտ Դաժևին, ում համար այն երկրորդն էր: Հրմշտոցն ու մրցավարի որոշումների կայացումը տևեցին ուղիղ 4 րոպե, իսկ հանդիպման վերջում Շտուդերն ընդամենը 4 րոպե ավելացրեց: Կարծես այլ դադարներ և 5 փոփոխություններ չէին էլ եղել:
Միջադեպից հետո էլ Գևորգ Ղազարյանն անթույլատրելին արեց: Հասկանալի է, որ նյարդերը պրկված էին: Հասկանալի է, որ գնդակ սպասարկող տղաներին վաղուց կարգադրել էին դանդաղեցնել խաղի ընթացքը, նույնիսկ նյարդայնացնել հակառակորդին: Դեռևս առաջին խաղակեսում դա երևաց: Այս անգամ էլ՝ մեկ գնդակ չէին տալիս, մեկ էլ՝ երկուսը միանգամից տվեցին: Բայց զայրույթից գնդակը ուժեղ հարվածով ուղարկել երեխայի ուղղությամբ… դա իրական ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում է: Գևորգը, ի դեպ, ամեն ինչ հասկացավ անմիջապես իր արարքից հետո: Չսպասեց անգամ կարմիր քարտին, շրջվեց ու հեռացավ դաշտից: Այդ հասկանալը մեր թիմին օգնել չէր կարող: Վերջին 15 րոպեները դաժան էին Հայաստանի հավաքականի երկրպագուների համար: Մեր թիմը խաղում է 9 հոգով, հոգնած, հոգեբանական անկայուն վիճակում, մյուս կողմից էլ բուլղարացիները շարունակում էին իրենց անվերջ խախտումները: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1:0:
Այս հանդիպումը պետք է որ լավ դաս լինի մեր թիմի համար: Լավ է, որ Վարդան Մինասյանը միանգամից հետևություններ չարեց, նշեց, որ պետք է վերլուծել հանդիպումը: Լավ է՝ ասեց, որ մրցավարության մասին չի ցանկանում խոսել: Շատ կարևոր է քո մեջ սխալները որոնել: Մրցավարությունը՝ իր հերթին, սակայն մենք պետք է ինքներս շտկենք մեր սխալները: Երկու խաղերում սխալներ եղան, և ամենակարևորը, որ այժմ Հայաստանի հավաքականը պետք է ընտելանա նոր իրականությանը և փորձի գործել միանգամայն նոր պայմաններում: Հայաստանին բոլորը լուրջ են ընկալում, կոնկրետ պատրաստվում են մեր թիմի դեմ խաղին, մանրակրկիտ ուսումնասիրում են առաջատարների խաղաոճը, անում են այն ամենը, ինչը գրեթե չկար նախորդ ընտրական փուլում: Լավ է, որ դա պարզ դարձավ ընտրական փուլի մեկնարկին, երբ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Արմեն Մելիքբեկյան