Լալայանց և Տերյան փողոցների խաբված բնակարանատերերը, ամառային ընդմիջումից հետո սկսելով իրենց իրավունքների համար պայքարի նոր փուլ, պահատական չեն որոշել դա անել այսօր՝ Անկախության օրը, նախագահական նստավայրի մոտ:
Ակցիայի մասնակից Ծովինար Դավիթյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իշխանությունները անկախությունը կարևոր ձեռքբերում են համարում, բայց քաղաքացիները փողոցներում են մնացել ու այդ անկախ իշխանություններից 9 տարի է՝ արդար փոխհատուցում չեն ստանում:
«Մեզ երեք անգամ Սերժ Սարգսյանը խոստացել է լուծել հարցը: Վերջին անգամ Սուրբ Սարգիսի տոնին: Իսկ մայիսին՝ նախընտրական արշավի հանդիպումների ժամանակ, երբ հարցը բարձրացրինք, ասաց՝ Սուրբ Սարգիսի տոնին եմ ասել, էդ օրը կգաք: Մենք իրեն ենք ընտրել, բայց էլ չի ստանա մեր ձայնն այս անգամ», – ասել է Դավիթյանը:
Բնակարանատերերը պատմել են, որ 2004թ. դատական որոշումով ստիպված են եղել դուրս գալ սեփական տներից՝ ստանալով 215 դոլար մեկ քառակուսի մետրի համար: Նրանց տների տեղում Հյուսիսային պողոտան են կառուցել:
«Մեր հարևաններին, ովքեր իրենց բարեկամ-ծանոթներն էին, շատ փող են տվել, չհասկացանք՝ ինչ սկզբունքով: Մեզնից նույնիսկ 10% եկամտահարկ են պահել: Երվանդ Զախարյանն էլ (այն ժամանակ՝ Երևանի քաղաքապետ – խմբ.), առանց ամաչելու, հեռուստատեսությամբ հայտարարեց, որ 1000 դոլար է մեզ տվել: Զախարյանը կարող է ասել, որ արդեն ինքը չի քաղաքապետը, բայց գողին էլ նախկին գողության համար դատում են, չէ՞: Քոչարյանն էլ նախագահը չի հիմա, բայց մեր գումարներով Հունաստանում կղզիներ է առել»,- նկատել է բողոքողներից Լիդա Աբգարյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ արդար փոխատուցում ստանալու 9 տարվա պայքարը արդյունք է տվել 8 բնակարանատերերի համար, սակայն քաղաքապետարանը դադարեցրել է մնացածին փոխհատուցում տրամադրելու գործընթացը: Հանդիպումների ժամանակ բնակարանատերերին և՛ Սերժ Սարգսյանը, և՛ քաղաքապետարանը հորդորել են ավելի «կոնստրուկտիվ» լինել և փոխզիջումների գնալ:
«Մեզ ասել են, որ քանի որ գումար չկա, մենք էլ գնանք զիջումների: Ամեն մեկս առանձին գրել է իր մինիմում ստանալիք գումարը, սակայն ոչ մի պատասխան մինչև հիմա չկա: Համաձայն ենք նվազագույնին, մեզանից ի՞նչ կոնստրուկտիվ լինել են պահանջում, երբ իրենք ոչ մի առաջարկ չունեն»,- ասել է Ծովինար Դավիթյանը: