Երեկ Արմավիրի մարզի Բամբակաշտ գյուղում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, համաձայն պաշտոնական տվյալների, գյուղապետ է ընտրվել Արբակ Եղիազարյանը: Առավոտյան 09:00-ի դրությամբ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, Եղիազարյանի օգտին է քվեարկել 1160 մարդ, նրա մրցակիցը՝ Գոռ Մելիքյանը ստացել է 350 քվե: Նշենք, որ ընտրություններին մասնակցել է 2660 ընտրողների կեսից մի փոքր ավելին՝ 1562:
Բամբակաշատ գյուղում իրավիճակը սրվել էր դեռևս սեպտեմբերի 9-ին, երբ կայացել էին ավագանու անդամների ընտրությունները:
Ինչպես Epress.am-ի զրույցում պատմել էր Գոռ Մելիքյանի եղբայրը՝ Դավիթ Մելիքյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդին՝ Մակար Պետրոսյանը, ընկերների հետ այցելել էր գյուղ և ծեծի ենթարկել Մելիքյանների զարմիկին՝ Արման Մելիքյանին, ով տեղափոխվել էր հիվանդանոց, ապա Գոռ Մելիքյանին սատարող Արման Սարգսյանին: Մելիքյանի խոսքով՝ Պետրոսյանները սատարում են Արբակ Եղիազարյանին:
Ոստիկանությունը միջադեպերի առնչությամբ ձերբակալել էր Կառլեն Ե.-ին և Զոհրաբ Ե.-ին, սակայն ոստիկանություն հայտարարության մեջ նշված չի եղել Մակար Պետրոսյանի անունը:
Վերջինս ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշել էր, որ որևէ առնչություն չունի կատարվածի հետ:
«Ես երբևէ չեմ փորձել բռունցքներով հարցեր լուծել: Իմ ստացած դաստիարակությունը դա ինձ թույլ չի տալիս: Ւնչ վերաբերում է գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքին, ապա ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ», – Գագիկ Շամշյանին ասել էր Պետրոսյանը:
Պատգամավորի որդու խոսքերը Epress.am-ի հետ զրույցում հերքել էր Դավիթ Մելիքյանը, ով ասել էր, որ իր զարմիկի հետ կապված դեպքը տեղի էր ունեցել գյուղի կենտրոնում, և ծեծկռտուքին ականատես են եղել շատ գյուղացիներ: Նրանցից մի կին փորձել է դադարեցնել ծեծը, բղավել է՝ «Ձեր տերը թաղեմ», սակայն ի պատասխան հայհոյանքներ է ստացել:
«Գյուղացիները ճանաչում են Մակարին, պետք լինի, ցուցմունք կտան: Դա նա է եղել», – ասել է Դավիթ Մելիքյանը:
Սեպտեմբերի 14-ին միջադեպին անդրադարձել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ կոչ անելով իշխանություններին արդար քննել դեպքը:
«Ես տիրապետում է այդ դաժան ծեծուջարդի մասին մանրամասների, սակայն առայժմ չեմ ուզում հրապարակել, միայն կոչ եմ անում, որ դատախազությունը նորմալ քննի այս գործը: Կոչ են անում իշխանություններին արձագանք տալ, քանի որ խոսքը գնում է ՀՀԿ-ական պատգամավորի որդու կողմից կատարված հանցագործության մասին: Եթե ոչ, ՀԱԿ-ը հանդես կգա զեկույցներով»,- ասել էր Մանուկյանը:
Նշենք, որ միջադեպից մի քանի օր անց ձերբակալվածներն ազատ էին արձակվել չհեռանալու մասին ստորագրության դիմաց, ապա կրկին ձերբակալվել: