Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի հեղինակած` նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանն առաջարկում էր փոփոխություններ կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում և Հայաստանում նվազագույն աշխատավարձը 72 500 դրամ սահմանել 2013 թվականի հունվարի 1-ից: Այժմ նվազագույն աշխատավարձը կազմում է 32 500 դրամ:
Բագրատյանը հիմնավորում է, որ այդ նախագծի ընդունումով նվազագույն և միջին աշխատավարձերը 4 անգամից 1.8 անգամ կմոտենան միմյանց, և էական բյուջետային ծախսեր չառաջացնելով շեշտակիորեն կպակասեցնեն ստվերային տնտեսությունը:
Դեռ կառավարության նախորդ նիստում է ծրագիրը բացասական եզրակացություն ստացել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի կողմից: Նա ասել է, որ աշխատավարձի բարձրացումը անտանելի ծանր բեռ կլինի բյուջեի վրա, կպահանջի 360 մլրդ դրամ լրացուցիչ ծախս:
Անդրադառանալով կառավարության մերժման հիմնավորմանը՝ Հրանտ Բագրատյանը Epress.am-ի հետ զրույցում, ասել է, որ դա ընդամենը «հիմար տեքստ է»:
«Գրել են, թե միջոցները սխալ են հաշվարկված, թե մեծ գումարներ են պահանջում: Չեն հասկացել, որ դրանով իրենց թակարդն են գցում: Եթե իրենց իբր հաշվարկներն են ճիշտ, ուրեմն չէր կարող միջին աշխատավարձը նվազագույնից չորս անգամ բարձր լիներ: Էդ մասին կխոսենք ԱԺ-ում»,- նշել է Բագրատյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը իր 2012-2017 ծրագրում խոստացել է նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնակի բարձրացում: Նշենք, որ այսօրվա նիստին գործադիրը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձը 35000 դրամ դարձնելու մասին օրենքի նախագծին: