Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով վերջինս պահանջում էր վերացնել հիմնադրամի դեմ Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ գործը հարուցվել է մայիսին՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով:
Վճիռը հրապարակելով՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանն ասել է, որ անփոփոխ է թողնում առաջին ատյանի որոշումը, քանի որ այն հիմնավորված է: Դատարանը նաև անհիմն է համարել բողոքում ներկայացված փաստարկը, թե «Սիվիլիթաս» հիմնադրամի պատիվն ու հեղինակությունը արատավորվել են:
«Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ վճիռը բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարան բողոքը ներկայացվել էր երեկ: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը դատարանին ասել էր, որ դատական գործի և քննիչի հարցադրումների միջև որևէ կապ չկա, ինչը ապացուցում է, որ գործը քաղաքական հետապնդում է «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ:
«Խնդիրն էլ հենց դա է: Եթե մինչև հիմա նվիրատուն և շահառուն ոչ մի պրոբլեմ չունեն, եթե նվիրատուն մինչև հիմա աջակցում է մեզ, ինչ իրավունքով է իշխանությունը մտնում այդ գործի մեջ: Ամեն ինչ կատարվել է օրենքի համաձայն: Այդ փողերի ծախսերը և արդյունքը ամբողջությամբ տեսանելի են», – դատարանին ասել է Ղազարյանը: