Շաբաթ օրը Երևանի «Թումո» կենտրոնում կայացավ «Փոփոխությանն ընդառաջ» (Embracing the change) խորագրով TEDxYerevan 2012 ինքնակազմակերպվող միջոցառումը: Երևանյան TedX-ն ունի TED ընկերության արտոնագիրը և նույն նպատակն է հետապնդում՝ ընտրված բանախոսների ելույթների միջոցով տարածել արժեքավոր գաղափարներ, սակայն այն ինքնակազմակերպվող է և ծրագիրն ամեն երկրում կազմակերպիչներն են ընտրում:
Ինչպես ենթադրում է խորագիրը, այս տարվա բոլոր 15 բանախոսները պատմում էին փոփոխության հետ կապված իրենց փորձառությունից, փոփոխության անհրաժեշտությունից Հայաստանի քաղաքացիների արժեհամակարգում, ապրելակերպում:
Բանախոսների մի մասը ընկերությունների հիմնադիրներ էին, որոնք նորագույն տեխնոլոգիաների նորարարական օգտագործմամբ փոխել են մարդկանց կյանքը, դյուրացրել, օրինակ, գնումներ կատարելը, անհրաժեշտ խորհրդատվություն գտնելը և այլն: Մասնավորապես, բանախոս Պատրիկ Սարգսյանը ներկայացրել է իր հիմնադրած onearmenia.org ծրագիրը, որի նպատակն է թափանցիկ դարձնել սփյուռքահայերի Հայաստանում բարեգործության իրականացումը:
«1991 թվականից ի վեր մեկ միլիոն մարդ է հեռացել երկրից: Մարդկանց մեկ երրորդը գործազուրկ է: Եթե ոչինչ չփոխվի` Հայաստանում մեկ մարդ կմնա մինչև 2058 թվականը: Սրանք վիճակագրագետների տվյալներ են: Մենք onearmenia.org-ը հիմնադրել ենք` մարդկանց օգնելու համար տեսնել փոփոխության հնարավորություն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է ծանր իրավիճակից դուրս գալ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղին բռնելով, քանի որ բնական ռեսուրսները մեր երկրում քիչ են:
«Facing hybridity» խորագրի տակ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի մարդկանց միմյանց հանդեպ ուենցած վերաբերմունքին, հայերի ձուլման վախին է անրդադարձել ամերիկահայ լուսանկարիչ Արա Օշագանը:
Նա Epress.am-ի հետ զրույցում նկատել է, որ 1000 տարի է հայերը չեն դադարում հեռանալ հայրենիքից: Սփյուռքում հայ համայնքները ձևավորվել սկսել են դեռ 1000 տարի առաջ և այդ ընթացքում հայերը չեն վերացել, ձուլվել, ուստի պետք է որ ձուլման վախ չունենանք:
«Չէ որ հայատանցիներն էլ են որոշ չափով հիբրիդներ, նրանք կրում են ռուսական ազդեցությունը, համայքները տարբեր երկներում ևս ունեն այդ երկների կենցաղի ազդեցությունը: Դա բնական է և լավ: Պետք է բաց լինել: Շփման միջոցով մենք հարստանում ենք: Ես միայն Ղարաբաղում տեսա գյուղական միջավայրը պահպանված: Ղարաբաղը կոնֆլիտ է ողջ աշխարհի համար, իրենց՝ բնակիչների համար կոնֆլիկտ չկա: Իմ տպավորությունն այպիսին է»,- ասել է Օշագանը: