Աշտարակում բնակվող Կարապետ Քեշիշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է սեպտեմբերի 23-ի ցերեկը, իսկ երբ շտապ օգնությունը հասցրել է հիվանդանոց, բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել արդեն մի քանի րոպե կլինիկական մահ տարած մարդուն: Հոր հետ կապված պատմության մանրամասները «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացրել է Կարապետ Քեշիշյանի որդին՝ Մանվելը:
Մայրաքաղաքից հրավիրված ռեանիմոբիլի բժիշկը վիճակը գնահատել է ծայրահեղ ծանր, ապրելու հավանականությունը՝ 0 տոկոս:
Մանվել Քեշիշյանի խոսքով՝ Աշտարակի հիվանդանոցում անհրաժեշտ սարքավորումներ չեն եղել ու այնտեղ երկար մնալը վտանգավոր էր:
«Մեր ստորագրությամբ համաձայնում ենք հորս տեղափոխել Երևան: «Քանկոր» բժշկական կենտրոնը համաձայնում է ընդունել նրան», – պատմել է Քեշիշյանը:
Դա, որքան ուրախացնում է հիվանդի հարազատներին, այնքան էլ ապշեցնում է շտապօգնության բժշկին. սրտաբանի հետ հեռախոսազրույցում նա մի քանի անգամ հարցնում է՝ իրո՞ք պատրաստ են ընդունել նման ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդի:
«Ստանալով դրական պատասխան՝ երջանիկ պատահականությամբ հասնում ենք հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշում են սուր ինֆարկտ: Ելքը՝ տեղադրել երեք «ստենտ»: Առաջարկում են տեղադրել ծածկույթովը: Դա, թեպետ թանկարժեք է, բայց ունի առավել մեծ երաշխիքներ: Վստահելով բժշկի խոսքերին՝ միանշանակորեն համաձայնում ենք ու ստորագրում պայմանագիրը, որն այդ պահին այնքան էլ կարևոր չէր թվում: Մեզ համար առաջնայինը բժշկի հետ հուսադրող զրույցն էր, որի ընթացքում ոչ մի անգամ չի զգուշացվել բարձր ռիսկի մասին: Արդյունքում վճարեցինք ընդհանուր 3 միլիոն 746 հազար դրամ: Հաջորդ օրը հայրս գիտակցության չի գալիս. չի ընկալում՝ որտեղ է գտնվում, խառնում է ժամանակագրությունը, հազիվ է ճանաչում հարազատներին: Բժիշկները մեզ հորդորում էին, որ դա 99 տոկոսով անցողիկ է, իսկ ֆիզիկական վիճակը՝ կայուն»,- ասել է Մանվել Քեշիշյանը:
Հիվանդի առողջական վիճակը կեսգիշերին սկսել է կտրուկ վատանալ: Առավոտյան 6-ի մոտակայքում բժիշկը հիվանդանոցում գտնվող հարազատներին հավաստիացրել է, թե ամեն ինչ նորմալ է և ուղարկել է տուն:
«Դրանից հետո հորս վիճակը նորից վատանում է, և, ինչպես ավելի ուշ հավաստիացնում էր սրտաբանը, առանց մեր համաձայնության, տեղադրել են 4-րդ «ստենտը»՝ հիվանդին փրկելու միտումով: Սակայն, հայրս մահանում է առավոտյան ժամը 07:45-ին», – պատմել է Մանվել Քեշիշյանը՝ հավելելով, որ հաջորդիվ բուժկենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը դա որակել է «աբսուրդային երևույթ» ու մահը բացատրել «գերբնական ուժերի ակտիվ ներգործությամբ»:
«Այնինչ, ընդամենը երկու օր առաջ, մինչ երեք հատ «ստենտ» մեր վրա վաճառելը, ապրելու շանսերի բացակայության մասին զգուշացնում էին միայն ռեանիմոբիլի բժիշկները, իսկ «Քանկոր»-ում նախապես չէին զգուշացրել մահվան հնարավոր ելքի մասին»,- պատմել է Քեշիշյանը՝ ՀՀ իշխանություններից խնդրելով հետամուտ լինել անպատասխանատու բժշկությամբ զբաղվող դե ֆակտո բիզնես-կենտրոնների արտոնագրից զրկմանը և դիակից շահույթ ստացող մասնագետներին պատասխանատվության ենթարկելուն:
Epress.am-ը կապվել է «Քանկոր» բժշկական կենտրոնի հետ, որտեղից խոստացել են ավելի ուշ պարզաբանումներ ներկայացնել: