Home / Հայաստան / Հղիության արհեստական ընդհատման խնդիրը. ՀՀ և Արցախի վարչապետերին նամակ են գրել

Հղիության արհեստական ընդհատման խնդիրը. ՀՀ և Արցախի վարչապետերին նամակ են գրել

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններն այժմ կանգնած են ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջև, որում իր մեղքի բաժինն ունի նաև հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի բավական բարձր (Արցախի պարագայում՝ ճգնաժամային) մակարդակը: Այսպես է սկսվում արցախյան «Հանուն կյանքի» նախաձեռնության բաց նամակը, որն ուղղված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին:

Նախաձեռնությունը նշում է, որ 2011 թվականի վիճակագրությամբ Հայաստանում հղիությունների 21.6 տոկոսն ավարտվել է արհեստական ընդհատմամբ՝ կորցնելով 11,963 երեխայի կյանք: Իսկ ահա Արցախի Հանրապետությունում ընդհանուր հղիությունների 28.4 տոկոսն է ավարտվել արհեստական ընդհատմամբ՝ 1,026 կորստի դեպքով:

«Ուշագրավ է, որ դրանք միայն պաշտոնական թվեր են, որոնք չեն ներառում տարբեր գնահատականներով զգալի թիվ կազմող չվերահսկվող դեպքերը: Հաշվի առնելով վերոնշյալ մտահոգիչ տվյալները մեր ժողովրդագրության համար, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատում կատարող կանանց առողջությանը հասցվող լուրջ (ոչ քիչ դեպքերում նաև մահացու) հետևանքները և խնդրի բարոյական տեսանկյունը՝ կոչ ենք անում Ձեզ ավելի մեծ ուշադրություն դարձնել հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի մակարդակը իջեցնելու վրա: Որպես առաջնահերթ կարճաժամկետ գործիքներ՝ Ձեզ առաջարկում ենք կատարել հետևյալ քայլերը.

1.         ՀՀ-ում և ԱՀ-ում համապատասխան իրավական ակտերով պարտադիր դարձնել հղիության արհեստական ընդհատումից առաջ տվյալ քայլին գնացող ամուսինների (առնվազն չծնված երեխայի մոր) հետ հոգեբանական ու բացատրական զրույցը, ինչպես նաև այդ զրույցից հետո 2-3 օրվա տրամադրում վերջնական որոշում կայացնելու համար:

2.         ՀՀ-ում և ԱՀ-ում համապատասխան իրավական ակտերով հունիսի 1-ը հռչակել նաև չծնված երեխաների պաշտպանության օր՝ դրանից բխող համապատասխան բացատրական-քարոզչական ակցիաների կազմակերպման աջակցմամբ:

Համոզված լինելով, որ վերոնշյալ քայլերի իրագործումը մեծ ջանքերի ու ռեսուրսների հետ չէ կապված՝ ակնկալում ենք դրանց հնարավորինս արագ իրագործում, ինչը, սակայն, բավարար չէ ցանկալի արդյունքների հասնելու համար: Այդ պատճառով Ձեզ կոչ ենք անում ստեղծել այդ հարցով զբաղվող կառավարական հանձնաժողովներ, որոնք կմշակեն և կյանքի կկոչեն հղիության արհեստական ընդհատման դեպքերի նվազման գործողությունների ռազմավարական ծրագրեր», – նշում է «Հանուն կյանքի» նախաձեռնությունը:

Նշենք, որ Եվրամիության և ՄԱԿ-ի կառույցները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են խնդիրը, որը հատուկ է ինչպես Հայատսանին, այնպես էլ տարածաշրջնին:

Մասնավորապես, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից նախորդ տարի պատրաստած զեկույցում նշվում է, որ հղիության արհեստական ընդհատումների շարքում մեծ թիվ են կազմում սեռով պայմանավորված աբորտները՝ Հայաստանում գերադասում են հրաժարվել աղջիկներից: