Դատապարտյալների հիվանդանոցից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված զինծառայող Սուրեն Կիրակոսյանն ունի մի շարք առողջական խնդիրներ ու այժմ գոյատևում է տարբեր դեղամիջոցների հաշվին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Սուրենի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը, ով շեշտել է, որ երկրորդ՝ 42 օր տևած հացադուլից գրեթե ամբողջությամբ քայքայվել է Սուրենի օրգանիզմը: Հիշեցնենք, որ զինծառայողը հունիսի 12-ին դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման զորամասը լքելու համար ու որպես բողոքի նշան հացադուլ էր հայտարարել:
«Եթե դեղերը չլինեն, չգիտեմ՝ ի՞նչ է անելու, ամբողջ ատամները փչացել են, լնդերը քայքայվել, ստամոքսի ու մարսողության խնդիրներ ունի, լեղաքարային հիվանդություն, միկրոկարդիտ դիստրոֆիա, խրոնիկ բրոնխիտ, խրոնիկական գաստրիտ, արտաքին թութք, ու սրանք հայտնաբերվել են «Դատապարտյալների հիվանդանոցում» հետազոտություն անցնելուց հետո»,- նշել է Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ այս ամբողջը հայտնաբերելուց հետո հիվանդանոցում ասել են, որ Սուրենի վիճակը կարգավորել են ու 25 օր հետո տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
«Լավ է՝ գոնե Առողջապահության նախարարությունը մարսողությունն ու նյարդերը կարգավորող անվճար դեղեր է տրամադրում: Անընդհատ Սուրենս հարց է տալիս, ասում է՝ «մամ, ինչո՞ւ պիտի իմ հետ նման բան լիներ, նրա համար, որ գնացի ծառայության, մեղքս էն ա, որ ես հիվա՞նդ էի, թե որ սպորտսմեն տղա էի, հիմա էսպես թուլացել եմ», – պատմել է Կիրակոսյանը:
Մոր խոսքով՝ որդուն կազդուրվելու համար Սուրենին դիետիկ սնունդ ու հատուկ է խնամք է հարկավոր:
«Պաշտպանության նախարարն հայտարարում է՝ «մեր բանակին հիվանդ զինվոր պետք չէ» ու հիվանդ զինվորին բուժելու փոխարեն տարան հոսպիտալ պտտեցրին, հիմա էլ կալանվորեցին: Բանից դուրս եկավ, որ ես տղա ունեցա, պահեցի, մեծացրի, որ հայրենիքին ծառայի, պարզվում է, որ դարձրին կալանավոր, ինքն էլ՝ անառողջ», – բողոքել է մայրը՝ շեշտելով, որ պատկան մարմիններին ուղղված իր բոլոր դիմումները մինչ օրս մնացել են անպատասխան:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի դատարանի վճռից հետո մեղադրվող կողմը դիմել է Վերաքննիչ դատարան, սակայն բողոքը դատարանը մերժել է:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը ավելի վաղ Epress.am-ին պատմել էր, որ Կիրակոսյանին բանակ կարելի էր տանել միայն նրան բուժելուց հետո. տղան տառապել է սնկախտով:
Իրավապաշտպանի խոսքով՝ ծառայության ընթացքում էլ զինվորը բուժում չի ստացել, և զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Պաշտպանական կողմը դրանով է բացատրում տղայի փախուստի դիմելը: Նրան՝ մեկ տարի 27 օր փնտրելուց հետո (որից 5 ամիսը զինծառայողը տանն է անցկացրել) հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար:
Շուրջ մեկ տարի «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող զինծառայող Կիրակոսյանն առաջին հացադուլը հայտարարել էր ապրիլին, որը տևել էր 52 օր:
Կիրակոսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած նամակում նշել է, որ իրեն մեղսագրվող արարքը կատարել է դրդված, քանի որ, ունենալով լուրջ առողջական խնդիրներ, զորամասում բուժում չի ստացել, ներկայումս էլ չի ստանում բուժում մեկուսարանում: