Քաղբանտարկյալ, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կարդացել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի՝ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի գործին վերաբերող հայտարարությունը և մի քանի հարց ուղղել դեսպանին: Հարցերը բանտային փոստով նա ուղարկել է ԱՄՆ դեսպանատուն, ինչպես նաև իր ընկերների միջոցով փոխանցել է ԶԼՄ-ներին:
«Կարդացի ձեր մտահոգությունը պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ: Ձեզ փաստորեն դիմել են` դիրքորոշում հայտնելու համար: Հաղորդագրության մեջ պարզ չէր` ով կամ ովքեր են դիմել:
Պարոն դեսպան, եթե կարելի է` Ձեզ մի քանի հարց ուղղեմ:
1.Ովքեր են դիմել Ձեզ, և արդյո՞ք ես իրավունք ունեմ իմ և նույն դատավճռով ազատազրկման դատապարտված իմ ընկերների անունից դիմել Ձեզ և ակնկալել Ձեր դիրքորոշումը: Մեր նկատմամբ կատարվել են բռնություններ և շինծու մեղադրանքների արդյունքում դատապարտվել ենք 2-6 տարվա ազատազրկման:
2.Պարոն դեսպան, չմեկնաբանելով և որևէ դիրքորոշում չհայտնելով մեզ առնչվող հանրահայտ դատավարությանը, չե՞ք կարծում, որ դա վատ է ԱՄՆ-ի և իր ներկայացուցչության հեղինակության համար հենց արդարադատության և ժողովրդավարության ընտրովի մեկնաբանման տեսակետից:
3.Արդյո՞ք անհանգստացնող չէ այս դատավճիռը ընտրություններից առաջ:
4.Պարոն դեսպան, եթե դիրքորոշում հայտնելու համար բավարար տեղեկատվության չեք տիրապետում, առաջարկում եմ Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին` հանդիպել ինձ», – գրել է Տիգրան Առաքելյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանին` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա: Այս պահին անազատության մեջ է միյան Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երեք ակտիվիստների նկատմամբ կալանքը կկիրառվի վերջնական վճիռը ուժի մեջ մտնելուց հետո: Ակտիվիստներին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ:
Մեղադրանքն առաջադրվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այդ օրը Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը: Հետագայում երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, իսկ մյուս երեքի գործը կարճվել էր: